Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի 9-րդ նիստի ընթացքում կազմակերպության անդամ երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել Ադրբեջանին՝ Խոջալուի դեպքերի հարցում և ճանաչել են դրանք որպես ցեղասպանություն: Ի՞նչ անել:
Այժմ խոսել Խոջալուի դեպքերի մասին, կարծում եմ՝ ավելորդ է. պարզ է, որ այս հարցը դարձել է Ադրբեջանի հակահայկական քարոզչության գործիքներից մեկը: Այնպես որ, իմաստ էլ չեմ գտնում խոսել այս դեպքերի մանրամասների մասին, առավելևս, երբ նույնիսկ իրենց առաջին նախագահ Այազ Մութալիբովն ինքն է ժամանակին անդրադարձել այս հարցին և, ի լուր աշխարհի հայտարարել, որ դա կազմակերպվել է իրենց այն ժամանակվա ընդդիմության կողմից: Մերոնք էլ իրենց հերթին ներկայացնում են հավելյալ փաստեր այն մասին, որ սա ադրբեջանցիների կողմից կազկակերպված ոճիր էր: Ինչևէ, դա թողնենք մի կողմ: Խոսենք այս «համերաշխության» մասին, որը ցուցաբերել են վերը նշված կազմակերպության անդամ-երկրները, և այն մասին, թե ինչքանով Հայաստանը պետք է մտահոգվի այս առիթով:
Նախ սկսենք այս կազմակերպության մասին մի փոքր պատմական ակնարկով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ մասնատվեց Օսմանյան կայսրությունը, արաբական աշխարհի մի քանի առաջնորդներ, որոշեցին ստեղծել, այսպես ասած, Ումմա (Ummah): Նշեմ, որ ումման արաբական բառ է, որը բառացի թարգմանած նշանակում է համայնք կամ էլ ազգ-երկիր: Այսպիսով, փորձ էր արվում միավորել ամբողջ իսլամական աշխարհը Միջին Արևելքի արաբների շուրջը և ստեղծել, այսպես կոչված, վերազգային միություն: Շատ չմանրամասնելով ամբողջ գործընթացը, ասեմ, որ այն, բնականաբար, չիրականացավ, հենց այն պարզ պատճառով, որ արաբական աշխարհը Մուհամեդ մարգարեից հետո երբեք գործնականում միասնական չի եղել, էլ չեմ խոսում իսլամական աշխարհի միավորման մասին:
Մինչ տվյալ կազմակերպության ստեղծումը, չափազանց շատ ջրեր են հոսել իսլամական աշխարհի առաջնորդների տարակարծությունների միջև, այնպես որ, ժամանակ խնայելով, սկսենք այս կազմակերպության հիմնադրման օրվանից: Դա 1969թ.-ի սեպտեմբերն էր, Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում, որտեղ հիմնադրվեց այս կազմակերպությունը: Այլ կերպ ասած, չկարողանալով հասնել իրենց նախնական ծրագրին, փորձեցին ստեղծել համագործակցության համար ավելի ընդունելի տարբերակ: Կազմակերպությունը միտված էր պահպանել իսլամական արժեքները, խրախուսել համերաշխություն և համագործակցություն անդամ երկրների միջև՝ սոցիալական, տնտեսական, մշակութային, գիտական և մի շարք այլ ոլորտներում: Ինչ վերաբերում է դրա անդամակցությանը, հարկ է նշել, որ ըստ էության, դրա համար ոչ մի լուրջ չափանիշ անհրաժեշտ չէր: Ընդամենը դիմող երկրի բնակչության 2/3-ը պետք է լիներ մահմեդական:
Դա հանգեցրեց նրան, որ այսօր այս կազմակերպությունը ունի 57 անդամ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներից և ՄԱԿ-ից հետո ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: 2008թ.-ին այն բարեփոխեց իր կանոնադրությունը՝ մի քիչ ավելի հստակություն մտցնելով իր կառուցվածքի և գործունեության մեջ, սակայն գրեթե նույնությամբ կրկնեց ՄԱԿ-ի կանոնադրությանը` հայտնելով իր աջակցությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և միջագային իրավունքին: Հատկանշականն էլ այն է, որ վերջին փոփոխությունները ուղղակիորեն հակասում են Մարդու իրավունքների մասին Կահիրեի հռչակագրին, որը ընդունվել էր 1990թ.-ին, և որն իբր պետք է ուղեցույց հանդիսանար անդամ-երկրների համար՝ մարդու իրավունքների հարցում այնքանով, որքան այն համատեղելի կլիներ Շարիաթի օրենքների հետ: Սա հակասություն է զուտ փոքր տեխնիկական մասով:
Բանն այն է, որ իր մեջ ընդգրկելով 57 երկիր, այս կառույցը չի կարողանում ոչ մի արդյունավետ որոշում կամ էլ քաղաքականություն իրականացնել: Ընդամենը, եթե նայենք պատկերը Միջին Արևելքում և հասկանանք, որ այդ բոլոր երկրները մաս են կազմում նույն կազմակերպության պարզ է դառնում, որ այս պետությունները ոչ մի ընդհանուր շահ ունենալ պարզապես չեն կարող և փաստ մնում է փաստ, որ ոչ մի լուրջ արդյունք այս կազմակերպությունը չի գրանցել միջազգային հարթակում: Միակ հարցը, որի շուրջ կարելի է ասել այս երկրներն ունեն ընդհանուր մոտեցում, Պաղեստինն է, ասեմ ավելին, այս կազմակերպության ստեղծման դրդապատճառներից մեկը հենց վեցօրյա իսրայելա-արաբական պատերազմն էր: Չնայած, նույնիսկ այս դեպքում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անդամ-պետություններից ոմանք շարունակում են շատ լավ, բարեկամական հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ, կարելի է եզրակացնել, որ դրա շուրջ ևս չկա ընդհանուր ըմբռնում:
Տեսեք, այնպես չէ, որ Հայաստանը որպես այդպիսին չպետք է մտահոգվի, որ ինչ-որ միջազգային կազմակերպությունում արվում են հակահայկական կոչեր կամ էլ ընդունվում են բանաձևեր, բայց այս կազմակերպությունում պարզապես ընդունված է խիստ դիրքորոշում ընդունել այն ոչ իսլամական պետությունների հանդեպ, որոնց հետ իրենց անդամ-պետությունները ունենում են խնդիրներ, բայց դա արվում է ցուցադրաբար և բացառապես կազմակերպության շրջանակներում, իսկ առանձին-առանձին պետությունները վարում են իրենց սեփական արտաքին քաղաքականությունը՝ շատ անգամ թքած ունենալով մնացած անդամների շահերի վրա: Վառ օրինակներից մեկը Իրանն է: Լինելով այս կազմակերպության անդամ, մեր հարևան երկիրը մշտապես ձեռնպահ է մնում հակահայկական բանաձևերին աջակցելուց: Ճիշտ է, լինում են դեպքեր, որ ընդհանուր ֆոնի ներքո ժամանակ առ ժամանակ նույնիսկ միանում է Հայաստանի ուղղությամբ տարվող քննադատություններին, մասնավորապես, երբ քննարկվում է «Ադրբեջանի տարածքների օկուպացմանը» վերաբերող հարցեր, բայց այդ ամենը կա՛մ հետագայում հերքվում է, կա՛մ էլ ներկայացվում, թե իբր սխալ է մեկնաբանվել: Իսկ կազմակերպությունից դուրս Իրանի հետ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Ես նույնիսկ կասեի Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո Իրանը մեր ամենամոտ գործընկեր երկիրն է: Այնպես որ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կարելի է պարզապես մի քիչ ըմբռնումով մոտենալ ԻՀԿ-ի քաղաքականությանը և չափից ավել չմտահոգվել: