Նորից ես աչքերդ բացում: Շտապելով հորանջում ես, վերցնում կողքիդ դրած բջջայինը: Մտնում ես սոցիալական կայքերդ, բայց ելի դուրս ես գալիս. այսօր էլ քեզ ոչ ոք չի գրել: Թռչունների ձայնը ազդում է վրադ: Երևի նախանձում ես նրանց, նրանք չվում են՝աշուն է: Երանի դու էլ թռչուն լինեիր թռչեիր, բայց եթե թռչուն լինեիր կընդունեի՞ն երամ, մտածում ես մենակ կապրես.հետո կչվես բայց այսպես էլ ես մենակ ապրում ու՞ր չվես: Մորեմերկ վեր ես կենում անկողնուցդ, նայում ես արևին, թույլ է՝աշուն է: Սուրճ ես ուզում, բայց ձանձրացել ես մենակ սուրճ խմելուց ու ահավոր ալարում ես եփես: Մորեմերկ քայլում ես փոքր սենյակումդ, կարելի է մենակ ես: Դարակները քանդում ես: Ծխախոտ չկա: Կրծում ես շուրթերդ: Գիտես որ դրամ էլ չունես, բայց մի անգամ ևս քչփորում ես գրպաններդ: Չկա: Ավելի ես նյարդանում: Ծխելու ցանկությունը խեղդում է: Մտածում ես գուցե սուրճը հագեցնի կամ թուլացնի ծխելու ցանկությունդ: Սրճեփի կեսից ջուր ես լցնում, մի քիչ սուրճ և շաքարավազ, միացնում էլեկտրական հոսանքին: Վերցնում ես սենյակումդ թափված թերթերը՝ մի անգամ էլ ես սկսում կարդալ: Չկա: Աշխատանք չկա: Ա՜խր երեկ զանգել ես բոլոր հայտարարություններով, բոլորը միաբերան մերժել են՝ ասելով՝ արդեն ունենք աշխատող կամ կզանգենք: Նայում ես նորից թերթը, բոլորին զանգել ես, պիտի թերթի նոր համարը գնես, բայց էլի հիշում ես, որ դրամ չունես: Մինչ մտորում ես, լսվում է սուրճի թշշոցով թափվելը: Անջատում ես սրճեփը: Սուրճը լցնում ես թեյի բաժակը ու ֆրթացնելով խմում, կարելի է. մենակ ես: Մանկան աղիողորմ ճիչ ես լսում: Պատուհանից դուրս ես նայում: Դիմացի հարևանուհիդ է երեխային ծեծում: Պատուհանը բացում ես, ակամա: Ականջիդ է հասնում երեխայի ձայնը: Աչքդ ընկնում է մոր ձեռքին, որ օդում լողալով գալիս ու ապտակում է երեխային: Լսում ես, որ երեխան պաղպաղակ է ուզում, մայրը ծեծում է, խեղճ կին, խեղճ երեխա...: Բայց, մեկ է, նախանձում ես երեխային. չէ որ քո ցանկությունների համար ոչ ոք քեզ չի ծեծում, չէ որ դու մենակ ես, չէ որ քեզ կարելի է: Մայրը գրկում է որդուն, համբուրում գլուխը ու խոստանում, որ երբ դրամ ունենա, երկու հատ է գնելու: Երեխան հանդարտվում է, երանի՜ նրան: Ֆրթացնում ես սուրճդ, ու աչքերդ խոնավանում են: Երեխան հանդարտվում է…Մայրը ժպտում է թեթև ու տուն մտնում, երեխան ուրախ թռչկոտում է: Աղիողորմ ճիչը կորում է մոր համբույրի մեջ: Բաժակը դնում ես շուրթիդ, ֆրթացնում ես, բայց կուլ չի գնում, նրա մեջ նախանձ կա դեպի երեխան, ու դու ուզում ես կուլ տալ այդ նախանձը: Դռան զանգը զնգում է: Դու ոչ մեկին չես սպասում, ում էլ սպասում ես հաստատ չի գա, որովհետև չկա… Ո՞վ է զանգը տալիս: ՈՒզում ես չբացել, քեզ կարելի է՝ մենակ ես: Զանգին հաջորդում է, թրխկոցը: Որոշում ես բացես: Բացում ես ու առջևդ հայտնվում է թղթերը ձեռքը մի մարդ: Քեզ մորեմերկ տեսնելով՝ մի պահ շփոթվում է, շփոթմունքին հաջորդում է գոռոցը, մտածում ես խելագառ է, ուզում ես դուռը փակել, բայց գոռոցի մեջ լսում ես, որ լույսի տեսուչն է, որը սպառնում է անջատել ամենինչ.վարձն է ուզում: Ժպտում ես, երբ տեսուչը ասում է, որ ամեն ինչ կանջատի: Ծոցագրպանում տեսնում ես ծխախոտի տուփ: Ու ծխելու ցանկությունդ նորից է խեղդում: Ծխախոտ ես ուզում տեսուչից: Ավելի է բորբոքվում, մտացում է, ծաղրում ես, բայց տալիս է մի ծխախոտ, դու դուռը ծածկում ես ու գալիս ես ծխախոտդ վառելու։ Նորից դռան թրխկոց: Բացում ես, տեսուչն է ավելի է գոռում, չի հասկանում, որ դու մենակ ես, քեզ կարելի է…Հոգնելով իր գոռոցից ու քո անտարբերությունից՝ տեսուչը գնում է՝ վերջում ավելացնելով, որ երկու օրից գալու է վարձին: Դու ժպտում ես, քանի որ ծխում ես, դրան շատ էիր սպասել: Ծխում ես ագահորեն, ձեռի հետ էլ սուրճի բաժակն ես լվանում: Նայում ես ժամը: Կեսօր է արդեն: Ուզում ես դուրս գալ, մի տեղ վաճառել օրդ: Հագնվում ես, լվացվում, մազերդ սանրելու ժամանակ ճերմակներ ես նկատում: Ուզում ես պոկել, բայց փոշմանում ես, քեզ կարելի է. չէ որ դու մենակ ես… Նորից ես մտնում սոցիալական կայք, զարմանում ու ուրախանում ես: Հաղորդագրություն ունես: Բացում ես ու բարձրաձայն կարդում. «Ձեզ վերցնում ենք փորձնական աշխատանքի, ներկայացե՛ք»…



