Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի 11 տարվա մեներգչուհի Լայանան է:
Մինչ վերջերս լույս տեսած տեսահոլովակը՝ երկար ժամանակ լռություն էիք պահպանում… Ինչո՞վ էր պայմանավորված:
-Իսկապես, նախորդ տարի երկար լռեցի… Որոշ աշխատանքներ կատարեցի, բայց այդպես էլ չհանձնեցի հանդիսատեսի դատին: Գուցե պատճառն այն էր, որ ես ամեն ինչին շատ բծախնդրորեն եմ մոտենում… Երևի կարող եմ ասել՝ երգ էի փնտրում…
-Սա ձեր առաջին զուգերգն էր չէ՞: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:
-Այո, սա իմ առաջին զուգերգն էր: Ես և Արմեն Դավթյանը միասին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում և երգչախմբում ենք երգում, նաև աշխատում ենք միևնույն վայրում…Այնպես որ միասին շատ ենք երգել, նաև մեր ձայները «սազում» են միմյանց… Ելնելով դրանից՝ երկկողմանի միտք առաջացավ, որ միասին զուգերգ ձայնագրենք: Նաև ունենք ընդհանուր ընկերներ, որոնց խորհրդով և օգնությամբ այդ նախագիծը իրականացվեց…
-Այժմ նոր գործեր պատրաստո՞ւմ եք:
-Տվյալ պահին նոր երգի վրա եմ աշխատում, գործիքավորման փուլում ենք…Ռիթմիկ երգ է լինելու, որը նույնպես կունենա տեսահոլովակ…
-Լայանա, մեր երգիչների մեծ մասը աշխատում է նաև ակումբներում, ռեստորաններում…Այդ երևույթը ձեզ է՞լ չի շրջանցել:
-Ես երգում եմ «Արքայաձոր» ռեստորանում…

-Ինչո՞ւ: Համերգային ծրագրերը անհրաժեշտ եկամուտ չե՞ն ապահովում:
-Եթե ինքներդ հետ հայացք գցեք, կարո՞ղ եք հիշել՝ վերջին անգամ մեծ համերգ ե՞րբ է եղել. 2011 թվականին «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը ու հայ երգիչ-երգչուհիները միասնական, մեծ համերգ ունեցան…Փոքրամասշտաբ համերգների մասին խոսել չեմ ուզում, եթե նույնիսկ դրանք կան, ապա շատ քիչ են… Իսկ եթե համերգներ չկան, ի՞նչ պետք է անի երգիչը. Բնականաբար, կամ պետք է աշխատի ակումբում, կամ ՝ ռեստորանում, ինչն այսօր բոլորն են անում… Ասեմ նաև, որ երգիչը պարտավոր է լինել «ֆորմայի» մեջ, իսկ նման հաստատություններում դու անընդհատ երգում ես: Դա կոփում է երգչին: Ես նախկինում տարբեր պատճառներով չէի երգում այլ վայրերում, բայց հիմա, երբ ռեստորանում եմ երգում, շատ-շատ եմ զգում այդ փոփոխությունը, պատրաստականությունը…
-Իսկ վնասաբեր կողմեր չունի՞ իր մեջ. երգացանկի, ոճի փոփոխություն…
-Ճիշտն ասած՝ ես երգում եմ և՛ ժողովրդական, և՛ էստրադա, և՛ արտասահմանյան ու վստահորեն կարող եմ ասել՝ այն, ինչ չեմ սիրում, չեմ երգում…Ես «պարտադրում» եմ իմ երգացանկը: Երկու տարվա փորձից ելնելով կարող եմ ասել, որ մարդիկ պահանջում են այն, ինչ մատուցում ես…Գուցե երգեր եմ երգում, որոնք կոմերցիոն չեն, եկամտաբեր չեն, բայց լսելի են ու հաճելի… Ես դրանից դեռևս հաճույք եմ ստանում և կարևոր չէ՝ հետո ինչ կլինի…
-Կնոջ, այն էլ երիտասարդ կնոջ համար ժամանակային գրաֆիկը խնդիր չի առաջացնո՞ւմ:
-Գիտեք, ամուսինս գիտակցելով հանդերձ, որ երեկոյան ժամերին զրկվելու է իմ ներկայությունից՝ չի խոչընդոտել աշխատանքիս: Նա հասկանում է, որ իմ սիրած գործով եմ զբաղվում… Սա աշխատանք է, որն ինձ ոգևորում է… Մի խոսքով՝ թեև դժվարությամբ, բայց համաձայնության ենք եկել…
-Բայց դա երբեմն դառնո՞ւմ է ընտանեկան վեճերի առիթ, թե՞ ոչ:
-Վեճերի առիթ չի դառնում, պարզապես ես ոչ մի ընտանեկան միջոցառման չեմ կարողանում մասնակցել… Գրեթե միշտ բացակայում եմ ամենալուրջ և կարևոր միջոցառումներից… Թեև հիմա ժամանակները փոխվել են… Ամեն ընտանիք իր գործով, իր հոգսով է…
-Բայց արդյոք Հայաստանում մտածելակերպը փոխվել է… Նույնիսկ, եթե այդ հանգամանքըամուսնու մոտ խնդիր չի առաջացնում, արդյոք հարազատ-բարեկամները «ներում» են ձերբացակայությունները:
-Գիտեք, դրան շատ մեծ ուշադրություն չեմ դարձնում… Այնպես է կյանքը դարձել, որ յուրաքանչյուրը իր հնարավորություններին է նայում… Ի վերջո, ես պարտավոր չեմ արդարանալ…Իհարկե, որոշ կարևորագույն առիթների ներկա գտնվելու կարիքը կա, բայց ընտրում եմ «մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» տարբերակը… Նաև այսպես կարոտը ավելի քաղցրանում է (ծիծաղելով)…
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ