Եկեք դաստիարակենք կոմունիզմի գործին անվերապահորեն նվիրված սերունդ

Վիկտոր Իվանով, 1947

Խորհրդային քարոզչության պաստառներն առաջին անգամ հայտնվեցին այն բանից հետո, երբ հաջողությամբ պսակվեց ռուսական հեղափոխությունը: Դրանք օգտագործվում էին հեղափոխությունը առաջ տանելու, նոր հասարակության հանդեպ լավատեսական տրամադրություն ստեղծելու և Լենինի կառավարության հակառակորդներին ահաբեկելու համար: Այդ ժամանակ շատ քիչ ամսագրեր էին հրատարակվում, և հենց այդ պատճառով պաստառները ծառայում էին իբրև հաղորդակցման գլխավոր միջոց: Ռուսական հեղափոխության ժամանակ մարդկանց զգուշացնում էին, որ ցանկացած մարդ, ով կպատռի կամ կջնջի այս պաստառը, հակահեղափոխական արարք է գործում:   

1930-ականներին, երբ իշխանության գլուխ էր անցել Ստալինը, այս պաստառների շեշտը ավելի շատ քաղաքական կարգապահության վրա էր, ինչպես նաև կառավարական ամբիցիոզ ծրագրերի՝ մասնավորապես հողի կոլեկտիվացման վրա:  Հետագայում շատերը ստեղծեցին վառ գույների ու բազմաբնույթ ձևերի հզոր և դինամիկ պաստառներ: Այնուամենայնիվ, հետագայում դրանց փոխարինելու եկան իրատեսական նկարներով պաստառները: Ամենուրեք կարելի էր տեսնել Կարմիր աստղը՝ Կարմիր բանակի խորհրդանիշը: Նույնը կարելի է ասել և մանգաղի ու մուրճի մասին:  Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ժամանակ այս պաստառները փակցված էին ամենուրեք: Դրանց օգնությամբ իշխանությունը ձգտում էր համոզել մարդկանց նպաստել Խորհրդային Միության վարած քաղաքականությանը, ծառայել բանակում և բարոյականության ոգով դաստիարակել քաղաքացիներին:

 Ջախջախենք դրան


 Վիկտոր Դենի, 1930

Այս պաստառը գործածվել է դարի առաջին կեսին՝ երկրում արմատացած սոցիալական և մշակութային բացասական երևույթները արմատախիլ անելու համար: Պաստառում պատկերված է, թե ինչպես է մի մարդ կոտրում ալկոհոլի շիշը մի մուրճով, որի վրա փորագրված է «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»: Այս պաստառի ստեղծման ժամանակաշրջանում ալկոհոլը համարվում էր հեղափոխության ոխերիմ թշնամին: Պաստառի տակ նաև մի բանաստեղծություն է գրված:

Հեյ դուք, ալկոհոլի հետ կատակ չանեք,

Ավելի լավ է այն ջախջախել շեշտակի,

Ջախջախել ողջ ուժով,

Ջախջախել ամեն օր, ամեն քայլափոխի,  

Ջախջախել ողջ ցասումով,

Թշնամուն հանգիստ մի՛ տվեք:

Դու զինվորագրվե՞լ ես


 Դմիտրի Մուր

Ռուս աշխատավորների աջակցությունը շահելու համար այս հայտնի պաստառի վրա օգտագործվեց Կարմիր բանակի զինվորի նկարը: Զինվորը շեշտակի հարցնում է դիտողներին, թե արդյո՞ք նրանք նվիրված են հեղափոխություն իրականացնելու գաղափարին:

Բերանդ փա՛կ պահիր


 Նինա Վատոլինա, 1941

Սա երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի պաստառներից մեկն է: Դրա հեղինակը՝ Նինա Վատոլինան, ստեղծել է այս պաստառը բամբասելու վտանգավորության մասին զգուշացնելու համար: Պաստառի բանաստեղծությունը գրվել է Խորհրդային Միության բանաստեղծ Սամուլի Մարշակի կողմից:  Ստորև կարող եք կարդալ բանաստեղծության հայերեն թարգմանությունը.

Զգո՛ն եղիր:

Մեր օրերում անգամ պատերն ականջներ ունեն:

Շատախոսությունից ու բամբասանքից դեպի դավաճանություն մի քայլ է:

Պաշտպանենք ԽՍՀՄ-ը


Վալենտինա Կուլագինա,  1930

Այս հասարակ, սակայն միաժամանակ ապշեցուցիչ ու գունագեղ պաստառը ստեղծվել է 20-րդ դարի ամենանշանավոր նկարչուհիներից մեկի՝ Վալենտինա Կուլագինայի կողմից:  

Մայր հայրենիքն է կանչում

Իրակլի Տոիդզե  

Այս պաստառը լայնորեն տարածվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում: Պաստառի միջոցով քաղաքացիներին կոչ էին անում իրենց երկրի առաջ իրենց պարտքը կատարել:

Հանուն հայրենիքի

Ալեքսեյ Կոկորեկին   

Ալեքսեյ Կոկորեկինի «Հանուն հայրենիքի» պաստառի վրա պատկերված է ծանր վիրավորված մի նավաստի, ով հակատանկային նռնակ է նետում իր հակառակորդների ուղղությամբ: Սա ևս արվեստի ազդեցիկ ստեղծագործություն է, որը միտված է հայրենասիրության զգացում ծնել Խորհրդային Միության քաղաքացիների շրջանում:

Կարմիր բանակի զինվո՛ր, փրկի՛ր մեզ

Վիկտոր Կորետսկի

Պատերազմի առաջին մասը ԽՍՀՄ-ի համար կատաղի էր: Սա ընդգծված է Վիկտոր Կորետսկիի պաստառում, որտեղ պատկերված է, թե ինչպես է մի նացիստ իր արյունոտ սվինն ուղղել երեխային գրկած մոր վրա: Պաստառի հետին պլանում կրակ է նշմարվում:

Կոմունիզմի երիտասա՛րդ կառուցողներ

Սա վաղ շրջանի այն պաստառներից է, որոնց շնորհիվ պրոպագանդվում էր կոմունիզմն ու կրթությունը: Պաստառի վրա գրված է. «Կոմունիզմի երիտասա՛րդ  կառուցողներ, առա՛ջ դեպի աշխատանքային ու կրթական նոր ձեռքբերումներ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել