1.Գնահատեք Ձեզ և իրավիճակը
Շատ կարևոր է, որ Դուք ճիշտ գնահատեք Ձեր զգացմունքները և դրանք ճիշտ արտահայտեք մարդկանց հանդեպ: Ներելու համար պետք է ճիշտ գնահատել՝ արդյո՞ք տվյալ իրավիճակը կամ անձը իրոք քեզ ցավ է պատճառել, արդյո՞ք դա եղել է դիտավորյալ քայլ: Այսինքն, պետք է կողքից դիտարկել հասցված վիրավորանքը՝ դրան գնահատական տալու համար:
2. Փորձեք լինել լավատես
Սա դժվար բան է, բայց ամեն բան պետք է անել՝ լավատես լինելու և դրական մոտեցում ունենալու համար: Հիշեք, որ ներումն ունի հոգեբանական ազդեցություն: Կյանքի հանդեպ լավատես մարդիկ ավելի հեշտ են ներում, և այդ լավատեսությունը վարակիչ ազդեցություն է թողնում դիմացինի վրա:
3. Գտեք խաղաղություն
Խաղաղությունը օգնում է ճիշտ կառավարել միտքը: Սա չի նշանակում հանդուրժել սխալ արարքները, այլ պարզապես չմեղադրել քեզ վիրավորողին և կյանքից դաս քաղելով՝ նոր կյանքի պատմություն սկսել: Երբ փորձում ես ներել, ներքուստ թուլացնում ես քո հոգեկան լարվածությունը և խաղաղվում ես: Ներելով՝ մենք չենք հանդուրժում սխալ արարքները, այլ փորձում ենք դիմացինին տալ ևս մեկ հնարավորություն՝ մտերիմ կամ ընկերային հարաբերություն ստեղծելու համար:
4. Ճանաչեք սեփական զգացմունքները
Պետք է գիտենալ, որ Ձեր վշտերի կամ մտահոգությունների պատճառը կարող են լինել Ձեզ հասցված վիրավորական մտքերը և զգացմունքները, քան թե նրանք, ովքեր ձեզ վիրավորել են: Մեզ ցավ է պատճառում արարքը, որը գրեթե միշտ կապվում է անձի հետ: Նույն անձը կարող է մեկ ուրիշ անգամ ուրախություն պատճառել: Ուրեմն մենք փորձում ենք ներել վիրավորական միտքն ու հույզը:
5. Հանգստացեք
Փորձեք մի քանի գործնական քայլերով թուլացնել լարվածությունը, դա կարող է լինել խորը շունչ քաշելը, ուրախ ամսագրեր կարդալը, ծիծաղելը: Սա կօգնի նվազեցնել կռվելու ցանկությունը:
6. Եղեք իրատես
Եղեք լավատես և իրատես: Փորձեք հնարավորինս կառավարել Ձեր հույզերը: Զգացմունքային մարդիկ սովորաբար ստացած ապրումները բազմապատկում են և իրենց երևակայությամբ ավելի բարդացնում: Իրատես լինելով՝ կարելի է ճիշտ ու արագ լուծում փնտրել ստացած վիրավորանքի կամ հարվածի համար: Փորձեք չբարդացնել իրավիճակը և ներելով՝ վերջ դրեք Ձեր սրտի մեջ եղած ցավին:
7. Կառուցողական դարձրեք Ձեր ջանքերը
Ատելությունը և շարունակական զայրույթը վատնում են Ձեր էներգիան և միջոցները: Փոխարենը ներդրեք Ձեր ջանքերն այն մեթոդների ու գործընթացների մեջ, որոնք կօգնեն՝ հասնելու նոր նպատակների: Այն նաև կօգնի, որպեսզի հաղթահարեք վիրավորանքն ու ցավը: Աշխատեք կատարել ուրախություն և երջանկություն պարգևող գործեր:
8. Ապրեք կյանքը
Ապրեք կյանքը, և ապրեք այն գեղեցիկ: Բաց մի թողեք ամեն լավ առիթ՝ Ձեր կյանքը գեղեցկացնելու համար: Ժամանակ անցկացրեք ընկերների, ընտանիքի անդամների, երեխաների և այլոց հետ: Կենտրոնացեք կյանքի գեղեցկության վրա, ոչ թե՝ վիրավորված ապրումների:
9. Փոխեք Ձեր կյանքի պատմությունը
Կյանքի վախերը կարելի է հաղթահարել՝ դրանց դեմ առ դեմ կանգնելով, դրական հարաբերություններ կառուցելով, քննարկելով, ինչպես նաև կիսվելով վատ հույզերն ու ապրումները մտերիմների ու ընկերների հետ:
10. Եղեք երջանիկ
Երջանկությունը կարևոր է, քանի որ այն բարեփոխում է Ձեր տրամադրությունը և ապագան դարձնում գեղեցիկ: Օրինակ՝ կարող եք.
նոր ընկերներ ձեռք բերել,
գնահատել Ձեր ունեցածն ու գոհանալ, թե որքան առավելություններ ունեք Դուք
շփվել երեխաների, ընկերների, կոլեգաների հետ
բարի և անկեղծ մարդասիրություն դրսևորել մարդկանց հանդեպ
11. Մտածեք ապագայի մասին
Թող Ձեր ապագայի մտքերը ոգեշնչված լինեն, լինեն քաջալերող և առաջ տանող: Մի թողեք, որ Ձեր սրտի վրա բեռի նման լինի վիրավորանքը, ազատվեք այդ բեռից:
Սա շատ անձնական բան է, բայց գիտեմ մի բան, որ արժե փորձել: Վերջիվերջո ներումը բուժում է միտքը, սիրտը և մարմինը:
Կարեն Մանուկյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=247313902116663&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել