
«Jedem das seine» այս արտահայտությունը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Ամեն մեկին իրենը»: Այս արտահայտությունը տեսել են բոլորը, ովքեր երբևէ եղել են այստեղ:
Բուհենվալդը Վեյմարի մոտակայքում գտնվող համակենտրոնացման ճամբար էր:
Այն սկսել է գործել 1937թ.-ի հուլիսի 19-ին՝ որպես հանցագործների ճամբար, բայց շուտով այստեղ սկսեցին ուղարկել քաղբանտարկյալներին: 1938թ.-ի հունիսին Բուհենվալդ ժամանեց բանտարկյալների մի խումբ, որը բաղկացած էր միայն հրեաներից: 1938թ.-ի ամռանը Բուհենվալդ տեղափոխեցին 2200 ավստրիացի հրեա և նույն թվականին «Բյուրեղային գիշերից» հետո (հրեաների դեմ իրականացված մասսայական ֆիզիկական բռնության առաջին ցույցը Երրորդ Ռեյխի տարածքում 1938թ.-ի նոյեմբերի 9-10-ը): Բանտարկված հրեաների թվաքանակը երկու անգամ ավելացավ: 1939թ.-ի գարնանը հրեաների մեծամասնությունն ազատ արձակվեց, սակայն նրանց զրկել էին սեփականությունից և ստիպել էին լքել Գերմանիան: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հետո բանտարկյալ հրեաների թիվը կրկին բարձրացավ:
Այստեղ ժամանող խորհրդային զինվորներին միանգամից սպանում էին: 1942թ.-ի սկզբից Բուհենվալդում կառուցվել էին ռազմական արտադրանք ստեղծող գործարաններ: 1942թ.-ի հոկտեմբերի 17-ին բոլոր հրեաները, բացի 200 քարագործից, Բուհենվալդից հանձնվեցին Օսվենցիմ: 1944թ.-ի հոկտեմբերի 6-ին բանտարկյալների թիվը հասել էր իր սահմանագծին՝ 89.143 բանտարկյալ:

1944թ.-ի վերջին, Գերմանիայից նահանջելով դեպի արևելք գտնվող օկուպացված տարածքներ, գերմանացիները սկսեցին տարհանել այնտեղ գտնվող ճամբարները և հազարավոր բանտարկյալներ, որոնց թվում էին նաև հազարավոր հրեաներ, հանձնվեցին Բուհենվալդ, որտեղ գրեթե բոլորը մահացան: 1945թ.-ի ապրիլին պաշտպանական ջոկատները ճամբարից մի քանի հազար հրեա տարհանեցին, բայց 1945թ.-ի ապրիլի 5-ին նախանշված մասսայական տարհանումն այդտեղ էլ հնարավոր չեղավ կատարել: Բուհենվալդի գոյատևման վերջին շաբաթներին այնտեղ ստեղծվել էր ստորգետնյա զինված կազմակերպություն: Երբ 1945թ.-ի ապրիլի 11-ին Բուհենվալդ մտան ամերիկյան զորքերը, զինված կազմակերպությունն արդեն վերահսկողություն էր սահմանել ճամբարի վրա: Ճամբարի հիմնադրման առաջին օրվանից մինչև վերջին օրը 238.380 բանտարկյալից մահացել կամ սպանվել էր 56.549-ը:
1958թ.-ին բացվեց թանգարան:
Անցնել Բուհենվալդն ու կենդանի նմալ. Պետրոգրադցին հրաշքով կարողացել էր ողջ մնալ

Ապրիլի 11 ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Ֆաշիստական ճամբարներից բանտարկյալների ազատման օր: Որոշ մարդիկ մինչ օրս ողջ են և կարողացել են պատմել իրենց տառապանքների մասին: Պետրոգրադցի Լեոնիդ Մայորովը պատմել է Բուհենվալդում անցկացրած երեք տարիների մասին: Նա կիսվել է իր հիշողություններով և պատմել, թե ինչ է նշանակում լինել ֆաշիստների բանտարկյալ:
«Օ, Բուհենվալդ, ես քեզ երբեք չեմ մոռանա, դու իմ ճակատագիրն ես դարձել!»: Գերմանական երգի բառերը Լեոնիդ Մայորովը հիշում է նույնիսկ 65 տարի անց: Եվ դա զարմանալի չէ, քանի որ Բուհենվալդի օրհներգի բառերը կամ երաժշտությունը սխալ արտաբերելու համար բանտարկյալներին դաժանորեն ծեծի էին ենթարկում: Բուհենվալդում նրան անվանում էին «բանտարկյալ №3258»:

Մայորովը ծնվել է Պետրոգրադում: Երբ սկսվեց պատերազմը, նա ծառայում էր արևմտյան Բելառուսիայի զորքերում: Իսկ պատերազմի սկզբից չորս օր անց ջոկատը լիովին ջախջախվեց: Մայորովը հայտնվեց գերմանացիների մոտ:
«Ես «բնիկ» բուհենվալդցիներից եմ,- իր մասին պատմում է 88-ամյա Մայորովը,- ես այնտեղ անցկացրել եմ երեք տարի՝ 1942թ.-ի մայիսից մինչև 1945թ.-ի ապրիլը, երբ ճամբարի բանտարկյալները ապստամբություն էին բարձրացրել և կարողացել ազատվել: Այդ պատճառով ճամբարի կյանքի մասին ամեն ինչ գիտեմ»:

«Քեզ, սրիկա, ես նույնպես գնդակահարելու եմ!»
Խորհրդային բանտարկյալները ամենավտանգավորներից մեկն էին: Նրանց հատուկ նշում էին կարմիր շրջանով և թևքի վրա «R» տառ գրում. դա նշանակում էր «ռուս»:
Կարմիր շրջաններով բանտարկյալներին քայլող նշանակետ էին անվանում: Յուրաքանչյուր պաշտպանական ջոկատի զինվոր կարող էր կրակել նրանց վրա՝ առանց որևէ զգուշացման:

Լեոնիդ Մայորովը գրեթե միանգամից «նշանակետ» դարձավ՝ ճամբարից անհաջող փորձ կատարելուց հետո: Բուհենվալդում փախուստի փորձ կատարածները ողջ չէին մնում:
«Ես մի քանի անգամ մահվան եզրին եմ եղել,- պատմում է Մայորովը,- իմ հետ ճամբար ժամանած ընկերներից գրեթե ոչ ոք ողջ չի մնացել: 100 մարդուց կենդանի կարողացել են մնալ միայն 11-ը: Բուհենվալդի տնօրենը հպարտ էր, որ իրենց ճամբարում չկային գազի կամերաներ, իբրև թե նրանցը «մարդասիրական» է, բայց միևնույնն է, մարդիկ իրար ետևից մահանում էին»:
Ճամբարում կարող էին վնասել կամ սպանել յուրաքանչյուր մեղավորության համար, օրինակ, նշված ժամից դուրս ծխած ծխախոտի համար:

«Մի անգամ մենք ավլում էինք ճամբարի ճանապարհները,- հիշում է Մայորովը,- մառախուղ էր, տհաճ եղանակ: Մեր կողքով մեքենայով անցավ պարետի տեղակալը: Նա հանկարծակի դուրս նետեց դեռևս ծխացող ծխախոտի մնացորդը, և մենք միագամից վերցրեցինք այն և թաքնվեցինք պատի ետևում: Դժբախտաբար, նա շուտով վերադարձավ և տեսավ մեզ մատնող ծուխը: Մեզ՝ երեք բանտարկյալներիս, շարք կանգնեցրեց, մի թղթիկի վրա գրանցեց մեր համարները, և անձամբ ինձ ասաց. «Իսկ քեզ, սրիկա, ես անկասկած գնդակահարելու եմ»: Մի ամբողջ շաբաթ ես նույնիսկ հանգիստ շնչել չէի կարողանում, անընդհատ սպասում էի, որ պետք է գան ինձ տանեն, բայց բա՞խտն ինձ ժպտաց, թե պարետն էր այդ թղթիկը կորցրել, թե սպառնացել էր մեզ միայն վախեցնելու համար... Մեզ այդպես էլ չգնդակահարեցին»:
Տիֆի դեմ դեղահաբերը փորձարկում էին բանտարկյալների վրա
Բայց դժբախտությունը չի անցել խորհրդային զինվորի կողքով: Պաշտպանական ջոկատի զինվորները կոտրել էին Մայորովի ողնաշարը: Երբ նա աշխատում էր քարհանքում, պահակազորը որոշում է մրցում կազմակերպել, և փայտերով զինված զինվորները բանտարկյալին քշում են զինվորների շարքերի միջով: Ի դեպ, բանտարկյալը պետք է նաև ծանր քարը քարշ տար և իրավունք չուներ այն գցել ձեռքերից: Եթե զոհն ընկնում էր, ապա ֆաշիստները սկսում էին ոտքերով ծեծել նրան: Երբ նրանք որոշեցին, որ մահացածին անիմաստ է ծեծել, Մայորովին տարան հոսպիտալ՝ մյուս մահացածների մոտ:

«Ինձ փրկեց հոսպիտալի բժիշկ բանտարկյալ լեհ Ֆրանցը,- հիշում է Լեոնիդ Կոնստանտինովիչը,- նա նկատել էր, որ ես ողջ եմ, և կես ամիս հոգ էր տանում իմ մասին»:
Ողնաշարի կոտրվածքից հետո նա անհավանական կերպով նիհարել էր, և դարձել 41 կգ:
«Ես նման էի կմախքի,- ասում է նա,- եթե ինձ չտեղափոխեին ավելի թեթև աշխատանքի, ես անկասկած կմահանայի: Բայց իմ նիհարությունը ինձ օգնեց, քանի որ ինձ չուղարկեցին 50-րդ բաժին, որտեղ գտնվում էր «հիգիենայի ինստիտուտը»:

Այնտեղ ֆաշիստական բժիշկները տիֆի դեմ դեղորայք էին փորձում ստանալ: Նրանք փորձարկումների համար ընտրում էին մյուսների համեմատ ավելի գեր բանտարկյալներին: Նրանց վրա ոջիլ էին դնում, որը և հիվանդության տարածողն էր, իսկ հետո բուժում էին հիվանդին: Եթե մարդ կարողանում էր այդ «բուժումից» հետո ողջ մնալ, նրա ետ ճամբար էին տանում: Բայց մի քանի օր հետո ինչ-որ գործողության համար սկսում էին հանդիմանել և ծեծելով սպանում էին. հիվանդը կարող էր իմանալ տիֆի դեմ դեղորայքի բաղադրատոմսը, իսկ դա պետական գաղտնիք էր:
Բացի այդ, ոջիլները ոչ միայն հիվանդություն կրողներն էին, այլև անցաքարտ դեպի «դրախտային» կյանք: Դրա համար կարող էին անգամ մի կտոր հաց տալ:

«Գերմանացիները շատ էին վախենում համաճարակներից և խիստ հետևում էին կարգուկանոնին,- պատմում է Լեոնիդ Կոնստանտինովիչը,- ամեն շաբաթ օր բոլոր բանտարկյալները շարք էին կանգնում, իսկ հատուկ հերթապահը զննում էր նրանց՝ ոջիլ ման գալով. եթե գտնում էին, ապա բանտարկյալին մեկ շաբաթով կարանտինային բաժանմունք էին ուղարկում:
Բազմաթիվ բանտարկյալներ չէին ցանկանում նստել և սպասել, թե նրանց երբ են գնդակահարելու կամ փորձարկումների տանելու: Նրանք ստորգետնյա կազմակերպություններ էին կազմում, որն ապստամբություն էր պատրաստում: Բոլոր կազմակերպչական աշխատանքները մոտ երկու տարի գաղտնի էին վարվում: Զենքեր էին հայթայթվում, գործողությունների պլան էր մշակվում: Ակտիվիստների շարքերում էր նաև Լեոնիդ Մայորովը:

«Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն արդեն ավարտին էր մոտենում, Բուհենվալդի կառավարությունը հրաման էր ստացել ճամբարը ոչնչացնելու համար: Դա պլանավորվում էր կատարել 1945թ.-ի ապրիլի 11-ին՝ ժամը հինգին, բայց ցերեկը ժամը երեքին մենք սկսեցինք ապստամբությունը: Բանտարկյալները վազեցին փշոտ մետաղալարերի մոտ, որոնց միջով հոսանք էր անցկացրած: Ինչով որ կարող էինք, այն սկսեցինք կորտել: Արդյունքում պատնեշը հնարավոր եղավ կոտրել երեք հատվածներում, և բանտարկյալները դուրս պրծան ճամբարից: Պաշտպանական ջոկատների զինվորները, տեսնելով հազարավոր մարդկանց, անմիջապես որոշեցին հեռանալ»:

Մայորովը շատ երկար ճանապարհով հասավ տուն՝ ոտքով հատելով մի քանի երկիր: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ճամբարների բանտարկյալներին գրկաբաց չէին ընդունում: Երիտասարդին նույնիսկ թույլ չտվեցին շարունակել ուսումը: Բուհենվալդում անցկացրած տարիներն անջնջելի հետք թողեցին Մայորովի կյանքում:
«Դեռ այնպիսի տարի չի եղել, որ ես չնշեմ ապրիլի 11-ը,- ասում է Լեոնիդ Մայորովը,- նախկինում Լենինգրադում շատ բուհենվալդցիներ կային, իսկ հիմա միայն ես եմ ողջ մնացել: Բայց մենք երդում ենք տվել, որ պայքարելու ենք ֆաշիզմի դեմ, քանի դեռ երկրի վրա նույնիսկ մեկ նացիստ կա»:
Բուհենվալդի նախկին բանտարկյալի ներդրումը ֆաշիզմի պայքարի մեջ նրա գիրքն է՝ «Էջեր չգրված նոթատետրից», որտեղ Մայորովը նկարագրել էր ճամբարում տեղի ունեցած սարսափները: Իսկ հրատարակվել է այն Գերմանիայից ուղարկված գումարով, որը տրամադրել են՝ որպես ճամբարում բանտարկված լինելու փոխհատուցում:
Բուհենվալդի ճամբարի զորանոցի առջև նստած բանտարկյալը ջուր է խմում:

Բուհենվալդ կենտրոնացման ճամբարի բանտարկյալը բարաքում:

Խորհրդային զինվորը ամերիկյան զորքերի կողմից ամբողջական ազատագրումից հետո մատնանշում է իրեն ծեծի ենթարկող պահակներից մեկին:

Բուհենվալդ ճամբարի բանտարկյալները: Նրանց միջին քաշն այս նկարում կազմում էր 30 կգ:

Վեյմար քաղաքի բնակիչները նայում են մահացած բանտարկյալներին: Ամերիկացիները այդ քաղաքի բնակիչներին ճամբար էին բերել, որոնցից շատերը պնդում էին, թե տեղյակ չէին ճամբարի գոյության մասին:

Ճամբարի բանտարկյալների մարմինները, որոնք պատրաստվում են այրել դիակիզարանում:

Նրանց մասունքները դիակիզարանում հայտնաբերվել էին ամերիկացի զինվորների կողմից:

Ամուսնական մատանիները, որոնք ամերիկյան զինվորների կողմից հայտնաբերվել են Բուհենվալդում՝ 1945թ.-ի մայիսի 5-ին:



