Aravot.am-ը գրում է.
«Գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը այսօր Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են». այսպիսի համոզման են եկել «Աճի հրամայականը եւ խոչընդոտները» թեմայով Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի հեղինակները՝ վերլուծելով մեր երկրի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները: Զեկույցը պատրաստվել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից:
Զեկույցի մասնագետները գտնում են, որ ՀՆԱ-ի աճի մակարդակը չափազանց բարձր դերակատարում ունի. տարեկան աճի տեմպի նույնիսկ 0.1% փոփոխությունը կարող է մեկ տարով հետաձգել նպատակային ցուցանիշների ապահովումը: Ըստ նրանց՝ եթե 7% միջին տարեկան աճի դեպքում թիրախային վիճակին հնարավոր է հասնել 10 տարում, ապա ՀՆԱ-ի 10% աճը նույն արդյունքները կարող է ապահովել մինչեւ 2016 թվականը: Զեկույցի հեղինակները հաշվարկել են եւ պարզել, որ Հայաստանի տնտեսության ներկայիս աճի տեմպի պարագայում՝ 3-4%, տնտեսությունը թիրախային վիճակին կհասնի 2040 թվականին: Մինչդեռ տնտեսության աճի տարեկան 9.6% տեմպով 2016 թվականին կունենայինք ընդամենը 6% գործազրկություն եւ 0% զուտ միգրացիայի ներուժ:
Նշենք, որ 2013թ.-ի տարեվերջին, պաշտոնական տվյաներով, գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 16,2%: Մասնագետների վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանի տնտեսության առանցքային սահմանափակումներից է մարդկային կապիտալի զարգացման ցածր որակը. «Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի հետ կապված խնդիրներն արմատապես կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող եւ ներկայիս կրթական համակարգի կողմից փաստացի առաջարկվող աշխատուժի որակների միջեւ էական ճեղքվածք կա»,- ասված է զեկույցում:
«Աճի հրամայականը եւ խոչընդոտները» խորագրով զեկույցում մի մեծ հատված հեղինակները վերլուծում են միգրացիայի եւ ժողովրդագրական խնդիրները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ուսումնասիրությունները: Ըստ նրանց՝ թիրախային վիճակին հասնելու ժամանակահատվածը երկարաձգելու գինը միգրացիայի հավելյալ հոսքն ու ժողովրդագրական վիճակի վատթարացումն է, ինչը վտանգում է հետագա տնտեսական զարգացումն ու սրում ազգային անվտանգության հիմնահարցերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



