Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ն հուսով է, որ առաջիկա օրերին ու շաբաթներին կհաջողվի լիցքաթափել Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցության համար միջոցների հանգանակության միջոցառմանը:
«Մեզ գուցե հաջողվի առաջիկա մի քանի օրերին ու շաբաթներին հասնել լարվածության ապաէսկալացման,-ասել է նա:-Բայց իրադրությունը լուրջ է, և մենք շատ ժամանակ ենք հատկացնում դրան»:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Օբաման վերստին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ղրիմում Ռուսաստանի գործողությունները դիտում է որպես «միջազգային օրենսդրության արմատական խախտում»:
Իր հերթին Կիև այցելած ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի տարածք զորք մտցնելու համար պատրվակ ստեղծելու փորձի մեջ:
Քերին այցելել է այն վայրերը, որտեղ սպանվել էին Կիևում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցները: Նա վարդեր է դրել և մոմեր վառել զոհվածների հիշատակին:
«Եթե Ռուսաստանը չչափավորի իր եռանդը և երկխոսություն չսկսի Ուկրաինայի կառավարության հետ, ապա մեր գործընկերներին այլ ընտրություն չի մնա, քան միանալ մեզ և ընդլայնել քաղաքական, դիվանագիտական և տնտեսական գործընթացներում Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված միջոցները, որոնք ձեռնարկվում են մեր կողմից: Մենք չենք ձգտում դրան, բայց Ռուսաստանի քայլերը կարող են մեզ այլ ընտրություն չթողնել»,-հայտարարել է նա:
Մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Ինչպես հաղորդել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը, «գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ներկայիս ճգնաժամի դիվանագիտական կարգավորման խիստ անհրաժեշտությունը»:
Նա նաև խրախուսել է Ուկրաինայի ներկայիս իշխանություններին` «ծավալվող իրադարձություններին կշռադատված պատասխանի» համար:



