Վանա Հակոբյան, անհատ ձեռնարկատեր, 31 տարեկան: Ծնվել է Բեյրութում: 1987թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1994թ. մեկնել է ԱՄՆ, ուր բնակվել է Կալիֆորնիայում, ապա Հավայան կղզիներում: Քաղաքագիտության բակալավր է:
Հարց. Վանա, սա Ձեր երկրորդ «վերադարձն» է Հայաստան: Ի՞նչ կարող եք ասել հայ երիտասարդության, մասնավորապես սեքսի նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին: Այս ճակատում որևէ փոփոխություն նկատո՞ւմ եք:
Պատասխան. Այդ հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Փոփոխություններ, անշուշտ, կան, բայց դրանք հեղափոխական անվանել չեմ կարող: Ինչպես նախորդ այցիս ժամանակ (հինգ տարի առաջ), այնպես էլ հիմա, հասարակությունը հստակ տարանջատված է «ազատամիտների» և պապենական կարծատիպերով առաջնորդվող «քյարթուների»: Միակ դրական շարժը, թերևս, նրանց թվաքանակների հարաբերակցության փոփոխությունն է հօգուտ «ազատամիտների»:
Հ. Իսկ Դուք հայաստանցի տղաների հետ ինտիմ կապերի փորձ ունե՞ք: Ինչպիսի՞ն են նրանք:
Պ. Հայ տղաներն, անշուշտ, շատ գրավիչ են: Ինձ հատկապես գերում է նրանց խելքն ու ջենթլմենությունը: Միացյալ Նահանգներում ոչ մի տղա աղջկա առջև դուռ չի բացում, նրա վերարկուն կամ ձեռքի ծանրությունը վերցնել չի առաջարկում: Այս վերաբերմունքն ինձ համար դրական առումով սթրես էր: Գուցե դա էր պատճառը, որ զուգընկերոջս ընտրության հարցում յուրահատուկ էքսպերիմենտի դիմեցի: Նրան վստահ կարելի է դասել «քյարթուների» խավին, այնինչ նախկինում մտերմություն էի անում բացառապես արվեստի բնագավառի մարդկանց հետ:
Հ. Ձեր հայաստանցի զուգընկերներն ինչպե՞ս են իրենց դրսևորում անկողնում: Հուսախաբ չե՞ն անում:
Պ. Ամենևին ոչ: Հայաստանցի զուգընկերներիցս շատ գոհ եմ: Նրանք բնական ու ազատ են անկողնում: Արտերկրում շատ էի լսում հայաստանցի տղաների պահպանողականության մասին, որն, անկեղծ ասած, ինձ նույնիսկ զվարճալի էր թվում: Այստեղ հասկացա, որ շատ բաներ չափազանցված էին: Օրինակ՝ կոպտության ու չտեսության մասին ասեկոսեներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Այդուհանդերձ, որոշներն էլ հաստատվեցին: Օրինակ` այն, որ հայ տղաները խուսափում են սեքսի ոչ ավանդական ձևերից:
Հ. Իսկ ի՞նչ կասեք հայաստանցի աղջիկների մասին: Նրանց նույնպե՞ս գրավիչ եք համարում:
Պ. Հայ աղջիկների նման իրենց արտաքին տեսքին և հագուկապին հետևող աղջիկներ ես դեռևս չեմ հանդիպել: Պարզապես հաճույք եմ ստանում նրանց նայելուց: Նրանք աներևակայելի կանացի և էլեգանտ են: Ես, օրինակ, երբեք չեմ կարողանա ինքս ինձ ստիպել նրանց պես անընդհատ բարձր կրունկների վրա լինել, իրանը պիրկ գրկող հագուստներ կրել և շպարվելուն այդքան շատ ժամանակ տրամադրել: Երևույթն, իհարկե, գովելի է, միաժամանակ անհասկանալի, քանի որ իմ այստեղի ծանոթների մեծ մասն այդքան ջանք են գործադրում, որ սեքսուալ տեսք ունենան, բայց, միևնույն ժամանակ, անհասանելի են տղաների համար: Էլ չեմ խոսում մինչամուսնական սեքսի մասին: Ի՞նչ հաճույք են ստանում տղաներին տանջելուց:

Հ. Ո՞րն է հայաստանցի երիտասարդների մոտ սեքսի նկատմամբ ճիշտ մոտեցում մշակելու լավագույն ճանապարհը:
Պ. Առաջ շատ էի կարևորում դեռ վաղ հասակից կրթական հաստատություններում երեխաների սեռական դաստիարակության խնդիրը: Սակայն, վերլուծելով ամերիկյան հասարակության մոդելը, հանգում եմ այն եզրակացության, որ նման մոտեցումը որքան դրական, այդքան էլ բացասական երանգներ ունի: Մի կողմից երեխան սկսում է տիրապետել սեքսի մասին ճիշտ տեղեկատվության, մյուս կողմից ստացվում է, որ պետական մակարդակով նրան սեքսով զբաղվելու խթան է տրվում: Արդյունքում` սեքսը դառնում է կին-տղամարդ հարաբերությունների գլխավոր բաղադրիչը: Ուրախ եմ, որ Հայաստանում այդ հարաբերությունները միայն սեքսի վրա չեն կառուցված: Այստեղ առաջին պլան է մղվում զգացմունքը:
Հ. Որպես ապագա մայր, ո՞ր միջավայրը կընտրեք ձեր երեխայի համար:
Պ. Միանշանակ` հայկականը: Չնայած առկա բոլոր թերություններին՝ հայ հասարակությունն ավելի մոտ է իմ երազած մոդելին: Ավելի լավ է երեխաս չափավոր կոնսերվատիզմի կրող լինի, քան 13-14 տարեկանում սեռական հարաբերություն ունենա:
Նյութը տպագրվել է «Պիոներ» շաբաթաթերթում



