Asekose.am-ը գրում է.
Արդեն մի քանի տարի է, ինչ ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանն իր բիզնեսի շուրջ ծագած խնդիրների պատճառով հեռացել է Հայաստանից: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է գործարար կնոջ հետ` նրա ներկայիս կյանքի, Հայաստանից հիասթափվելու և այլ հարցերի շուրջ:
-Տիկին Գործունյան, Ձեր խոսքերով` տարիներ առաջ եկել էիք Հայաստան հայի շարունակության հետևից, սակայն հեռացաք հիասթափված: Այլևս պայքարելու ուժ չկա՞ր:
-Եկել էի Հայաստան հուսալով, որ կմասնակցենք նոր հայրենիքի կառուցմանը: Ամուսնացած էի հայաստանցու հետ, սակայն մենք շատ էին տարբերվում մեր մշակույթով և ընտանեկան սկզբուքներով:
Ճիշտ է, որ շատ հիասթափված հետ վերադարձա, որովհետև ինձ հետ վատ բաներ էին տեղի ունեցել` խաբեություն, անարդարություն:
-Ի՞նչ եք կարծում բիզնեսի շուրջ ծագած անհաջողությունները պայմանավորված էին այն բանով, որ հայ գործարար աշխարհը, որտեղ հիմնականում տղամարդիկ են, չկարողացա՞վ ընկակել սփյուռքահայ կնոջը որպես գործարար:
-Ոչ, ուղղակի Հայաստանում պետք է կաշառք տաս, որ քեզ թողնեն հանգիստ, կամ էլ եթե մեծ անուն ես ձեռք բերել, ուրեմն պետությունն ամեն տեսակ ճնշում կգործադրի, որպեսզի քեզ ծնկի բերի: Այսինքն` պետք է կամ իրենց պես լինես, կամ էլ բիզնեսով հանդերձ լքես հայրենիքդ:
-Մեկ անգամ ասել եք, որ Ձեր տեսակով վախկոտ չեք, հետաքրքիր է, խաբեություն և անարդարություն տեսնելով Հայաստանում ապրելու ընթացքում երբևէ վախի զգացում ունեցե՞լ եք:
-Ոչ, ի՞նչ վախ: Գիտեք վախեցա, երբ միամտորեն հավատում է, որ մեր արդարադատությունն իսկապես արդար է, վախեցա, երբ հասկացա, որ Հայաստանում չկա արդարություն, որ դատարանն ուղղակի թատրոն է, որտեղ որոշումները որովայնով ոչ թե օրենքով են կայացվում Վախենում էի այն ժամանակ, երբ դատարան էի գնում` իմանալով, որ ամեն ինչ իմ դեմ պետք է լինի: Շատ-շատ-շատ վատ է, որ արդարություն չգտա Հայաստանում:
-Արդարություն չտեսնելով հեռացաք, սակայն վերադառնալու ակնկալիք ունե՞ք:
-Կգամ, որպես զբոսաշրջիկ, բայց նոր ներդրումներ չեմ անի, մինչև որ պետությունը չփոխվի, չփոխվի օլիգարխիան` այսինքն մենաշնորհը Ինչպե՞ս գանք ներդրումներ անելու, եթե արդարություն չլինի և երկիրը չլինի ազատ, անկախ ու անկաշառ: Սփյուռքն այս ամենը շատ լավ գիտի և չի կարող նման պայմաններում ներդրումներ անել:
-Հայաստանից դուրս բնակվող հայերը հաճախ են ասում, որ իրենք, կարծես, հայրենիք չունենան, ինչն էլ բացատրում են նրանով, որ օտարի հողը երբեք էլ հարազատ չի դառնում, իսկ հայաստանցիները նրանց միշտ էլ օտարի պես են ընդունում: Իսկ Ձեզ ինչպե՞ս էր ընդունել այստեղի հասարակությունը:
-Սփյուռքը պետք է ընդունի, որ մեր հայրենիքը Հայաստանն է: Ճիշտ է, մենք տարբեր մշակույթներ ունենք, տարբեր պատմություններ, բայց մենք ունենք հայրենիք: Ամեն մեկս էլ անկախ մեր գտնվելու վայրից `ճիշտ պետականության արդար ուժով պետք է պայքարենք, որ այդ հայրենիքը ունենանք: Առանց ուժեղ պետականության հայերը կմահանան, Սփյուռքն էլ կլուծվի: Բոլորս էլ պետք է աշխատենք միասին, որ մեր հայրենիքը դառնա ուժեղ և լեգիտիմ պետություն, իսկ հայ ազգն էլ ունենա ապագա և 21-րդ դարում շարունակի գոյություն ունենալ: Ուզում եմ լավատես լինել ու հավատալ, որ գնալով Սփյուռքը կարթնանա ու կսկսի պայքարել ուժեղ պետության ստեղծման համար:
-Իսկ այդ լավատեսությունը Ձեզ թեկուզ որպես զբոսաշրջիկ ե՞րբ կբերի Հայաստան:
-Հուսամ այս գարուն կգամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



