Armversion.am-ը գրում է.
Կինը թարգմանության նման է. ասում է բանաստեղծ Մերուժանը, որի հետ զրուցեցինք իր՝ բոլորովին վերջերս լույս տեսած «Պոռնեզիա» ժողովածուի շրջանակներում:
-Ձեր վերջին գիրքը, որը լույս է տեսել, կոչվում է «Պոռնեզիա», որտեղ որպես խորագիր գրված է՝ «Փառքի երգեր լքվածներին», ի՞նչ նկատի ունեք լքվածներ ասելով.
- Գրքում ամփոփված բանաստեղծությունները` իբրև փառքի երգեր, ձոնված են այն կանանց, որոնք այսօր լքված են, անտեսված հասարակության կողմից, ըստ արժանվույն գնահատված չեն, ցավոք սրտի, նրանք մերժված դասին պատկանող կանայք են: Մինչդեռ ինչպես յուրաքանչյուր կին, նրանք ևս արժանի են թե՛ գուրգուրանքի, թե՛ քնքշանքի, թե՛ մեծարանքի:
-Ի՞նչ ասել է՝ մերժված դաս.
-Մերժված դաս. իրենց սիրելիներից լքված կանայք, խաբված կանայք, չգանահատված կամ ժամանակավորապես «օգտագործված» կանայք: Դա դասակարգում է, քանի որ տղամարդիկ մեծ էգոիստներ են, ու նրանց զոհերը քիչ չեն:
-Ի՞նչ եք կարծում, մեղքի բաժինն ավելի շատ կնո՞ջն է, որը հավատում է հավերժությանը, վստահում է ասված յուրաքանչյուր խոսքին: Միգուցե հենց կինն է սխալ, որ ռեալ չի նայում իրականությանը, ի վերջո, ամեն ինչ շարժման մեջ է…
-Մեղադրել որևէ մեկին այսօր իրավունք չունենք, բայց կինն է ընտրում այն տղամարդուն, ում նկատմամբ ունենում է զգացմունք: Որպեսզի այդ հարաբերությունը տևական լինի և կնոջ էությունն ու գեղեցկությունը գնահատականքի արժանանա, տղամարդը պետք է ամեն օր հայտնաբերի նրա մեջ գեղեցիկը և ապա գնահատի այն: Իմ կարծիքով, չկան տգեղ կանայք, բոլոր կանայք էլ ունեն գեղեցկություն, սակայն կանանցից յուրաքանչյուրի մեջ գեղեցկությունն արտահայտվում է յուրովի և դժվար է այն գտնել, բայց ես գիտեմ մի բան, կինը սովորաբար դասական գրականության մեջ համեմատվում է թարգմանության հետ: Ասում են՝ թարգամանությունը նման է կնոջը. եթե հավատարիմ է, գեղեցիկ չէ, եթե գեղեցիկ է, հավատարիմ չէ: Քիչ են այն կանայք, որոնք և հավատարիմ են, և գեղեցիկ: Իրականում կնոջ ինտուիցիան չի դավաճանում իրեն, ուստի նա ավելի իրատես է և արագ կողմնորոշվող, քան տղամարդը: Ցանկացած կին իր ընտրության մեջ ավելի ռեալական է և հաստատուն, քան տղամարդը:
-Տղամարդիկ, սովորաբար, իրենց կյանքի կանանց տարբեր մասերի են բաժանում՝ տան կին, սիրելի կին, աշխատավայրի կին. կանայք, որոնք լրացնում են նրանց կյանքը, բաժան- բաժան անում իրենց: Հատկապես հայ տղամարդիկ չափազանց տնավարի են վարվում իրենց շրջապատող կանաց հետ, մտածելով թե՝ նրանց նվաճելը, իրենցով անելը տղամարդու առավերությունն է, ու շատ հաճախ ընկնում են կրակը:
- Որևէ կին չի կարող պարունակել այն ամենը, ինչ դուք ասացիք, ի վերջո, բացասականը լինում է նաև կանանց մեջ, ինչպես կարող է կինը իր մեջ համադրել գեղեցիկը, խելացին, արտաքինով հմայիչը և, այսպես ասած, ամենագետը, հնարավոր չէ այս ամենը համատեղել և խտացնել իր մեջ: Մարդն ի ծնե իր արատավոր կողմերն ունի, ինչպես նաև ունի իր առավելությունները: Կինը հրապույրի առակա է, նյութ է, դու պետք է գնաս դեպի նա և, նրա մեջ գտնելով գեղեցիկը, սիրես, այնպես սիրես, որ ինքը զգա քո կողմից տրված գնահատականը և ինքը փոխադարձի քեզ իր սերը: Ինչ վերաբերում է տղամարդու կողմից իր շրջապատող կանաց տնավարի վերաբերվելուն, ապա դա խոսում է տղամարդու մտավոր կարողությունների թուլության և անճաշակության մասին: Բարձրագույն ճաշակ ունեցող տղամարդն ընտրում է իր ճաշակին համապատասխան կին և բավարարվում միայն նրանով:
-Բայց շատ մարդիկ դժվար են հետ կանգնում սովորությունից, որովհետև սերը պահելը, անընդհատ սիրո հետ կապված աշխատանքը տղամարդկանց համար, հատկապես ծույլ տղամարդկանց, մի տեսակ հոգնեցուցիչ է: Իսկ առօրյա, զուտ ֆիզիլոգիական կարիքը բավարարող կանայք շատ են շուրջը: Այսօր տղամարդկանց հոգնած տեսակ է ի հայտ եկել, որոնք բավարավում են ձեռքի տակ եղածով:
-Չկա որևէ կին, որ չունենա հմայքի, հրապույրի, գրավչության ուժ, բոլոր կանայք ունեն, այստեղ մի բան կա, տղամարդը ոչ թե իրավիճակից ելնելով պետք է մոտենա կնոջը, այլ պետք է սիրի, սիրի այնպես, որ կարողանա նվիրվել իր արյամբ, իր ողջ էությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ