Հասարակությունը «էգոների» համակարգ է, որտեղ նրանք միմյանց հետ ընկերություն են անում՝ իրենց «էգո»-ից ելնելով: Ոչ ոք մյուսին ձեռք չի մեկնի, եթե իր սեփական ձեռքը չունենա մեկ այլ ձեռք բռնելու կարիք: Միմյանց օգնելու և ընկեր դառնալու մարդկային ցանկությունների քողի տակ թաքնված է գերմարդկային էգոիզմը, որն իր էգոն բավարարելու նպատակով հանդես է գալիս «ընկերոջ» դերում: Ընկերներ երբեք չեն կարող դառնալ նրանք, ում էգոները միմյանցից ստանալու ոչինչ չունեն:
Մարդկանց փոխշահավետ համագործակցության վրա հիմնված անմարդկային հասարակությունը իր հավերժական մեխանիզմը փափկացնելու ու պուպուշացնելու նպատակով ստեղծում է երևակայական «հերոսներ», որոնք անքաքտելի օրենքների նման ծանրանում են մարդկանց ուսերին: Այդ «հերոսների» պատկերումից դուրս հայտնվում և դավաճան է համարվում այն անձը, ով չի զսպում իր մեջ գլուխ բարձրացրած էգոն. չի զսպում, քանի որ այլևս իր էգոն թաքցնելու և ստանալու ոչինչ չունի:
Հասարակությունում լավ ընկերներ են լինում այնքան ժանամակ, քանի դեռ մեկնումեկի էգոն սկսում է չզգալ մյուս էգոյի ընկերակցության կարիքը: Ստանալով բավարարվածություն համատեղ ընկերակցությունից՝ էգոն թողնում է իր «ընկերոջը» և սկսում մեկ ուրիշ «ընկերոջ» փնտրտուքը, իսկ նա, ով դեռ միտք չուներ բաժանվելու «մտերիմից»՝ զգում է անբավարարվածություն և համարվում դավաճանված: Դավաճան ընկերոջ դավաճանության գիտակցումը երևան է գալիս այն ժամանակ, երբ սկսում ենք զուգահեռներ տանել երևակայական հերոսների ու դավաճան ընկերների միջև: Հերոսացված կամ իդեալականացված ընկերների անմատչելիության զգացումը առաջ է բերում ծայրահեղ հիասթափություն, քանի որ սկսում ենք չգիտակցել, որ մարդիկ էգոիստ արարածներ են, իսկ էգոները իրենցից բացի, ոչ ոքի մասին չեն մտածում:
Պարզապես անմտություն է մարդուն դավաճան անվանելը, քանզի նա ապրում է իր էգոյի հաշվին ու էգոյին ենթարկվում, իսկ քանի որ էգոները ամենակեր են ու հավատարիմ իրենց սկզբունքներին, նրանք երբեք իրենց չեն դավաճանում:
Աննա Գսպոյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/02/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել