Lragir.am-ը գրում է.
Կիեւում կրկին ուկրաինական արյուն թափվեց, եւ արյուն շատ է լինելու: Ծավալվում է ուկրաինացիների պատերազմը հանուն իրենց երկրի անկախության, ընդդեմ Ռուսաստանի եւ պսեւդո-ուկրաինացիների, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ:
Ուկրաինայի իրադարձությունների հենց սկզբից հասկանալի էր, որ տեղի է ունենում ոչ «նարնջագույն» հեղափոխություն՝ «օրանժիզմի» դարն ու գործառույթներն անդառնալիորեն անցել են: Տեղի է ունենում ինչ որ այլ «զիլ» բան, այն է՝ ուկրաինացի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ ռուսական գաղութացման:
Մոսկովյան իշխող ռեժիմը, հանուն սեփական դիրքերի եւ իմիջի բարելավման, հրահրել է արյունոտ սպանդ, իրար դեմ է հանել երկու ազգակից ժողովուրդների՝ ուկրաինացիներին ու ռուսներին:
Այս իրադարձությունները չեն կարող ավարտվել հակամարտող կողմերի խաղաղ բաժանմամբ: Բոլոր ժողովուրդներն ունեն սեփական ինքնիշխանությունը եւ ազգային իրավունքները պաշտպանելու իրավունք: Ուկրաինացի ժողովուրդը, որն իրենից մի ամբողջ աշխարհ է ներկայացնում եւ հրաշալի մշակույթի ու քրիստոնեական արժեքների կրող է, չի զիջելու անկախության իր իրավունքը:
Ցավոք, արտաքին շահագրգիռ կողմերը չեն ձգտում կամ ի վիճակի չեն խաղաղեցնել Ուկրաինան, եւ երեւում է իրավիճակը հասցվել է լարվածության այնպիսի մակարդակի, որ կպահանջվեն կտրուկ լուծումներ, որին ընդունակ չէ ուկրաինական պաշտոնական ղեկավարությունը: Միջազգային հանրությունը ստիպված է ավելի վճռական միջամտել իրադարձություններին:
Ռուսական հանրությունը, մոսկովյան ինտելիգենցիան վախեցած են եւ մուտք չունեն ԶԼՄ-ներ, հատկապես հեռուստաեթեր, սակայն ռուսաստանցի ժողովուրդը անհանգիստ է եւ ավելի ու ավելի է համակրում Մայդանին, եւ սկսում է հասկանալ, որ մոսկովյան վերնախավը կատարում է պատմական ու քաղաքական հանցագործություն:
Կասկած չկա, որ Մոսկվան շփոթվածության մեջ է եւ գտնվում է այսպես կոչված փոխզիջումային լուծումների որոնումներում, ավելի ճիշտ՝ փորձում է տապալումը ներկայացնել որպես փոխզիջում: Մոսկվան ընդմիշտ կորցրել է Ուկրաինան, բայց չէ որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե ռուսական ղեկավարությունը խուճապի չմատնվեր եւ հարգեր ուկրաինացի ժողովրդին:
Ռուսաստանում ուժեղանում է իր չարությամբ ու թշնամականությամբ անիմաստ էթնիկ շովինիզմը, որը մշտապես մոտիվացված է կամ մանր, կամ հակառակը՝ օլիգարխական բուրժուազիայի շահերով: Ժողովրդին, որը կորցրել է ոչ միայն «ազգային գաղափարը», այլեւ տարրական արժեքները, պետք է կերակրել շովինիզմով, շեղելու համար իրական հայրենասիրությունից ու ազգայնական տրամադրություններից, այսինքն՝ հումանիստական գաղափարախոսությունից:
Ռուսաստանն ապրում է ռուս ժողովրդի այնպիսի հավերժական արժեքների սարսափելի փլուզումը, ինչպես նվիրվածությունը հայրենիքին եւ ուղղափառ հավատը: Քարոզիչները, որոնք հանդես են գալիս գաղափարախոսների ու ինտելեկտուալների քողի տակ, փորձում են մշակել բացարձակապես կեղծ առաջնահերթություններ, որոնք կապ չունեն իրական ազգային շահերի հետ:
Պետք է նշել, որ Կրեմլի քաղտեխնոլոգների փորձերը՝ եվրասիական նախագիծը հանրությանը փաթաթել որպես միավորիչ գաղափար, բախվել են երկու ճակատով աշխարհքաղաքական պատերազմին՝ «տափաստանի» ուղղությամբ, այսինքն այնտեղ, որտեղ բնակվում են բավական հավակնոտ թյուրքական ժողովուրդները, եւ արեւմտյան ուղղությամբ՝ ուկրաինացիների հետ:
Զարմանալի համառությամբ ռուսները ուկրաինացիներին շարունակում են համարել երկրորդ սորտի մարդիկ, որոնք ընդունակ չեն քաղաքականություն վարել ընդհանրապես, այդ թվում՝ կառուցել ինքնիշխան պետություն: Թյուրքերի հետ հակամարտությանը բանը չի հասնի (Լեւ Գումիլյովն իզուր էր անհանգստանում): Արեւելքում Ռուսաստանը դեմ է առել Չինաստանին, որը կկլանի բոլոր սպառնալիքները եւ ինքը կդառնա գլխավոր սպառնալիքը: Ռուսաստանն ուկրաինական ուղղությամբ հաջողության հասնելու ոչ մի հույս չունի:
Ներկայում Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը գտնվում է այնպիսի կատաղած վիճակում, որ ընդունակ է ամեն ինչի, ցանկացած հանցագործության, ներառյալ տարածաշրջանային պատերազմների հրահրումը եւ մարդկության դեմ հանցագործությունները, այսինքն՝ ցեղասպանական գործողությունների իրականացումը: Հարկ է հիշել Գետաշենը, Շահումյանը, Հադրութն ու Բերդաձորը, հայ խաղաղ բնակչության տեղահանությունն ու ոչնչացումը:
Ներկայիս տհաճ իրավիճակում լավ կլիներ, որ գազպրոմյան կողմնորոշման երեւանյան թափթփուկները փակեին բերանները, որպեսզի ուրիշները դաս քաղեն: Հայաստանը «գազովշչիկների» ձեռքով լցված է կեղծիքով ու կեղտով, որոնք միայն մեկ նպատակ են դնում՝ մեր հայրենիքը վաճառել գրոշներով:
Մայդանը երեւանյան «գազովշչիկների» խղճուկ ճակատագրի ավազի ժամացույցն է: «Գազովշչիկների» նողկալի ճակատներին պետք է մարմնավաճառի խարան դնել, եւ ոչ միայն նրանց, այլեւ նրանց երեխաների ու թոռների: «Գազովշչինան» ժառանգական վիրուս է: Ժողովուրդը պետք է իմանա իր «գազովշչիկներին»:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ



