Ուկրաինական պոտենցիալը կարող է դոմինոյի էֆեկտ ստեղծել ցածր ինտենսիվությամբ կոնֆլիկտների հաճախականության բարձրացման կամ ներքաղաքական առումով, սոցիալ-տնտեսական դժգոհությունների կոնսերվացիայի և արտահայտման առումով: Իհարկե, հեղաշրջումների արտաքին սցենարի համար լավագույն նախադրյալը երկրի բիֆուրկացիան է, որն Ուկրաինայի պարագայում և էթնիկ էր, և մշակութային, և քաղաքական, և նույնիսկ տնտեսական, սակայն հեղաշրջումների և հեղափոխությունների պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ սոցիալ-տնտեսական գործոնը շատ ավելի ռեակցիոն կրքերի օջախ է, քանի որ այն նաև երբեմն մարգինալացնում է հասարակությանը, դարձնում ապասոցիալական և վտանգավոր, քան, ասենք, էթնիկական բազմազանությունը: Եթե առաջին դեպքում արտաքին որևէ ազդեցություն պետք չէ, որպեսզի առաջանան զանգվածային դժգոհություններ, ապա երկրորդ դեպքում հիմնականում արտաքին ազդեցությունն է առաջ բերում կոնֆլիկտային իրավիճակ: Սոցիալ-տնտեսական բնույթի դժգոհությունը ինքնակուտակվող է, այն արտաքին ուժերի միջամտությամբ միայն ավելի ասոցիատիվ է դառնում, ավելի մոբիլիզացվող, երբեմն՝ ամբոխային տրամադրություններվ՝ կախված նպատակից: Այնպես որ, չվիճարկելով, որ ներքին ստրատիֆիկացիան շատ կարևոր է, պետք է, այնուամենայնիվ, նշել, որ սոցիալական ֆրուստրացիան, որը ցածր կենսապայմանների ծնունդ է, շատ զգայուն է քաղաքական մասնակցության և անկայունության համար, հատկապես, եթե այդպիսի փորձը հառնում է մարդկանց աչքի առջև: Այստեղ Մոսկվան լուրջ անելիքներ ունի, եթե ցանկանում է մոտ ապագայում չտեսնել Մաքսային միության քաղաքական վախճանը: Սակայն պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը պարզապես չունի մրցակցելու բավարար պոտենցիալ, այն իր կենսական շահերը իրացնում է միայն ուժի դիրքերից, որը որքան էլ ռեալիստական է, այնուամենայնիվ, նույնքան էլ ռեակցիոն՝ առաջացնելով տարբեր երկրների դժգոհությունը: Հատկապես, որ Մոսկվան ավելի շատ ապավինում է կոշտ ուժի ցուցադրմանն ու կիրառմանը: Ուստի, ձևավորվում է արտաքին ու ներքին նախադրյալ հեղափոխական կրքերի առաջացման համար, ինչին մշտապես սպասում են Վաշինգտոնում: Այնպես որ, իշխանությունը պետք է վերանայի իր սոցիալական քաղաքականությունը, որը գրեթե երբեք չի արտահայտում քաղաքացիական պահանջմունքները, այլապես զանգվածային տրամադրությունների սրացումը ժամանակ և տարածություն չի ճանաչում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել