Ուկրաինայում բախումների արդյունքում զոհերի թիվը գնալով աճում է: Վերջին տվյալներով, ըստ առողջապահության նախաարարության, զոհերի թիվը հասել է 75-ի: Այս համատեքստում ԱՄՆ երեք բարձրաստիճան պաշտոնյա հայտնում են տարբեր կարծիքներ՝ երկրի ապագայի և կառավարության գործողությունների վերաբերյալ:
Այսպիսով, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը գտնում է, որ Յանուկովիչը պետք է մնա իշխանության՝ առնվազն մինչև նոր ընտրություններ և փորձի Ուկրաինա տանել դեպի նոր ապագա, մինչդեռ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Յանուկովիչի հետ և սպառնացել պատժամիջոցներ կիրառել այդ երկրի իշխանությունների հանդեպ և կոչ արել Կիևը անմիջապես ազատել հատուկ ջոկատայիններից: Բայց ամենահետաքրքիր և տարբերվող հայտարարությունը արել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` ասելով, որ ժամանակն է Յանուկովիչը բանակցի ընդդիմության հետ՝ ձևավորելու համար անցումային կառավարություն:
Նախ սկսենք նրանից, որ լավ կլինի, որ ԱՄՆ-ում նման բարձրաստիճան պաշտոնյաներ առնվազն կարողանան համաձայնեցնել իրենց մոտեցումները արտաքին քաղաքական առաջնահերթություններում, այլապես ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այդ երկիրը նույնպես գտնվում է խուճապի մեջ և չգիտի՝ ինչպես վարվել այս իրավիճակում:
Հետո շատ ուշագրավ է հենց Քերիի առաջարկը՝ կապված այդ անցումային կառավարության հետ: Անկեղծ ասած, երբ այդ արտահայտությունը լսում եմ, աչքիս առաջ գալիս են Արաբական գարնան արհավիրքները: Մի՞թե պատմությունը կրկնվում է, և Արևուտքը այժմ էլ ցանկանում է պառակտել և անկայունացնել պոստսովետական այս երկիրը: Հուսով եմ, որ ոչ: Բայց ընթացքը հակառակն է ապացուցում: