Aravot.am-ը գրում է.
Այսօր Գավառի ընդհանուր իրավասության դատարանում 4 անգամ հետաձգվելուց հետո, վերջապես, տեղի ունեցավ հանրաճանաչ բախտագուշակ Վարսիկի որդու` Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ բախտագուշակի որդին պարբերաբար խոշտանգումների է ենթարկել կնոջը` Հասմիկ Խաչատրյանին: Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկելուց ու հայհոյանքներից բացի, պարբերաբար ծխախոտը հանգցրել է կնոջ մարմնին, անգամ 6-ամյա տղային է ստիպել է թքել մոր վրա եւ բռունցքով հարվածել մոր երեսին: Սարգիս Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով: Այսօր Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Սարգիս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի,այսինքն` ընտրվի կալանքը, որպես խափանման միջոց: Տիգրան Մուրադյանի խոսքերով` «Դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց` գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետո այդ հարցին անդրադառնալու հիմնավորմամբ: Ըստ դատարանի, միջնորդությունում ներկայացված առկա ապացույցները դեռեւս հետազոտված չեն, բայց ես ողջամիտ չեմ համարում այդ հիմնավորումը»: Այսօր դատարանում որպես վկաներ ցուցմունք են տվել Հասմիկ Խաչատրյանի ծնողները, եւ ինչպես փաստաբանն ասաց, պատմել այն ամենը ինչ նախաքննական մարմնի ցուցմունքում են նշել. «Թե ինչ է տեղի ունեցել, ինչ վիճակում են տեսել Հասմիկին իրադարձության օրը, ինչպես են Հասմիկին ծեծված, ջարդված տեսել ու տարել հիվանդանոց»: Դատարանում Հասմիկ Խաչատրյանն էլ բավականին ծավալուն ցուցմունք է տվել, փաստաբանի խոսքերով` Հասմիկը մոտ 1.5 ժամ ներկայացրեց դեպքը, բայց ամբաստանյալի փաստաբանը փորձում էր հարցերով թուլացնել Հասմիկի ցուցմունքը, ինչ-որ հակասություններ գտնել, բայց չստացվեց: Ամբաստանյալի փաստաբանն էլ է դատարանին միջնորդություն ներկայացրել` գործը դռնփակ նիստով անցկացնելու համար: Տիգրան Մուրադյանի խոսքերով`«Նրանք դռնփակ նիստի այդ միջնորդությամբ փորձում էին մեղմացնել գործի հնչեղությունը, որպեսզի գործը գաղտնիության շրջանակներում քննվի, լուսաբանելու հնարավորություն չլինի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ