CNN հեռուստաընկերությունը անդրադարձել է «Օսկար 2014» մրցանակաբաշխության ժամանակ պիցցայի առաքմանն ու հենց երեկույթի ընթացքում աստղերի պիցցա-խնջույքին: CNN հեռուստաընկերության տաղավար է հրավիրվել Էդգար Մարտիրոսյանը՝ Big Mama`s & Papa`s պիցցերիայից, ով հենց այն երիտասարդն էր, որ պիցցան առաքեց ու հյուրասիրեց աստղերին: Հաղորդավարը ողջունում է Մարտիրոսյանին՝ տաղավարում նշելով, որ նա այժմ աշխարհի ամենահայտնի պիցցա առաքողն է: Մարտիրոսյանը նշում է, որ պիցցան առաքելիս չգիտեր, որ այն Օսկարի մրցանակաբաշխության մասնակիցների համար էր, և նույնիսկ երբ Էլենը դուրս էր եկել ու խնդրել նրան հետևել իրեն, նա չէր պատկերացնում, որ դուրս էր գալու հենց Օսկար մրցանակաբաշխության բեմ, ուր իր վրա էին սևեռված լինելու հավաքված հյուրերի ու համաշխարհային աստղերի հայացքները՝ չհաշված բազմամիլիոնանոց հեռուստադիտողները, ովքեր ուղիղ հեռարձակմանը հետևում էին ամբողջ աշխարհից: Հաղորդավարը հարցնում է նրան, թե ինչ է նա մտածում Օսկարի համար պիցցա առաքելու մասին, Մարտիրոսյանը նշում է, թե սա հենց այն Ամերիկյան երազանքն է, որի մասին միշտ նշում են:



