«Եթե ուզում ես նվաճել մի պետություն, այլասերիր այն…»
Այլասերող նվաճողի մտքերից…
Օրերս հեռուստաեթերի մաքրման պահանջով հերթական նախաձեռնությամբ հանդես եկան մի խումբ երիտասարդներ: Նրանց այս քայլը քննարկվեց մի շարք ձևաչափերում, և որ սպասելի էր, չընկալվեց միանշանակորեն: Մարդիկ, ովքեր եթերային փափուկ օթյակներում ջուր են լցնում մեր ազգակործան հեռուստատեսության ջրաղացին ատամներով սկսեցին պաշտպանել հեռուստատեսությունն ու դրա հետևանքները: Դե, ենթադրել կարելի էր, նույն եթերի շնորհիվ իրենք միանգամից-մի հարվածով հայտնի դարձան իբրև տաղանդավոր«դեմքեր». իրենց չեղած արվեստը եղածի տեղ ներկայացրին…իսկ հիմա, ընդունել, որ եթերը դատարկ է ու անորակ, նշանակում է ընդունել, որ իրենք են դատարկ ու անորակ:
Հերթական նման քննարկումը հեռուստաընկերություններից մեկի տաղավարում էր. Ափսոս քննարկումը մի քանիսի ձայնային դիապազոնի հետևանքով դարձավ ղալմաղալ ու հերթական անգամ ապացուցեց, որ մեր եթերներում հայտնվում են հիմնականում նրանք, ովքեր իրենց չգիտեն ինչպես պահել ու ինչ խոսել: Կանայք, հայ կանայք , որ համեստության ու խոնարհության օրինակ են եղել մշտապես, հանկարծ եթերով հոգևորականի ներկայությամբ թույլ են տալիս իրենց բղավել այնպես, ինչպես շենքի վերելակը մաքրելու համար հարթակին վեճ սարքող որոշ կանայք: Ու սկսում ես կասկածել, արդյոք հայուհի են այս տիպի կանայք: Բայդ դրա փոխարեն պարզվեց նրանք են կասկածում դիմացինի հայ լինելու մեջ: Այս «մտավորականուհիների» կողմից թուրքական գործակալ որակումը տրվեց հայ հոգևորականին, ով մտահոգ է ազգային արժեքների պահպանումով: Մի տեսակ անհասկանալի է դառնում. նրանք, ովքեր ազգը տանում են դեպի կործանում ու այլասերում, այլանդակում ու խեղում ազգի դիմագիծը, իսկական հայեր են, իսկ նրանք, ովքեր պայքարում են այդ ստեղծված իրավիճակի դեմ` թուրքական գործակալ: Սա է տրամաբանությունը իրենց մտավորական համարող բանաստեղծուհիների ու արդյոք նրանց օրինակը պիտի վերցնի ազգը ու սկսի իր հոգևորականի հետ խոսել տգետ չարչիի լեզվով:
Հաղորդումն ամբողջությամբ դիտեք այստեղ՝ http://www.kentron.tv/am/programs/news-politican/haykakan-urbat, 30-06-2012 վերնագրով: