Էլիզաբեթ Գրանտը, ավելի հայտնի ինչպես Լանա Դել Ռեյ, ծնվել է Նյու Յորքում 1986 թ.: Նրա հայրը` Ռոբ Գրանտը, միլիոնատեր բիզնեսմեն է: «Իմ հայրը ինովացիոն ձեռնարկատեր է: Դա չի նշանակում, որ նա ֆինանսական մագնատ է: Դա նշանակում է միայն, որ նա ապրում է հետաքրքիր կյանքով»: Իսկ մինչև միլիոնատեր դառնալը, Լիզայի հայրը չուներ բավականաչափ գումար սեփական տուն ձեռք բերելու համար: «Մինչև այս ամենը, մենք ծանր ճանապարհ ենք անցել: Այս կյանքն առհասարակ բավականին բարդ ու խճճված է, երբեմն նաև անտանելի»: Դեռ մանկուց ունենալով բավականին լավ ձայնային տվյալներ և ցանկություն՝ լինելու ճանաչված, Էլիզաբեթը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ճանապարհ էր հարթում դեպի փառքն ու ճանաչվածությունը: Իր երաժշտական կարողությունները Լիզան առաջին անգամ արտահայտել է եկեղեցական երգչախմբում: 15տարեկանում նրան դուրս են հանում դպրոցից վատ պահվածքի համար: «Ես միշտ զգում էի, թե մտածում եմ բոլորովին այլ կերպ, քան մնացածը: Ես ինձ միայնակ էի զգում իմ հարազատ քաղաքում: Ես չգիտեի, թե որտեղ էի ուզում լինել, բայց հաստատ զգում էի, որ այդտեղ ես դեռևս չեմ եղել»: Հետագայում Լիզան սկսում է երգել ակումբներում, սրճարաններում, սակայն նրա երգերը այդպես էլ ճանաչում չեն գտնում: Այս շրջանում աղջիկը հանդես էր գալիս Լիզի Գրանտ բեմական անվամբ:18 տարեկանում Լիզան հեռանում է իր քաղաքից` Լեյք-Փլեսիդից: Նա ուղևորվում է գրավելու Նյու Յորքը և հետագայում ամբողջ աշխարհը: Առաջին փորձը` հայտնելու իր մասին, տապալվեց: Լիզան թողարկեց փոքրածավալ ալբոմ` «Kill Kill», որը ոչ մի հաջողություն չունեցավ, սակայն որոշ գործակալների ուշադրությունը գրավեց Լիզայի հետաքրքիր ձայնն ու ոճը: Առաջին չհաջողված փորձից հետո Լիզային օգնության է հասնում հայրը: Նա սկսում է աշխատել պրոդյուսեր Դևիդ Կեյնի հետ, որը հայտնի է Փոլ Մակքարթնիի, Ռեդջինա Սպոկտորի հետ իր աշխատանքներով: Լիզայի վրա սկսում է աշխատել մենեջերների մի ամբողջ խումբ: Հենց նրանց խորհրդով էլ աղջիկը դառնում է Լանա Դել Ռեյ: 2011-ի հունիսին Լանա Դել Ռեյը պայմանագիր է կնքում Stranger Record s-ի հետ և համատեղ ձայնագրում Video Games սինգլը: Այս երգն ու տեսահոլովակը, որը Լանան ինքնուրույն է ստեղծել, անհավանական հաջողություն են բերում երգչուհուն: Տեսամոնտաժը Լանայի սիրելի զբաղմունքն է: Տեսահոլովակի` համացանցում հայտնվելուց անմիջապես հետո նա դառնում է հայտնի: Տեսահոլովակի` միլիոնի հասնող դիտումները բոլորի մոտ հետաքրքրություն առաջացրին Լանա Դել Ռեյի հանդեպ: «Ես անգամ թույլ չէի տա ինձ մտածել, որ տեսահոլովակս կհետաքրքրի ինչ-որ մեկին: Ես արթնացա հայտնի, ճանաչված ու սիրված. ամեն ինչ մեկ վայրկյանում»: 2011-ին Լանա Դել Ռեյին համարում են տարվա սենսացիա: Դա այն դեպքում, երբ Լանան դեռ ոչ մի սկավառակ չէր թողարկել, ոչ մի համերգ չէր ունեցել: Լանայի առաջին համերգը` Նյու Յորքի ակումբներից մեկում, տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին: Համերգի տոմսերը սպառվեցին այն վաճառքի հանելուց րոպեներ անց: Հաջողված համերգն արդեն քայլ էր դեպի լուրջ բեմեր: 2012-ի հունվարի 14-ին Լանան հանդես է գալիս իր երկու երգերով` «Saturday Night Live» շոուի ժամանակ: Հանդիսատեսը հիացած էր նորահայտ տաղանդով, իսկ քննադատները կասկածամտությամբ էին լցված: 2011-ի դեկտեմբերին Լանա դել Ռեյը ներկայացնում է ի ր թերևս ամենաճանաչված երգերից մեկը` «Born to Die»-ը, որն իսկական հիթ է դառնում: Այն նաև հիանալի հիմք էր ապագա ալբոմի համար: Արդեն 2012-ի փետրվարին Լանան թողարկում է իր նոր ալբոմը` «Born to Die» և բարձրանում է հիթ շքերթների առաջին հորիզոնականը: ԱՄՆ-ում տարածվում են այս սկավառակի մոտ 100 հազար օրինակները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել