«Քաղաքական սերնդափոխություն» շարժման կոչը երիտասարդներին՝ կապված Մարտի 1-ի հետ:
2008թ-ի մարտի 1-ին տեղի ունեցավ ողբալի իրադարձություն, որը վկայեց մեր երկրում ժողովրդավարական սկզբունքների ոչ բավարար ներդրման մասին՝ խախտվեցին մարդկանց օրինական իրավունքները իշխանության կողմից, և բարոյական իրավունքները՝ ընդդիմության կողմից: Այս անդառնալի իրադարձության արդյունքում մարդկային կորուստներ եղան: Սա մեր բոլորիս՝ համայն հայ ազգի կորուստն է: Նախ խորապես ցավակցում ենք անմեղ զոհերի ընտանիքներին, ինչպես նաև բոլոր հայերիս, ապա կոչ անում երիտասարդությանը:
Ընդդիմադիր կողմնորոշում ունեցող երիտասարդներ, մի դարձեք քաղաքական պատվերների զոհ, քանզի շատ դեպքերում հենց երիտասարդների եռանդն է օգտագործվում որոշ քաղաքական սուբյեկտների շահերի բավարարման համար: Պայքարեք հանուն հայրենիքի, հանուն պետականության և մեր ազգի հզորացման, այլ ոչ թե հանուն որևէ կուսակցության կամ քաղաքական անհատի: Սթափ դատեք յուրաքանչյուր իրավիճակում և թույլ մի տվեք օգտագործել ձեր երիտասարդ ուժը մեր պետականությունը թուլացնել և մեր հայրենիքը վտանգել ցանկացող անհայտ կամ հայտնի ուժերի կողմից ֆինանսավորվող քաղաքական սուբյեկտներին: Հայաստանի դեպքում քաղաքական և հասարակական քաոսը որևէ դրական փոփոխության չի հանգեցնելու, հակառակը՝ այն բացառապես վնասելու է մեր արդեն իսկ ծանրագույն վիճակում գտնվող հայրենիքին:
Իշխանամետ երիտասարդներ, մի դարձեք կամակատար՝ հանուն աշխատանքային առաջընթացի, քանզի մարդկային արժեքները գերակա են անգամ քաղաքականության նման ապականված ոլորտում: Հրամանների հնազանդ կատարումը խրախուսվում է միայն ռազմի դաշտում, մի դարձեք խամաճիկ, քանզի այդ կերպ դուք կործանում եք ոչ միայն ձեզ, այլ նաև մեր հայրենիքը և վտանգում մեր պետականությունը՝ շարունակելով կրկնել նախորդ սերնդի սխալները և ժառանգելով փտախտը: Մի վախեցեք արտահայտել ձեր ըմբոստությունը, եթե համոզված եք, որ ձեր վերադասի՝ անկախ նրա դիրքից, հրամանը դեմ է մարդկային արժեքներին, ազգային և պետական շահերին, քանզի անհատը ոչ մի պարագայում չի կարող բարեկեցիկ կյանք ունենալ, եթե շրջապատված է ճահճով: Գտնվելով իշխանության մերձավոր շրջանակներում՝ փորձեք թարմացնել և կայուն որակ հաղորդել նրա կազմին: Մի ձգտեք մարդկային արյան գնով հասած հաղթանակին՝ դա կործանարար է մեր նման փոքր ազգերի համար:
Հարգանքներով՝ «Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավար Անի Հովհաննիսյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=604570699613104&set=a.133870446683134.25031.100001805376369&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել