Լուսահոգի Սերգեյ Բադալյանն Երրորդ Հանրապետության ամենալուսավոր գործիչներից մեկն էր, ում ղեկավարությամբ կուսակցությունն ադապտացվեց նոր իրականությանը, դարձավ երկրի առանցքային ուժերից մեկը։
Երբեք կոմկուսի համակիրը չեմ եղել, բայց մտածել եմ, որ երկրին անհրաժեշտ է ուժեղ սոցիալիստական կուսակցություն՝ հատկապես տոտալ աղքատության համատեքստում։
Բադալյանի անժամանակ մահը, սակայն, ինստիտուցիոնալ ու գաղափարական ճգնաժամ հարուցեց կոմկուսում՝ նրան զրկելով խորհրդարանում գեթ մեկ մանդատ ունենալու հնարավորությունից։
Բողոքական էլեկտորատը կողմնորոշվեց դեպի Արտաշես Գեղամյանը։ Շուտով պարզվեց, սակայն, որ «սոցիալական արդարությունը» Գեղամյանի համար ոչ թե բովանդակություն է, այլ՝ բրենդ, ցուցանակ, որի շնորհիվ Երևանի քաղսովետի նախկին նախագահը հարմարավետ տեղավորվեց իրեն պահպանողական հռչակած Հանրապետականի խմբակցությունում։
Կարեն Դեմիրճյանի հիմնած ու նրա որդու կողմից ղեկավարվող կուսակցությունը սկզբունքային է քաղաքական հարցերում, բայց չունի գաղափարական այցեքարտ։
Ռուբեն Թովմասյանի հրաժարականից հետո հույսեր արթնացան, որ կոմկուսում գաղափարական ու կադրային սերնդափոխություն կլինի, կգան նոր մարդիկ՝ նոր գաղափարներով, ու «ձախերը» բավարար ժամանակ կունենան՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններին հավուր պատշաճի նախապատրաստվելու համար։
Բայց «կարմիր կովը կաշին չի փոխում». Հայաստանի կոմունիստական կուսակցության պլենումն օրերս միաձայն առաջին քարտուղար է ընտրել Տաճատ Սարգսյանին, ով Ռուբեն Թովմասյանի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Ընդ որում, կոմկուսում մնացած ծերուկները չանցկացրին խոստացած համագումարը ու «գենսեկին» ընտրեցին անաղմուկ՝ հասարակության աչքից հեռու ու շարքային կոմունիստների հնարավոր առարկությունները շրջանցելով։
ՀԿԿ նոր ղեկավարի անունը հասարակության լայն շերտերին ոչինչ չի ասում. նա կուսակցական նոմենկլատուրշիկ է՝ բառի բացասական իմաստով։
Հայաստանի կոմկուսը վերջնականապես դադարեց կուսակցություն լինելուց՝ դառնալով թանգարանային նմուշ՝ լուսանկարում պատկերված դրոշի նման, որն ընդամենը հիշեցնում է, թե ժամանակին Սովետ անունով երկիր է եղել…



