Քիչ արաջ NEWS.am կայքում կարդացի այն մասին, որ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը անդրադարձել էր իմ և իմ ընկերների կողմից իրականացված ակցիային Սպիտակ քաղաքում:
Հիմա նախ ուզում եմ կոչ անել հարգարժան պ-ն քաղաքապետին զերծ մնալ անձնական գնահատակններից և ապատեղեկատվություն տարածելուց: Քանզի իր ասածների մեծ մասը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Նախ այն, որ դուք չեք ճանաչում ինձ կամ իմ գործընկերներին, դեռ չի նշանակում, որ մենք «կասկածելի վարքով մարդիկ ենք»: Ընկերներիցս մեկը, օրինակ, գիտությունների թեկնածու է, մյուսը ամսագրի գլխավոր խմբագիր, իսկ մյուսը հայտնի ակտիվիստ: Անկեղծ ասած, ես նույնպես չգիտեի Ձեզ և Ձեր անուն ազգանունը, բայց նույնիսկ Ձեր հանրապետական կրծքանշանով նկարը տեսնելուց հետո ինձ թույլ չեմ տա ասել, որ դուք կասկածելի վարք ունեք կամ ընտրված չեք, ինչպես Ձեր կուսակիցների մեծ մասը: Ուստի կոչ եմ անում զերծ մնալ նման մենախոսություններից:
Տեղեկացնեմ Ձեզ և հանրությանը, որ մենք գիշերը չենք եկել ու պաստառ էլ չենք պոկել, մենք այն ամրացրել ենք Երևանից հասնելով Սպիտակ քաղաք ժամը 19:30 սահմաններում, որը գիշեր դժվար թե անվանես, տեղադրել ենք և հանգիստ հեռացել:
Հիշեցնեմ պ-ն քաղաքապետին նաև, որ Սպիտակ քաղաքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկը և «Յանուկովիչի» հրապարակը նախ իրենից ներկայացնում է միջպետական նշանակության վայր և հետո միայն վերաբերվում է իրեն և ավագանիներին: Քանզի համաձայնեք, որ նույնիսկ ցանկության դեպքում դուք չեք կարող փոխել այդ անվանումը, եթե չլինի Ձեր ետեվի պատին կախված, իդեպ, շատ կասկածելի մարդու ցանկությունը և կփոխեք այն, եթե այդ նույն մարդը ցանկանա ու կգտնեք դրան բազմաթիվ բացատրություններ և էքսպերտներ:
Վերջում հավելեմ, որ «բռնակալ» և «մարդասպան» բառերի նշանակությունը, անկախ պաշտոնից, կրծքանշանից, դիրքորոշումից և ծագումնաբանությունից, միշտ կարելի է գտնել բացատրական բառարանում. դրանք հստակ են բոլորի համար:
Հուսամ, մենք բոլորս հասկացանք՝ ով, ով է և ինչ ծագումնաբանություն ունի:
Շնորհակալություն
Հարգանքներով «Արարատ Մեդիա Գրուպի» գլխավոր խմբագիր` Ալեն Սիմոնյան