Armtimes.com-ը գրում է.

03.20 - Գործնականում տասը, քսան րոպեն մեկ Մայանի հարթակից հնչում են աղոթքներ: Twitter-ի օգտատեր Լարիսա Վովկը գրառում է արել իր էջում, որ չնայած պաշտոնապես Կիեւի մետրոն փակված է, բայց իշխանությունները մետրոյով բերկուտցիների են տեղափոխում դեպի Մայդանի մատույցներ:

03.15 - Այսպես կոչված Տիտուշկաները (այսպես կոչում են կիեւյան սադրիչներին) հարձակվում են խանութների վրա եւ թալանում: Այս մասին հաղորդեցին Մայդանի հարթակից: Հարթակից դիմեցին նաեւ Ուկրաինայի մարզերի բնակիչներին. բոլորը դեպի Կիեւ: Սա ճակատամարտ է Կիեւի համար. հնչում է Մայդանի հարթակից:

03.10 - CNN-ը հաղորդում է, որ զոհերի թիվը հասել է 19-ի:

03.05 - Համացանցում է հայտնվել ԵՄ Արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի վիդեոուղերձը, որով նա կոչ է անում անհապաղ վերջ դնել բռնություններին: Նա նախագահ Յանուկովիչին կոչ է արել ընդդիմության ներկայացուցիչների հետ գտնել խորացող ճգնաժամը հաղթահարելու անհապաղ ուղիներ:

02.55 - «Էսպրեսո» հ/ը հաղորդավարը հայտարարեց, որ ավելի քան հազար վիրավոր կա Կիեւում: Նրա պնդմամբ Կենտրոնի եւ մոտակա հիվանդանոցներում տեղ չկա: «Բատկովշինա» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը Twitter-ում գրել է, որ իր վիրավորումը թեթեւ է:

02.45 - Տեղեկություններ են հայտնվել, թե վիրավորվել է «Բատկովշինա» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը: «Էսպրեսո» հ/ը հաղորդավարն ասաց, թե տեղեկություններ կան, որ Տուրչինովը վիրավորվել է դիպուկահարի կրակոցից: Այս տեղեկությունները, սակայն, ճշտված չեն:

02.40 – Ցուցարարների շրջանում սադրիչներ են հայտնվել, ովքեր խուճապ են տարածում նրանց շրջանում: Ընդդիմության ներկայացուցիչները հինգ րոպեն մեկ հատուկ զգուշացնում են սադրանքների չտրվել, խուճապ տարածողներին չլսել: Հաճախակի հարթակից հնչում են աղոթքներ: Այս պահին հնչում է «Հայր մեր»-ը: Լսվում են հատուկենտ կրակոցներ:

02:38 - Համացանցում հայտնվեց տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է կրակ բացվում ցուցարարների ուղղությամբ: Նրանցից մեկը ընկնում է: Տեսանյութը տարածել է Սերգեյ Մորգունովը Ուկրաինայից:

 

02.20 - Մայդանի ինքնապաշտպանության ուժերը գերի են վերցրել «Բերկուտի» մի քանի ծառայողների: Ընդդիմության ներկայացուցիչները կոչ են անում պահպանել հանդարտություն, որովհետեւ ցուցարարները հարվածներ են հասցնում գերիներին: Ընդդիմության ներկայացուցիչները կոչ են անում բերկուտցիներին բարձրացնել բեմ, չկենտրոնանալ գերիների վրա եւ շարունակել զբաղվել ինքնապաշտպանության գործերով: Մինչ այդ նախագահական նստավայրում շարունակվում են բանակցությունները: Այնտեղ է նաեւ Արսենիյ Յացենյուկը: Ավելի վաղ հայտնել էինք Վիտալի Կլիչկոյի մասին: Մայդանի հարթակից հնչում է Ուկրաինայի պետական օրհներգը:

01:57 - Այս պահին Յանուկովիչի նստավայրում ընթանում են ընդդիմության հետ բանակցություններ: Վիտալի Կլիչկոն, որ գտնվում էր Գերմանիայում, վերադարձել է Կիեւ եւ անմիջապես ուղեւորվել Ուկրաինայի նախագահ նստավայր: Իննա Բոգոսլովսկայան «Դոժդ» հ/ը եթերում ասաց, թե մտավախություն ունի, որ ընդդիմության առաջնորդներին Յանուկովիչը պատանդ կվերցնի:

01:38 - Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Իննա Բոգոսլավսկայան «Դոժդ» հ/ը եթերում հայտարարում է, որ Մայդանում այս պահին մի քանի տասնյակ հազար մարդ կա: Նա հայտարարում է նաեւ, որ ոստիկանական զորքեր են կուտակվում Մայդանի շրջակայքում: Նա պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ են աշխատում Ուկրաինայի իրավապահների հետ: Բոգոսլովսկայան մեկ ամիս առաջ դուրս է եկել Յանուչովիչի կուսակցությունից:

01:34 - Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ կեսգիշերից (Երեւանի ժամանակով 02.00) Կիեւի Կենտրոնում մարդկանց տեղաշարժը կսահմանափակվի: Դիտորդների կարծիքով սա կարող նշանակել արտակարգ դրության նման ինչ-որ բան:

01:21 - Հատուկենտ պայթյուններ են լսվում: Վիճակը կարծես թե մի փոքր կայունացել է: Ոստիկանութան գրոհը շոշափելի արդյունք այս պահին չի տվել: Մայդանը կանգուն է: CNN-ը հաղորդեց, որ Ուկրաինայի ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է 14 զոհի մասին լուրը: 7-ը ցուցարերներ են, 6-ը ոստիկան, եւ մեկ հոգի՝ կառավարության աշխատակից:

01:19 - "Reuters" գործակալությունը Twitter-ի իր էջում տարածել է Եվրամայդանում արված այս լուսանկարը:

01:02 - Ոստիկանական ջրցան մեքենաները փորձում են մարել ցուցարարների պաշտպանիչ խարույկները: Ցուցարարները՝ ընդհակառակը փորձում են նոր անվադողերով ավելի բորբոքել կրակը: Ոստիկանության գրոհի նախնական թափը կարծես թե մի փոքր կոտրվել է: Ընթանում է դիրքային պայքար:

00:53 - Ավելի ուշ հրապարակվեցին կադրեր, թե ինչպես են ցուցարարները Մոլոտովի կոկտեյլով հրկիզում ոստիկանության զրահամեքենան: Ցուցադրվում են ոստիկանության փախուստի կադրեր:

00:51 - Հաղորդվում է, որ ցուցարարները չեզոքացրել են ոստիկանության երկու զրահամեքենա եւ մեկ ջրցան մեքենա:

00:44 - CNN-ը հաղորդում եմ առնվազն 15 զոհերի մասին: Մինչ այս որպես զոհերի թիվ նշվում էր 9-ը: CNN-ը չի մասնավորեցնում, թե արդյոք 15 թիվը նշանակում է, որ վեց զոհերը գրանցվել են վերջին ժամերի գրոհի արդյունքում:

00:38 - Համացանցում շրջանառվում է Ուկրաինայի հիմնը հայերեն եւ հայերի կատարմամբ: Տես այստեղ

00:33 - Մենք ստրուկներ չենք: Ստրուկները բարիկադներ չեն կառուցում, ստրուկները չեն պայքարում: Ստրուկները տանը նստած հեռուստացույց են նայում: Հարթակից հնչում է բանաստեղծի տողերը նվիրված Մայդանի պայքարին: Ստրուկները չեն զոհվում կռվում, ստրուկները ջերմացնում են իրենց տների բազմոցները:

00:29 - Ուկրաինայի Լվովի մարզում հարյուրավոր ցուցարարներ գրոհում են Ներքին գործերի նախարարության գլխավոր բաժնի շենքը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:Զինված մարդիկ գրոհում են ռետինե խողովակներով, նրանց մեծամասնությունը դիմակներով է: Նշվում է, որ նրանք հարվածում են պատուհաններին և փորձում կոտրել մուտքի դռները: Ցուցարարները քարեր են նետում երկրորդ հարկի պատուհաններին:

00:28 - Ուղիղ եթեր

 

00:28 - Նոր հայտարարություններ են հնչում տարբեր քաղաքներում ցուցարարների կողմից վարչական շենքեր գրավելու մասին: Խոսքը այս փուլում փոքր քաղաքների մասին է:

00:25 - Անվադողեր դեպի առաջին գիծ, անվադողեր դեպի առաջին գիծ. հնչում է հարթակից: Պաշտպանվում ենք բոլորով, հնչում է հարթակից:

00:20 - Հարթակից հայտարարեցին, որ Լվովում ժողովուրդը սկսել է գրոհել վարչական շենքերը: Իվանո ֆրանկովսկում, Մայդանի հարթակից հնչած հայտարարության համաձայն, «Բերկուտը» փախել է ժողովրդի առաջ:

00:17 - Հարթակից կոչեր են հնչում. «Բերեք անվադողեր, բերեք անվադողեր՝ մեր պաշտպանության համար: Երգեք հարթակից, երգեք հարթակից՝ մեր մարտական ոգու համար»: Ինչ-որ ռոք խումբ ելույթ է ունենում: «Բերկուտը» շարունակում են գրոհը:

00:11 - Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ խարույկների շերտ է առաջացել, որը պաշտպանիչ նշանակություն ունի ցուցարարների համար, եւ կասեցնում է «Բերկուտի» գրոհի հզորությունը: Հարթակից հայտարարեցին, որ ուկրաինական հինգերորդ ալիքի եթերը դադարեցվել է: Ըստ ամենայնի սա ընդդիմադիր հեռուստաընկերություն է:

23:59 - Մայդանի հարթակից հնչում է Հայր մերը: Ճիշտ այնպես, ինչպես 2008 թվականի Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանում:

23:51 -Հարթակում ելույթները քչացել են, ավելի հաճախ հնչում են Ուկրաինայի օրհներգը եւ Ուկրաինական ազգային երգեր: Հնչում են կոչեր՝ փառք Ուկրաինային, փառք ազգին: Բերկուտը շարունակում է գրոհել:

23:41 - Քիչ առաջ ուկրաինական Մայդանի հարթակից ընդդիմության առաջնորդներից Յուրի Լուցենկոն հայտարարեց, որ ոստիկանությունը մի քանի կողմերից եւս հարձակում է սկսել Մայդանը մաքրելու նպատակով:

Լուցենկոն ներկաներին կոչ է արել պաշտպանական գործողություններ սկսել: Նա ասել է, որ իրենց վրա հարձակվողները Պուտինի ստրուկներն են:

Ընդդիմության մեկ այլ ակտիվիստ հեռուստատեսության առաջ նստածներին կոչ է արել. բոլորը դեպի Մայդան, բոլորը դեպի Մայդան, բոլորի դեպի Մայդան:

Ժողովուրդը դիմադրություն է ցույց տալիս ոստիկանությանը, հարթակից շարունակվում են ելույթները: Հնչում են կոչեր՝ Բերկուտ ետ գնա, Բերկուտ ետ գնա: Իրադարձություններին ուղիղ եթերում հետեւեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել