Kinoashkharh.am-ը գրում է.
Նրա անվան հետ է կապված հայկական մուլտիպլիկացիայի վերածնունդն այն 20-ամյա ընդմիջումից հետո, որ հաջորդել էր հիմնադիր, անվանի մուլտիպլիկատոր Լև Ատամանովի (Լևոն Ատամանյան) գործունեությանը Հայաստանում: Պոդպոմոգովն իր առաջին աշխատանքը` «Մի կաթիլ մեղրը» (ըստ Թումանյանի համանուն գործի) մուլտիպլիկացիոն կինոնկարը, ստեղծեց 1968-ին: Հետո հաջորդեցին մյուսները: Սակայն ամենակարևորը գուցե այն է, որ Պոդպոմոգովը ոգևորեց և իր շուրջը համախմբեց մի շարք շնորհալի երիտասարդների, որոնք հետո պետք է շարունակեին կերտել մեր ազգային մուլտարվեստի պատմությունը:
Կինոստուդիայում հայտնվելով պատանի հասակում` 1940-ականների սկզբին, նա մոտ կես դար աշխատեց այդտեղ: Սկսելով մուլտիպլիկացիայից` այնուհետև երկար տարիներ հանդես եկավ իբրև բեմադրող-նկարիչ և եզրափակեց իր գործունեությունը «Հայֆիլմում»` վերադառնալով մուլտիպլիկացիա: Ահա իբրև այսպիսի յուրօրինակ մի կորագիծ է ներկայանում նրա կարիերան կինոստուդիայում: Եվ ստացվեց այնպես, որ 1990-ականներին, երբ «Հայֆիլմը», ինչպես և մեր ողջ երկիրը, հայտնվեց անասելի դժվարությունների առաջ, Պոդպոմոգովը, զրկվելով աշխատանքից, ամբողջովին նվիրվեց նկարչությանը:
Ինքնուս նկարիչ, անիմատոր, կինոնկարիչ, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1966),
ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998) ոչ միայն ինքնատիպ արվեստագետ էր, այլև չափազանց հետաքրքիր մարդ, զարմանալի, անկանխատեսելի զրուցակից: Դա կհաստատեն նրանք, ովքեր կյանքում թեկուզ մեկ անգամ հանդիպել են նրան: Ունենալով ընդամենը հինգերորդ դասարանի կրթություն` նա տեղյակ էր ամեն ինչից, զարմացնում էր իր բնատուր, խորքային իմացությամբ: Նրա մեջ ձգողական ուժ կար, մարդիկ պարզապես մղվում էին դեպի նրա տուն… Շփվելիս շատ մատչելի էր թվում, անորսալի լինելու հետ մեկտեղ: Եվ իհարկե առանձին խոսակցության նյութ է Պոդպոմոգովի հումորը: Նրա զավեշտալի պատասխաններն ու արարքները կարող են մի ստվար հատոր դառնալ:
Սակայն ոչ պակաս գրավիչ է և Պոդպոմոգովի կենսագրությունը` կայացման պատմությունը: Ունենալով հայ մայր և լեհ-ուկրաինական արմատներով ռուս հայր` նա հետևողական հավասարակշռությամբ էր կրում իր ծագման առանձնահատկությունը, անձնական թերթիկ լրացնելիս գրում էր. «Ազգությունը` ռուս, մայրենի լեզուն` հայերեն»:
Իսկ երբ հարցնում էին նրան, թե ինչ նկարիչ է, այսինքն` ինչ ուղղության, «իզմի» է հարում, Պոդպոմոգովն անկաշկանդ պատասխանում էր` լավ նկարիչ, ավելացնելով, որ վատ նկարիչներ չեն լինում, պարզապես լինում են չհաջողված գործեր:
Ուսանողական տարիներին կինոգետ Գարեգին Զաքոյանի առաջարկությամբ ֆիլմադարանի համար հարցազրույց անելու նպատակով ինձ բախտ վիճակվեց հյուրընկալվել Վալենտին Պոդպոմոգովի տուն-արվեստանոցում: 1998 թ. մարտի 25-ն էր: Մենք կարծես թե հայտնվել էինք ուրիշ ժամանակի և ուրիշ տարածության, նույնիսկ տարածաչափության մեջ: Հայացքս առաջին հերթին սևեռվեց Կոմիտասի դիմանկարի վրա: Մտքումս անմիջապես ծագեց «մարգարե» բառը և մեր այդ մեծագույն հանճարին Հրանտ Մաթևոսյանի կողմից տրված աներևակայելի ճշգրիտ բնորոշումը` «մեր այդ սևազգեստ արևը»: Քիչ այն կողմ «Խորհրդավոր ընթրիքն» էր, որում Քրիստոսի հագուստը թիրախ էր հիշեցնում, իսկ նրա աշակերտներին փոխարինել էին մոմերը, ավելի ճիշտ` նրանց գցած «ճգնավոր» ստվերները: Մոմերից մեկը հանգած մխում էր… Այդ կտավի կողքին Վլադիմիր Վիսոցկու դիմանկարն էր:
Նա էլ էր արտասովոր հանդերձանքով և նույնպես նման էր մարգարեի: Երբ ասացի` Ձեր կերպարները կարծես մարգարեներ լինեն, Պոդպոմոգովը, չսպասելով հարցիս, անմիջապես հաստատեց. «Իհարկե մարգարեներ են»:
Բավական շփոթեցնող սկիզբ էր նախատեսված երկար հարցազրույցի համար: Թվաց, թե ամեն ինչ արդեն ասված է: Եվ առհասարակ ողջ զրույցի ընթացքում նա շարունակ վերջակետ էր դնում յուրաքանչյուր պատասխանի, կարծես ամփոփիչ բնույթ էր հաղորդում, իսկ հետո հարց ուղղում օպերատոր Սիրական Աբրոյանին, թե ժապավենը չվերջացա՞վ արդյոք… «Պատմությունները շատ են, իսկ ժապավենը` քիչ»,- կատակելով արձանագրում էր նա ու ժպիտը դեմքին փորձում մեզ հրաժեշտ տալ: Ամեն կերպ աշխատելով չհանձնվել` չարչարում էի նրան նորանոր հարցերով` առանց մտքովս անգամ անցկացնելու, որ դա նրա վերջին հարցազրույցն է: Իսկ նա՞… Առույգ, լուսավոր այդ մարդը մի՞թե զգում էր, որ մոտենում է վերջակետի և այդ պատճառով գուցե թույլ էր տալիս, որ շարունակ տեղաշարժվի մեր հանդիպման վերջակետը…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ