Loveyou.am-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 19-ին ամբողջ աշխարհը նշում է գիրք նվիրելու օրը: Հայաստանը եւս այդ երկրների շարքում է: Եվ, թե որքանով է մեր հասրակությունը ընթերցասեր փորձեցինք պարզել հայտնի ու սիրված մարդկանցից:
Դերասան, կատակերգակ Կարեն Բաբաջանյանն LoveYou.am-ին պատմեց իր կարդացած ու չկարդացած գրքերի եւ հայ հասրակության ընթերցասիրության մասին:
Առհասարակ կարդու՞մ եք: Ժամանակ մնու՞մ է ընթերցանությանը հատկացնելու համար:
Այո: Գրքեր շատ եմ սիրում ու կարդում, պարզապես հիմա ավելի հարմար տարբերակով եմ կարդում, հիմնականում էլեկտրոնային գրքեր եմ նախընտրում, որովհետեւ հարմար է: Ի դեպ, ասեմ, որ համամիտ չեմ այն կարծիքի հետ, թե գրքի գողը գող չէ, ո՛չ գող է, եւ այն մարդիկ, ովքեր գիրք են գողացել ինձանից ու կարդում են հիմա՝ ԱՄՈ՛Թ:
Ի՞նչպես եք վերաբերվում այն տարածված կարծրատիպին, որ մարդիկ այսօր չեն կարդում:
Այդպես չեմ կարծում: Վստահ եմ առաջ էլ չեն կուրացել կարդալուց, այնպես որ միանշանակ չի կարելի ասել, թե չեն կարդում:
Կհիշե՞ք ձեր կարդացած այն առաջին գիրքը կամ ստեղծագործությունը, որը տպավորություն է թողել եւ, որը մինչ այժմ հիշում եք:
Կա այդպիսի գիրք: Մինչեւ օրս հիշում եմ, Այբբենարանն է այդ գիրքն ու բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ:
Արտասահմանյա՞ն, թե՞ հայկական գրականություն եք նախընտրում: Եւ ի՞նչ եք կարծում այսօր հայ ընթերցողը ո՞րն է ավելի շատ կարդում:
Նախընտրում եմ հայկական գրականություն, բայց աշխատում եմ երկուսին էլ հավասարաչափ ուշադրություն դարձնել ու երկուսն էլ ուսումնասիրել: Միշտ օտար գրականությանը ծանոթանալու համար հարկավոր է ազգային գրողի կարդալ: Հրանտ Մաթեւոսյան չկարդալով Մարկես չես հասկանա: Սեփական գրականությունը մեծ հնարավորություն է ստեղծում օտար գրողներին ճանաչելու ու ավելի լավ հասկանալու համար:
Ո՞րն է եղել վերջին գիրքը, որը նվիրել եք:
Եթե անկեղծ չեմ նվիրում կամ նվիրում եմ այն գրքերը, որոնք կարդացել եմ: Շատ եմ գնում, բայց աշխատում եմ քիչ նվիրել:
Եթե խնդրում են կարդալու եւ կրկին վերադարձնելու նպատակով, տալիս եմ շատ լավ գիտակցելով, որ ետ չի վերադարձվելու, այդ պատճառով էլ դարձյալ պիտի ասեմ, որ գրքի գողը գող է:
Եվ վերջում Կարեն Բաբաջանյանը կոչ արեց պարզապես շատ կարդալ: