Hayeli.am-ը գրում է.
Հայաստանում ամենակայուն, հիմնավոր և համակարգված գործող համակարգը պետական ռեկետն է: «Ռեկետն» ամենահարմար բառն է՝ բնորոշելու կուտակային կենսաթոշակների պարտադիր գանձումների գլուխկոտրուկը: Արդեն ավելի քան երկու ամիս ողջհանրապետության հաշվապահները չեն կարողանում հասկանալ՝ ի՞նչ անել. պահե՞լ, թե՞ չպահել կուտակայինի 5 տոկոսը, պահելուց հետո վճարե՞լ, թե՞ չվճարել կամ ու՞մ վճարել 5 տոկոս պահումը:
Սահմանադրական դատարանը հունվարի 24-ի հայտնի աշխատակարգային որոշմամբ կասեցրեց օրենքի պարտադիր բաղադրիչը և հայտարարեց, որ օրենքի չկիրառումը չի կարող հետևանանքներ ունենալ: Դրանից հետո Պետեկամուտներ կոմիտեն, Կենտրոնական բանկն ու Ֆինանսների նախարարությունը հայտարարեցին, թե ՍԴ որոշումը չի նշանակում, թե պահումներ չեն արվելու: Գլուխկոտրուկ հիշեցնող տարատեսակ հիմնավորումներ բերվեցին, թե ավտոմատ ծրագրային համակարգով է կատարվում աշխատավարձերի պահումները, թե չպահելու դեպում գործատուն խախտած կլինի եկամտահարկի մասին օրենքը և այլն և այլն: Բայց սրանք ընդամնենը հայտարարություններ էին, մասնագիտական որևէ հստակ պարզաբանում, կոնկրետ հարցերով ու օրենքից բխող պատասխաններով չներկայացվեց: Ի վերջո պարզվեց, որ պահումներն արվել են, սակայն դրանք չեն փոխացվել կուտակային հաշվեհամարներին: Բայց սա, ըստ էության, կառավարության փողերը հաշվողների պլանների մեջ չէր մտնում. նրանք ի սկզբանե հաշվարկել էին, որ այդ փողերը ստանալու են, ընդ որում՝ անհապաղ: Եվ ահա ուղիղ երկու ամիս ծանրութեև անելուց հետո ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարը վերջապես տվեցին բոլոր հարցերի պատասխանները. պահումները պետք է արվեն և պարտադիր պիտի վճարվեն պետական բյուջե:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:
Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը»,- իր տարածած հայտարարության մեջ նշել է ՊԵԿ-ը։
Իսկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մանրամասնելով խնդիրը, զգուշացրել է, որ բոլոր այն գործատուները, ովքեր արդեն պարտադիր կուտակային պահումներ են արել իրենց աշխատողների աշխատավարձերից, բայց այդ գումարները չեն փոխանցի գանձապետարանում բացված միասնական հաշվին, կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության:
Սա աննախադեպ իրավիճակ է, երբ ՍԴ-ն պաշտոնապես իր որոշման մեջ արձանագրում է, որ օրենքի պահանջների չկատարելը հետևանքներ չի առաջացնի, սակայն պետական պաշտոնայան, տվյալ պարագայում՝ նախարար Դավիթ Սարգսյանն ու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հստակ սպառնում են, որ չվճարելու դեպքում գործատուները կտուգանվեն: ՍԴ որոշման հետ կապված մեկնաբանություններն, այսպիսով, այլևս սպառված են: Նման պայմաններում ՍԴ դատավորները, նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավարությամբ, եթե դեռ գոնե մի քիչ արժանապատվության զգացում ունեն, պետք է դուրս գան փողոց ու միանան «Դեմ եմ» ակցիային: Նրանց պարագայում դա միանգամայն կարելի է դիտարկել, որպես պայքար հանուն սեփական աշխատատեղի պահպանման, որովհետև այսքանից հետո ՍԴ-ն որպես պետական ինստիտուտ և բարձր դատարան դադարում է գոյություն ունենալ:
Դավիթ Մանուկյան