Ոստիկանությունն այս անգա՞մ էլ կսատարի ՀՀԿ-ականներին Hraparak.am-ը գրում է.

Օրերս Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստների եւ հանրապետական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվեց քրեական գործ: Առայժմ քննություն է ընթանում: Թե հօգուտ ում է ընթանում, դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի նկատմամբ ոստիկանության  գորովալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է բազմաթիվ քրգործերում:

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ղեկավար Գագիկ Համբարձումյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե գոնե այս անգամ կպատժվե՞ն ՀՀԿ-ականները, առավել եւս, որ նրանց արարքի վերաբերյալ առկա են տեսագրություններ, որտեղ պարզ երեւում է, որ նրանք խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների սահմանադրական իրավունքի իրացումը, Համբարձումյանը պատասխանել է. «Դուք Ձեր հարցի ձեւակերպման մեջ ոնց որ թե թելադրում եք պատասխանը, արդարությունը կապեցիք անպայման ՀՀԿ-ի երիտասարդական թեւին պատժելու հետ, հակառակ դեպքում՝ արդարություն չկա:

Եթե Դուք արդեն ընդունում եք, որ քննություն է գնում, ապա թե ով է գնացել, նրանք են ինչ-որ հատվածում օրենքի շրջանակից դուրս եկել, թե մյուսները, դա կորոշվի քննությամբ: Եթե ես կանխորոշ պատասխան տամ, դա պրոֆեսիոնալ կլինի՞: Եթե ես նման ձեւով ասեի՝ այո, նրանք կպատժվեն, դա կլիներ կանխակալ, ու ես էլ ինչ-որ չափով Սահմանադրությունը կխախտեի։ Քննություն է կատարվում, քննության արդյունքներով որ կողմը մեղավոր կլինի, նա էլ կպատժվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել