Մ
ոտ մեկ ամիս առաջ մկրտություն էի կատարում մեր հինավուրց վանքերից մեկում: Մկրտվում էին 2 եղբայր և քույրը, բոլորն էլ չափահաս երիտասարդներ: Հայոց Եկեղեցու կարգի համաձայն մկրտվողին, ով պետք է ծնվի Աստծուց՝ Սուրբ Հոգուց և ջրից , երկրորդ՝ հոգևոր անուն է տրվում, որպես նշան վերածննդի: Այս երկրորդ անունը հիմնականում որևէ սրբի անուն է լինում, որպեսզի մկրտվողը հետ այդու ունենա իր բարեխոս սուրբը և բացի այդ իմանա ու հետևի տվյալ սրբի կյանքի օրինակին՝ ապրելու Քրիստոսի արյան գնին փոքրիշատե արժանի կյանք: Եղբայրներից մեկի անունը Հայկ էր: Իմ հարցին, թե ունի որևէ նախընտրած սուրբ, ում անունը կուզենար կրել, երիտասարդը քմծիծաղ տվեց:
-   Կուզե՞ս Գևորգ կնքենք քեզ, Սուրբ Գևորգի անունով,- հարցրեցի ես ուշադրություն չդարձնելով նրա ոչ լուրջ վերաբերմունքին:
-   Չէ, այ՛ ցավդ տանեմ,- փողոցային մոտեցմամբ պատասխանեց երիտասարդը,- ի՞նչ Գևորգ, Հայկո, Հայկո լավ ա…
Ուզում էի հարցնել նրան՝ «ի՞նչ Հայկո… Սպիտակցի Հայկո, Կարգին Հայկո, թե՞ ՀՏ Հայկո»: Հազիվ դիմացա: Եթե ասեր Հայկ, միանգամից կմտածեի, որ հայոց նախածնողի անունն է նրա համար թանկ, բայց Հայկո՞…
Կողքից մի տարեց մարդ (հավանաբար հայրն էր) կարծես լուծեց թնջուկը.
-      Տե՛ր Հայր, պապուս անունը Գևորգ ա էղել, լավ ա, Գևո՛րգ դիր:
Ճիշտ, թե սխալ, ավելորդ համարեցի խոսել Սուրբ Գևորգի սխրանքի ու սրբության մասին. մարդն իր նախնիներին անգամ չեր ճանաչում ու հարգում (հուսամ Սուրբ Մկրտությունը աստվածային ներգործությամբ ինչ-որ կերպ լուսավորություն շնորհած կլինի երիտասարդին):

    Մեզ հերոսներ են պետք...

Դարերի փորձն է ապացուցել, որ ազգերի կյանքում հերոսներն իրենց օրինակով, կերպարով ու գործով ահռելի դրական ազդեցություն են ունեն: Ամենևին պատահական ու աննպատակ չեն պատմական «ծուռ» սասունցիների դյուցազներգական կերպարները, ի զուր չեն հերոսացվել քաջ Վարդանը, Գ. Նժդեհը, Անդրանիկը, Հ. Բաղրամյանն ու Ն. Ստեփանյանը, Մոնթեն, Ավոն…  Նրանք ժողովրդի կոլեկտիվ մտածողության և համընդհանուր «ԱՅՈ»-ի մարմնացումն են: Այո՛, հերոսները նախ և առաջ հերոս են, որովհետև «նրանց սխրանքն անմահ է», և ամեն հայորդի պարտական է գլուխ խոնարհել նրանց նվիրումի առջև, բայց… Իր իմաստը պիտի կորցնեն խոնարհումը, հարգանքը, պատիվը, եթե հայը իր հերոսների օրինակներով չի ապրում: Նման պարագայում հայրենասիրությունը դառնում է լոկ գաղափարական, հայրենասիրությունը մնում է լոկ լեզվի ծայրին, բայց ոչ սրտի վրա և հատկապես գործերի մեջ:
Նույնն է սկզբունքը նաև հոգևոր քրիստոնեական կյանքում: Անշուշտ քրիստոնյայի համար թիվ մեկ օրինակը Քրիստոս Աստված է (Մատթ. 11:29), սակայն քրիստոնեական կյանքում գոյություն ունեն Քրիստոսի գծած ճանապարհով անշեղ քայլած հերոս մարդիկ՝ սրբեր, ովքեր ևս կյանքի տարբեր պարագաներում կարող են լինել և պետք է լինեն օրինակներ մեզ համար: Այս դեպքում էլ, հավատացեք, եթե քրիստոնյա անհատը արժանին չի մատուցում սրբին՝ նրա սխրանքը կյանքի ուղենիշ դարձնելով և հետևելով նրա բարի օրինակին, ապա հաղթանակած եկեղեցու՝ սրբադասված մարդկանց, կարևորությունը արհեստականորեն նվազեցվում է: Բարեբախտաբար լավն ու հրաշալին այստեղ մնում է այն, որ անկախ արհամարհական այս հանգամանքից սրբերը չեն դադարում աղոթել և բարեխոս լինել մեզ համար:
Ինչևէ, այս չէ, որ ուզում եմ ասել: Ասելիքս այն է, որ իրական հերոսների վտարումը մեր կյանքից անպայմանորեն պիտի վիժեցնի սարսափելի մի հետևանք. պիտի ծնունդ առնեն կեղծ հերոսներ՝ «ՀԵՐՈՍտրատներ», որոնց ծնողը փողոցն է, հոռի բարքերը, հակազգային մտածելակերպը, լպիրշությունն ու բռնությունը… Եվ մարդիկ պիտի գնան նմանների հետևից: Այսօր երկրաչափական պրոգրեսիայովզարգացողմեդիա և ինտերնետ քարոզչությունը հանրության առջև հենց այդպիսի կերպարներ է դնում, որոնց, ավաղ, կամա թե ակամա ընդօրինակում և ձգտում ենք նմանվել բոլորս…
Շարունակությունն՝ այստեղ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել