Նայելով անդարձ կորստյան մատնված մեր արդյունաբերական ձեռնարկություններին, աղքատության շեմը հատած հարյուր հազարավոր ընտանիքների առկայության պարագայում նույնքան հեկտարներ անմշակ և դեգրադացված վարելահողերին, ցամաքող ջրերին, ճահճացող լճերին, հատվող անտառներին, կոպեկներով ծախված ընդերքի հարստություններին ու նրանց շահագործման հետևանքով հայրենի բնությունը մի ժանտահոտ աղբանոցի վերածվելուն, պարապ-սարապության մատնված և ստիպողաբար դրսերում աշխատանք փնտրող մեր ազգաբնակչությանը, հազարամյակների ընթացքում նմանը չունեցող ազգիս հոգևոր-բարոյական անկման աստիճանին՝ աներկբայաբար գալիս ես մեկ եզրակացության. Պետականաշինության հարցում մենք թույլ ենք տվել և այժմ էլ շարունակում ենք թույլ տալ կոպտագույն սխալներ, որոնք դանդաղ, սակայն անդառնալիորեն երկիրը տանում են կործանման՝ ժողովրդիս մատնելով վերջնական անէացման:
Այս ծանրագույն վիճակում հայտնվելու խորքային պատճառները որոնելու փոխարեն ազգովի ընկած մեղավորներ ենք փնտրում՝ արդյունքում միշտ հանգելով միևնույն եզրակացությանը. Մեղավոր են գործող իշխանավորները և ամեն բան կփոխվի դեպի լավը, եթե ՍՐԱՆՔ փոխարինվեն ավելի ազնիվ, «ժողովրդի ծոցից ելած» մարդկանցով…
Ահա արդեն քսան տարի է, ինչ մենք, ինչպես սկյուռն իր անվավանդակում, անարդյունք պտտվում ենք նույն շրջանում, քանզի բոլոր իշխանափոխությունների արդյունքում, իշխանության եկած «արդարության մարտիկները» արագորեն սրիկայանում, իսկ իշխանությունից զրկված տականքներն ու թալանչիները մետամորֆոզվում են «լույսի զինվորների»:
Այս քսան տարիների ընթացքում, մի՞թե չգտնվեց մեկը, մի ուժ, ով ազնիվ ու բարոյական լինելով հանդերձ, կարողանար կանխել գահավիժումը և ելք գտներ ստեղծված վիճակից… Լավ, ազգիս արգանդը ցամաքել է և այստեղ չեն ծնվում այդպիսիները, սակայն նայենք շուրջներս… Չէ որ ողջ պոստսովետական տարածքներում, Արևելյան Եվրոպայի երկրներում, քիչ ավելի, կամ պակաս, նույն պատկերն է տիրում. քայքայված տնտեսություններ, ալան-թալանով զբաղված իշխանություններ, բարոյալքված, իրենց երեխաների ապագան մարմնավոր բարգավաճության ու ճոխությունների, միայն շատ «հացի» մեջ տեսնող և իշխանավորափոխության մասին երազող ժողովուրդներ:
Եվ այս ամեն տեսնելուց հետո, մեզանում անգամ հարց չի առաջանում այն մասին, թե գուցե գոյություն ունեցող արատավոր երևույթների, տարիներ շարունակ անընդհատ խորացող և չշտկվող այլանդակությունների, վերջապես մեր այս աղետալի վիճակի բուն պատճառներն առանձին անհատներից, գործընթացներն իրականացնողներից չեն կախված, գուցե մեր կողմից որդեգրված և մարդու նյութական բարեկեցությունն ու ունեցվածքը, գլխավորապես մարմնավոր կարիքների բավարարումը որպես գերագույն նպատակ հայտարարված արժեքային համակարգն է այս ամենի պատճառը, գուցե կաշառակերությունը, ոչ թե մարդկանցից է գալիս, այլ ընտրված արժեհամակարգի հիմքն է հանդիսանում, գուցե արժեքային համակարգն ինքն է հենց «հրեշներ ծնող», գուցե մեր ընտրած ուղին բոլորովին էլ ընտրած չէ, այլ անուղղակիորեն պարտադրված է, այն սխալ է ու մարդկանց դեգրադացնող, գուցե միլիարդներ արժեցող, ծախսը երբեք չհանող անտրամաբանական ծրագրեր իրականացնելու փոխարեն հնարավորինս ինքնաբավ տնտեսություն է պետք կառուցել, գուցե նվազագույն ջանքերով, լինի դա զբոսաշրջության, ծառայությունների մատուցման, բանկային-վաշխառուական համակարգի զարգացման միջոցով երկիր պահելու և զարգանալու մարմաջը պիտի փոխարինվի լուրջ, կշռադատված ու չափված, անպայմանորեն ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ փոփոխություններ ենթադրող, անգամ կյանքի նկատմամբ ազգաբնակչության վերաբերմունքը վերաիմաստավորելուն ուղղված, մարդկանց հոգեբանությունը սպառողականից ստեղծագործականի շրջող մոտեցումներով ու ծրագրերով…
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի գտնվեն անհապաղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/482520661873375?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել