Ադրբեջանը դրսևորում է աննախադեպ «մարդասիրություն»: Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սահիլովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ այսօր նախատեսվում է հայկական կողմին վերադարձնել «65-ամյա» Մամիկոն Խոջոյանին, ով ըստ Սահիլովի, հունվարի 28-ին փորձ էր կատարել անցնել շփման գիծը: Հիշեցնեմ, որ այս մարդուն Ադրբեջանի գաղտնի ծառայությունները մեղադրում էին գաղտնի գործակալ լինելու մեջ:
Խոսքն այն մարդու մասին է, ով հունվարի 28-ին իրոք հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել ադրբեջանական կողմում, բայց այդ մարդը ոչ թե դա արել էր գիտակցաբար, այլ պատահաբար: Բանն այն է, որ Մամիկոն Խոջոյանը տառապում է հոգեկան խանգարվածությամբ, և հունվարյան այդ օրը տանից դուրս էր եկել և պատահաբար հայտնվել սահմանի մյուս կողմում: Արդյունքում Ադրբեջանում այս մարդուն ձերբակալել և հարցաքննել էին, իսկ հետո հայտարարել, որ Խոջոյանը խոստովանել է, որ ՀՀ ԱԾ գործակալ է, մինչդեռ ադրբեջանական մամուլում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ պարզ լսվում էր, թե ինչպես է այդ մարդը հայերենով ասում, որ ինքը գինեգործ է:
Ինչևէ, ինձ համար հետաքրքիր է, թե Ադրբեջանը ինչով պետք է հիմնավորի իր հասարակությանը, որ հայ «գործակալին» վերադարձնում է մեզ, այն էլ այն դեպքում, երբ դեռ առկա է չլուծված Արցախյան հակամարտություն: Չե՞ն մտածում արդյոք մեր հարևան ադրբեջանցիները, որ «գործակալ» Մամիկոն պապին կարող է հանկարծ ինչ-որ գաղտնի տեղեկություն իր հետ բերի Հայաստան: Իրոք ամոթ է և ծիծաղելի: Փաստորեն, ադրբեջանական քարոզչությունը իր հերթական ֆիասկոն է ապրում:
Հ.Գ. Ի դեպ նշեմ, որ այդ մարդը ոչ թե 65 տարեկան է, ինչպես նշել է Սահիլովը, այլ` 77: Լավ է՝ գոնե մի տասը տարի են երիտասարդացել, քանի որ ավելի վաղ ասում էին, որ Խոջոյանը 40 տարեկան է, պարզապես քողարկվել է որպես ծերունի: