Tert.am-ը գրում է.

Ինչպես Ջուզեպպե Գարիբալդին, այնպես էլ Վազգեն Սարգսյանը իր մարտական ընկերների համար կմնա որպես մի թանկ հասկացություն և անմոռաց մեր բոլորի հիշողության մեջ։ Արցախյան ազատամարտի մասնակից, գրականագետ Վարդան Դևրիկյանը սպարապետի ավանդն այսպես բնութագրեց և ընդգծեց, որ ժողովրդական ակունքների մեջ է նրա հմայքը, որի շնորհիվ էլ հավատ ձևավորվեց նրա անձի նկատմամբ:

 «Վազգենի յուրահատկությունն այն էր, որ միաժամանակ թե՛ նախարարությունում էր, թե՛ սիրում էր զորակոչիկների հետ ռազմաճակատ տեղափոխվել: Ժողովուրդն ամենից շատ գնահատում է նրա նվիրվածությունը»,- ասաց նա:

Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է այսօր: Նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարարն այսօր կդառնար 55 տարեկան: Վազգեն Սարգսյանը եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատի հրամանատարը, (1990-1992թթ), «Միասնություն» դաշինքի համանախագահը։ Արժանացել է ՀՀ ազգային հերոսի, Արցախի հերոսի կոչման։ «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ է։ 1999-ի հոկտեմբերի 27-ին նա ԱԺ դահլիճում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձավ:

Իսկ թե ինչու Վազգեն Սարգսյանը ժողովրդի կողմից ստացավ սպարապետի կոչումը, Վարդան Դևրիկյանը նշեց, որ Արցախյան պատերազմի օրերին Հայաստանը նոր էր ձևավորվում որպես պետություն և չուներ բանակ. Վազգեն Սարգսյանը բոլոր դժվարություններն իր վրա վերցրեց:

«Օրինակ՝ վաղը մյուս օրը, եթե պատերազմական գործողություն լինի, մենք պաշտպանության նախարարին սպարապետ չենք ասի: Ոչ թե նրա համար, որ նա իր որակական հատկանիշներով զիջում է, այլ պարզապես այսօրվա ժամանակում, երբ կայուն ձևավորված պետություն ու բանակ ունենք, արդեն բոլորն իրենց տեղերում են՝ համապատասխան պաշտոններ և պատասխանատվություններ ունեն: Դրա համար, երբ ես Վազգեն Սարգսյանի հիշատակին հոդված էի գրել, գրել էի, որ Աստված չանի, որ մենք երբևէ նորից սպարապետի կարիք ունենանք»,- ասաց նա և ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի նման կերպարների ժամանակն է ծնում:

Ներքին գործերի նախկին փոխնախարար Սուրեն Աբրահամյանը, ով Վազգեն Սարգսյանի ընկերներից է եղել, բնութագրեց վերջինիս իբրև «սոսկալի» կոլորիտային մարդ:

«Վազգենն իր էությամբ մոմի խորհուրդ ուներ: Ինքը վառվում էր, շրջապատին լույս էր տալիս, մեջը սրբություն կար, իր սկսած գործի խանգարողների թևերն էր այրում և ինքն էլ այրվում էր՝ շրջապատին լույս տալով: Ինքը շատ էր կարևորում երկրի միասնականությունը, որովհետև մեր բոլորիս հաջողությունները եղել են միայն այն ժամանակ, երբ մենք մեր ուժերին ենք հավատացել ու ազգովի համախմբվել ենք»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել