Ինչպես գրում է ռուսական REX գործակալությունը, Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են «Առանց մուտքի արտոնագրերի» մասին 2000 թվականին ընդունված երկկողմ համաձայնագիրը: Մասնավորապես, որոշում է կայացվել փոփոխություններ կատարել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 180 օրից՝ 150 օրվա ընթացքում։ Այսպիսով ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների համար փաստացի դադարեցվում է Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգը, ըստ որի, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանային ՌԴ տարածքում մնալ ոչ ավելի, քան 90 օր, և երկիրն էլ լքելուց հետո կկարողանային վերադառնալ միայն 90 օր հետո: Փորձեմ պարզաբանել: Նախկինում մարդիկ կարող էին Ռուսաստանում գտնվել 180 օրվա ընթացքում միայն 90 օր և այդ 90 օրվա ավարտից հետո պարտաավոր էին վերադառնալ իրենց երկրներ և սպասել ևս 90 օր, որպեսզի կարողանային կրկին մուտք գործել Ռուսաստան: Այժմ 90 օրվա փոխարեն կարող են այդ երկրում գտնվել 150 օր, այնուհետև 30 օրով վերադառնալ Հայաստան և դրանից անմիջապես հետո կրկին մեկնել 150 օրով: Չգիտեմ, թե սա ինչքանով է ձեռնտու արտագնա աշխատանքի մեկնողների համար, բայց այն, որ այս պայմաններն ավելի բարենպաստ են թվում, փաստ է:
Ինչպես հիշում եք, վերջերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի քաղաքացիների համար այս օրենքը: Փաստորեն ստացվում է այնպես, որ Ռուսաստանը Հայաստանի համար իրոք վերանայում է այս օրենքը: Մարդ նույնիսկ չգիտի՝ ուրախանա, թե տխրի, и смех и грех. ինչ ասեմ, կարելի է շնորհակալություն հայտնել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյային, որ կարողացավ լուծել այս հարցը, և այժմ մեր բազմահազարավոր քաղաքացիների համար ավելի հեշտ կլինի մեկնել արտագնա աշխատանքի և ծայրը ծայրին հոգալ իրենց ընտանիքների կարիքները: Տեսեք, անկախ դրա դրդապատճառներից և հանգամանքներից, կարելի է արձանագրել, որ «մերոնք» կարողացան լուծել այս հարցը ռուսների հետ, հիմա դա եղավ Արթուր Բաղդասարյանի շնորհքի կամ էլ շարմի միջոցով, թե լուծվեց ավելի բարձր էշելոններում, հարցի միանգամայն այլ կողմն է: Այնպես որ, ևս մեկ անգամ հայտնենք մեր «գոհունակությունը» մեր իշխանություններից, սակայն չնշել չեմ կարող, որ ցավը նրանում է, որ մարդ պետք է շնորհակալություն հայտնի իր երկրի պաշտոնյայից, ով իր բազմահազարավոր քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրը լուծում է` օտարերկրյա պետությունում «աշխատանքի տեղավորելով»: