Lurer.com-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարությունում փետրվարի 4-ին կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հեղինե Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 4-ին ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 5-ին ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Սերգեյի Հովհաննիսյանը ծնվել է 1925թ. Երևանում: 1948թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և նույն թվականից էլ աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հարուստ ու բովանդակալից է եղել անվանի դերասանի անցած ուղին թե’ թատրոնում և թե’ կինոյում: Աշխատանքային առաջին իսկ տարիներից նրան վստահվել են առանցքային դերեր. Լիզա (Լ. Տոլստոյ «Կենդանի դիակ»), Մարգո (Ն. Զարյան «Փորձադաշտ»), Գոներիլ (Վ. Շեքսպիր «Լիր արքա »), Վարյա և Պոպովա (Ա. Չեխով «Բալի այգի», «Արջը»), Գլաֆիրա (Մ. Գորկի «Եգոր Բուլիչով»), Սանամ և Անտոնինա (Շիրվանզադե «Նամուս», «Քաոս»), Քլեա (Ֆիգեյրեդո «Եզոպոս»), Նադեժդա Անտոնովնա (Օստրովսկի «Կատաղի փողեր»), Թինա (Գ. Սունդուկյան՝ «Կտակ»), Ամբրա (Ալդո Նիկոլայի՝ «Վերադարձիր Սորենտո») և այլն:

Հեղինե Հովհաննիսյանը նկարահանվել է նաև «Սայաթ-Նովա», «Տղամարդիկ», «Հրդեհ» և մի շարք այլ գեղարվեստական կինոնկարներում, մասնակցել բազմաթիվ հեռուստա և ռադիո բեմադրությունների: Հեղինե Հովհաննիսյանը 1968 թվականից մինչև վերջերս բեմական խոսք է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 1992 թվականից նույն ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է բազմաթիվ մեդալների և պարգևների: 1961թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ իսկ 1968թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների: 2002թ. ստացել է ՀԹԳՄ-ի «Արտավազդ» ամենամյա մրցանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել