Փետրվարի 20-ին Վանաձորի «Լաչինի միջանցքում» հո կռիվ չէ՜ր, հո կռիվ չէ՜ր... Մի երիտասարդ կին ու տղամարդ էին գոռգոռացողները: Բայց ավելի շատ տղամարդու ձայնն էր լսվում: Կինն ինչ-որ փող էր պահանջում (պատահում է, չէ՞, որ ապրանք են գնում, հետո մի որոշ ժամանակ անց փողերը հաշվելուց հետո կասկածում են, որ վաճառողը մանրը սխալ է վերադարձրել կամ չի վերադարձրել): Տվյալ դեպքում «բազարը» պտտվում էր 4 հազար դրամի շուրջը: Տղամարդը պատճառաբանում էր, որ փողը տվել է, կինն էլ համառում էր իր պահանջի մեջ: Բուռն վիճաբանությունը, որն ուղեկցվում էր տղամարդու կողմից թունդ ռեպլիկներով ու լուտանքներով, խառնվեց ավագ սերնդի մի կին (ըստ տեղեկությունների՝ տղամարդու զոքանչը), ու սկսեց մեղադրել վիճաբանող կնոջը ոչ միայն զրպարտության, այլեւ մած լինելու մեջ: «Խմած ե՞ս, խմած ես, խմած, հլա քու վիճակին, դու քեզ կողքից նայել ե՞ս»: Ի պատասխան՝ երիտասարդ կինը զայրացած ճչաց. «Ի՜նչ, խմա՞՜ծ, ես հիմի էքպերտիզա կբերեմ, հլա տենանք՝ ով ա խմած»: «Տո ուզում ես ստրիպտիզ կլուբ բեր, յանի 4 հազար դրամի կռիվ չե՞ս անում, այ 4 հազար դրամանոց»-ռեպլիկ նետեց տղամարդը (Շամշյանն այդտեղ լիներ, կասեր՝ «Էդ ձեռդ ինչի ես ցցել, հո Լենինը չես)»: Ու հետաքրքիրն այն էր, որ այդ «եռակողմ բանակցություններին» ոչ մի տղամարդ չէր միջամտում, չէր փորձում քաղաքավարի ձեւով հարցերը պարզել, ամեն մեկը «գլուխը կախ» իր գործին էր: Ու դրա հետեւանքով, փաստորեն, հայ կինը բացեիբաց անարգվում էր փողոցում. անկախ նրանից, թե որքանով էր նա ճիշտ կամ սխալ, երեւույթն ինքնին տգեղ էր: Եվ քանի որ ականջների համար արդեն վտանգավոր էր դառնում վեճին ականատես լինելը, ուստի «ֆինալն» այդպես էլ անհայտ մնաց: Անհասկանալի էլ մնաց, թե ի՞նչ էր նկատի առնվում «4 հազար դրամանոց» ասելով. 4 հազար դրամով «գլխին սարքո՞ղ» «գործ տվո՞ղ», թե..... Դե ինչ, մեծ նվաճումների ենք հասել գենդերային քաղաքականության ասպարեզում. կանայք իրավահավասար հիմունքներով փողոցային «ռազբորկաներ» են վարում տղամարդկանց հետ ու անհրաժեշտության դեպքում՝ հայհոյում էլ են տղամարդու նման, ինչը եզակի չէ հայաստանյան իրականության մեջ:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ