Սպարապետ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականին՝ Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 

Որպես ռազմական և պետական գործիչ` ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում: 1989թ-ից Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները և մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը: 1990-94թթ կազմակերպել և ղեկավարել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերը: 1992թ. արցախյան գոյապայքարի ծանր օրերին հեռուստակոչով կազմավորել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակը (շուրջ 500 հոգի), որի ջոկատները կռվել են Մարտակերտի և այլ շրջանների ազատագրական մարտերում:

1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։

1992-93-ին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։ Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել