Սահակ Վահանյանը երբեմն այնպես էր շաղ տալիս վերջին կոպեկները, որ նրան ճանաչողները, ընկեր-բարեկամները կարծում էին, թե նա առնվազն երկու ավտոմեքենայի փող ունի։ Իսկ գուցե նաև՝ հարուստ պապից ժառանգություն մնացած ոսկու կարաս...
Նա այնպիսի արքայական արժանապատվությամբ էր քայլում քաղաքի փողոցներով, որ նրա հարստության մասին լեգենդներ էին պատմում ու, տեսնելով նրա շռայլությունը, շատերը նախանձում էին նրան։ Քաղաքում համարյա ոչ ոք չգիտեր, որ նա՝ մաթեմատիկայի հասարակ ուսուցիչը, իր համեստ աշխատավարձով ութ հոգուց կազմված ընտանիք է պահում։
Այնպես պատահեց, որ ուսմասվարի սխալ հաշվումների թե ինչ-որ թյուրիմացության պատճառով Սահակ Վահանյանը մի քանի ամիս ոչ մի կոպեկ չստացավ։ Ոչ ընկերների, ոչ բարեկամների մտքով չէր անցնում օգնել մաթեմատիկայի ուսուցչին։ Նրա տրամադրության ու թագավորական պահվածքի մեջ նվազագույն փոփոխություն անգամ չէր նկատվում, և մարդիկ երազում էլ չէին կարող մտածել, որ այդ մարդը հրաշքով է պահում իր ընտանիքը։
Հետո երեք ամսվա աշխատավարձը նա ստացավ մի օրում, և դասերից հետո, ճրթճրթան թղթադրամները գրպանում, հպարտ քայլերով շարժվեց դեպի վարսավիրանոց։ Երբ հարդարել էր ճերմակել սկսող մազերն ու ծանր-ծանր շարժվում էր դեպի դուռը, երիտասարդ վարսավիրը՝ տասռուբլանոցը ձեռքին, զարմացած կանչեց.
- Ախր սպասեցեք մանրը վերադարձնեմ...
Սահակ Վահանյանը հանդիսավոր շրջվեց դեպի վարսավիրը.
- Տղա՛ս, դա հենց ինքը մանրն է,- ասաց նա և վարսավիրների չռված աչքերն ու հաճախորդների լայն բացված բերանները թողած թիկունքում, արժանապատվությամբ դուրս եկավ վարսավիրանոցից։
Մարդիկ զարմացած նայում էին հեռացող ուսուցչի հետևից և ամենևին չգիտեին, որ շաբաթներ հետո աշխարհում թերևս ոչ ոք այնպես չի զգալու այդ «մանրի» կարիքը, ինչպես այդ հպարտ, ազնիվ ու տարօրինակ մարդը...
1987 թ.
Նյութի աղբյուր՝ http://vardgesovyan.blogspot.com/2014/02/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել