Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչն այնքան վարկաբեկված է, որ անմիտ է մտածել անգամ նրա իշխանության ռեստավրացիայի մասին։
Այսուհանդերձ, Կրեմլում շարունակում են լեգիտիմ համարել սեփական երկրից ճողոպրած մարդուն, որովհետև այդ «լեգիտիմությունը» թույլ է տալիս, որ Յանուկովիչը «էստի համեցեք» անի ռուսական զորքերին՝ նրանց օկուպացիան քողարկելու համար։ Փաստորեն, Ուկրաինայի նախկին նախագահին Թումանյանի Գիքորի դերն է վերապահված։
Սրա վկայությունն է այն նամակը, որ Յանուկովիչը հասցեագրել է Պուտինին։ «Որպես Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ՝ հայտարարում եմ. իրադարձությունները Մայդանում, իշխանության անօրինական զավթումը հանգեցրել են նրան, որ Ուկրաինան հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին։ Երկրում իշխում է քաոսն ու անօրինականությունը։ Մարդկանց կյանքն ու անվտանգությունը, հատկապես երկրի հարավ-արևելքում և Ղրիմում, վտանգի տակ են։ Արևմտյան երկրների գործողությունների արդյունքում բացահայտ ահաբեկչություն և բռնություն է տեղի ունենում։ Մարդկանց հետապնդում են քաղաքական և լեզվական պատճառներով»,-գրում է փախստականի կարգավիճակով նախկին նախագահը։
Յանուկովիչը նաև կոչ է արել Պուտինին օգտագործել ՌԴ զինուժը՝ Ուկրաինայում օրինականության, խաղաղության, կայունության հաստատման և ժողովրդի պաշտպանության նպատակով։
Սրանից արդեն ոչ թե գիքորության խեղճության, այլ նենգ դավաճանության հոտ է փչում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել