1in.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում բնակվող աստվածաբանին մեղադրել է իրեն վարկաբեկող ձայնագրությունները կեղծելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում վարչապետ ներկայացող անձը որդուն՝ Բիլալին, հրահանգել է տնից հսկայական գումար դուրս տանել՝ հակակոռուպցիոն արշավին զոհ չդառնալու համար: Վարչապետի մամլո ծառայությունն այդ տեսագրությունը համարեց իրականությանը չհամապատասխանող:
Չորեքշաբթի օրը համացանցում հայտնվել է ևս մեկ՝ Էրդողանին վերագրվող զրույց, որտեղ նա որդուն խորհուրդ է տալիս ավելի եկամտաբեր առաջարկության սպասել ֆինանսական գործընկերոջից:
Հինգշաբթի օրը հանրահավաքի ժամանակ Էրդողանը ԱՄՆ-ում բնակվող իսլամական կրոնական գործիչ Ֆեթհուլահ Գյուլենին և Ժողովրդական հանրապետական կուսակցությանը մեղադրել է կեղծիքներ տարածելու մեջ:



