Religions.am-ը գրում է.
Հռոմի Պապ Ֆրանցիսկը, որը մինչև Պապ դառնալը կոչվել է Խորխե Մարիո Բերգոլիո, ծնվել է 1936 թ. Բուենոս Այրեսում, Արգենտինա: 2013 թ. մարտի 13-ից1 հանդիսանում է թվով 266-րդ պապը: Նա ասում է, որ Ֆրանցիսկ անունը ընտրել է ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու, ով «աշխարհի ոգին տվել է աղքատ մարդուն…: Օ~, ինչպես կուզենայի աղքատ Եկեղեցի, Եկեղեցի` աղքատների համար»:
Ֆրանցիսկը դարձավ պապ Վատիկանի համար շատ բարդ իրադրությունում: Ֆինանսական և սեռական սանձարձակության հողի վրա առաջացած սկանդալները ուղեկցում էին նախկին Պապի գահակալության ողջ ընթացքում: Համարվում է, որ Բենեդիկտ XVI-ի ինքնակամ հրաժարականը հենց դրանցով էր պայմանավորված: Այդ ամենը հետաքննելու համար կազմվեց երեք կարդինալներից կազմված հանձնաժողով: Իտալացի լրագրողներից մեկը գրում է. «Դեռևս անհայտ է, թե ինչպես է ազդել հանձնաժողովի զեկույցը Ռատցիգերի որոշման վրա, սակայն իր գահակալության վերջին օրվա հանդիպումը երեք կարդինալների հետ կարելի է համարել խորհրդանշական: Գահ բարձրացավ Պապ Ֆրանցինսկը: Նա բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել «Աղքատ Եկեղեցի աղքատների համար»: Նրա առաքելությունը կլինի աշխարհիկության և հարստության արմատախիլ անելը, սկսելով հենց Վատիկանի Բանկից»2:
Իր Evangelii Gaudium առաքելական շրջաբերականում պապ Ֆրանցիսկը հայտարարեց, որ պատրաստվում է եկեղեցին ի սպաս դնել նրանց, ովքեր կարիքի և դժբախտության մեջ են: Նա գրում է. «Նրանք շատ բան կարող են սովորեցնել մեզ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ կիսում են մեր հավատը, այլ այն պատճառով, որ իրենց կարիքի մեջ նրանք ըմբռնում են Քրիստոսի տառապանքները:… Մենք կոչված ենք նրանց մեջ գտնել Քրիստոսին, դառնալ նրանց խնդրանքների խոսափողը, նաև ընկեր դառնալ, լսել նրանց, խոսել նրանց հետ, ընդունել այն անիմանալի իմաստությունն, ինչը Տերը նրանց միջոցով ցանկանում է կիսվել մեզ հետ»3:

Ֆրանցիսկն աչքի է ընկնում իր համեստ կենցաղավարությամբ: Դեռևս լինելով Բուենոս Այրեսի եպիսկոպոս, նա հրաժարվեց իր բոլոր արտոնություններից, և, օրինակ, իր նստավայրն էր գնում մետրոյով: Ֆրանցիսկը հրաժարվեց օգտվել իրեն ժառանգություն մնացած BMW X5, VW Phaeton, Mercedes-Benz, հատուկ պատվերով սարքած Renault ավտոմեքենաներից, այժմ օգտվում է համեստ Ford Focus ավտոմեքենայից: Նա չի ապրում պապական նստավայրում, այլ ապրում է «Սուրբ Մարթա» հյուրանոցի երկսենյականոց համարում: Պապական իշխանության խորհրդանշող Ձկնորսի մատանին նա խնդրեց պատրաստել արծաթից: Պապը իր ճանպարհորդությունների ժամանակ հրաժարվեց քարտուղարների ծառայությունից և ինքն է տանում իր պոտֆելը (թղթապայուսակը) և այլն: Պապի նման պահվածքը շատերը բացատրում են նրա ճիզվիտական անցյալով: Պապի օրինակը վարակիչ եղավ շատ եպիսկոպոսների համար և նրանցից ոմանք վաճառեցին իրենց շքեղ ավտոմեքենաները: Իսկ նրանց, ովքեր ապրում էին շքեղության մեջ, ինչպես Լիմբուրգի եպիսկոպոս Տեբարտց Վան Էլստը, որն իր նստավայրի վերակառուցման վրա ծախսել էր 31 միլիոն եվրո, պարտադրեցին ավելի համեստ կյանքով ապրել: Մասնավորապես հիշյալ եպիսկոպոսը աքսորվեց Մետենի աբբայություն, իսկ նրա նստավայրը նախատեսվում է վերածել փախստականների կամ անտունների ընդունման կենտրոնի:
Պապ Ֆրանցիսկը փորձում է վերականգնել «իսկական» հավատը: Ըստ նրա, հավատը անցնելով «թորման ասարքավորումների միջով» դառնում է գաղափարախոսություն, իսկ գաղափարախոսությունը վանում է. «գաղափարախոսության մեջ չկա Հիսուսը, նրա քնքշությունը, նրա սերը, նրա հեզությունը: … Երբ քրիստոնեան դառնում է գաղափարախոսության հետևորդ, նա կորցնում է հավատը, նա այլևս Հիսուսի հետևորդը չէ, նա իր դիրքորոշման հետևորդն է»4:
Ամենակարևոր քրիստոնեական ճշմարտություններից է, ըստ Ֆրանցիսկ պապի, կարեկցանքը. «Ես գերադասում եմ Եկեղեցին սպիների մեջ, տառապող և կեղտի մեջ, որովհետև նա փողոցներ է դուրս եկել: Եկեղեցին առողջ չէ, որովհետև իրեն մեկուսացրել է և կառչում է սեփական անվտանգությունից»: Պապը հատկապես ուշադրություն է դարձնում էմիգրանտների խնդիրներին, որոնք, ըստ նրա, հասարակության առաջնահերթ կարեկցանքի առարկան պետք է լինեն5:
Ֆրանցիսկը համարում է, որ Եկեղեցին կորցրել է կարեկցանքը դժբախտների և չքավորների հանդեպ, որովհետև բյուրոկրատացել է:Ըստ նրա դրա վկայությունն է է իշխանության կենտրոնացումը կաթոլիկ եկեղեցու ձեռքում` մասնավորապես Հռոմի պապի ձեռքում: Պապի քաղաքականության ամենակարևոր կետերից է ապակենտրոնացումը, և ոչ միայն վարչական. եկեղեցու առանձին բաժանմունքները իրավունք կստանան մեկնաբանելու հավատքի որոշ դրույթներ: Նկատեմ, որ գերկենտրոնացումը հատուկ է նաև Հայ Առաքելական եկեղեցուն, որը հանգեցրել է տեղական համայնքների հետ բազմաթիվ կոնֆլիկտների:
Ժամանակակից տնտեսական համակարգը, որտեղ իշխում է անհավասարությունը և անտարբերությունը, Ֆրանցիսկը իր առաքելական Evangelii Gaudium 84 էջանոց ուղերձում անվանեց «նոր բռնապետությունը»: Ըստ նրա «սպանիչ անհավասարությունը» կապված է այն գաղափարախոսության հետ, որը պաշտպանում է շուկայի իշխանությունը, ֆինանսական սպեկուլյացիաների իրավունքը, սահմանափակում պետության իրավունքը պաշտպանելու ընդհանուրի շահը, վերահսկելու կապիտալի գործունեությունը: «Այդպես ծնվում է նոր բռնապետություն, անտեսանելի, հաճախ վիրտուալ, որը միակողմանիորեն և համառորեն պարտադրում է իր օրենքները և կանոնները: Այդպիսի համակարգը հակված է ոչնչացնել այն ամենը, ինչ խանգարում է շահույթի աճին, ինչը փխրուն է, անպաշտպան է աստվածացվող շուկայի առաջ, ինչպես օրինակ` շրջակա միջավայրը»6: Ֆրանցիսկը համարում է, որ «Առկա իրադրության պատճառներից մեկն էլ մեր վերաբերմունքն է փողի նկատմամբ: Մենք հանգիստ ընդունում ենք փողի իշխանությունը մեզ և մեր հասարակության վրա: …Ոսկե հորթի հին պաշտանմունքը վերադարձել է իր նոր կերպարանքով, փողի և անմարդկային տնտեսության կռապաշտության տեսքով, որին չի բավականացնում պարզապես մարդկային նպատակները»7:
Իր հակակապիտալիստական ելույթների համար ամերիկյան թերթերից մեկը նրան անվանեց մարքսիստ: Պապը շտապեց հերքել դա, սակայն հավելեց, որ գիտե բազմաթիվ մարքսիստների, որոնք հրաշալի մարդիկ են:
Առանձնապես կարևոր եմ համարում Պապի մոտեցումը կաշառակերության հանդեպ: Նոյեմբերի 11-ի մեսսայի ժամանակ նա ասել է. «Նա շարունակում է մեղանչել, բայց ձևանում է բարի քրիստոնեա, նա երկու կյանք է վարում: Քրիստոնեայի այդ երկակի կյանքը հսկայական չարիք է: «Բայց չէ որ ես եկեղեցու բարերարն եմ: Ես իմ գրպանից հանում և տալիս եմ Եկեղեցուն»: Մի ձեռքով նա տալիս է, իսկ մյուսով գողանում` պետությունից, աղքատներից … գողանում է: Նա անարդար մարդ է, որ վարում է երկակի կյանք: Իսկ այդպիսի մարդն արժանի է նրան, ասում է Հիսուսը (ոչ թե ես), որ նրա վզից կախեն ջրաղացքար և նետեն ծովը: Այնտեղ ոչինչ չի ասվում ներելու մասին»8: Ֆրանցիսկը կոռումպացված հարուստներին համեմատեց «սպիտակ դագաղների» հետ, որոնք արտաքինից գեղեցիկ են, իսկ ներսը լիքն են նեխությամբ9: Դժվար է պատկերացնել, որ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարը նման մի խոսք արտաբերի հայ բարերարների մասին` այն օլիգարխների մասին, որոնք շռայլ նվիրատվություններ են անում և ընդարձակ եկեղեցիաշինություն են հովանավորում:
Մեկ այլ անգամ խոսելով կաշառակերության մասին, նա չի խնայում նույնիսկ կաշառակերների և գանձագողերի երեխաներին. «Կաշառք տալը և վերցնելը աշխարհիկ է և մեծ մեղք է: Այն Աստծուց չէ: Աստված մեզ պատվիրել է մեր տուն տանել ազնիվ աշխատանքով վաստակած հացը: Այդ կառավարիչը իր տունը բերում էր հաց, բայց ինչպե՞ս: Նա իր երեխաներին տալիս էր ուտելու «կեղտոտ հաց»: Իսկ նրա երեխաները, որոնք հնարավոր է, որ սովորում են թանկ քոլեջներում, մեծացել են կիրթ միջավայրում, իրենց ծնողներից նեխված ուտելիք են ստացել, որովհետև նրանց հայրը, տուն բերելով «կեղտոտ հաց», կորցրել է իր արժանապատվությունը»10: Պապը իր քարոզը ավարտեց այսպիսի աղոթքով. «Այսօր, երևի լավ կլիներ, որ մենք բոլորս աղոթենք այն բազմաթիվ երեխաների համար, ովքեր իրենց ծնողներից «կեղտոտ հաց» են ստանում: Նրանց էլ են քաղցի մատնել և նրանք արժանի են քաղցելու: Աղոթենք այն բանի համար, որ տերը փոխի կաշառքի աստվածուհուն պաշտողների սիրտը, որ նրանք հասկանան, որ արժանապատվությունը տալիս է արդար, ազնիվ, ամենօրյա աշխատանքը, այլ ոչ թե այն հեշտ ճանապարհը, որ ի վերջո քեզ զրկում է ամեն ինչից: Եվ այնժամ նրանց սպասվում է այն վերջը, որ ունեցավ Ավետարանի առակի հարուստը: Նա ուներ ցորենի լիքը ամբարներ, լեցուն պահեստներ և չգիտեր, թե ինչ անի այդ ամենի հետ: «Այս գիշեր դու կմեռնես»,- ասաց Տերը: Այդ խղճալի մարդիկ, որոնք կաշառք վերցնելով կորցրել են իրեն արժանապատվությունը, վերցնում են ոչ թե փողը, այլ արժանապատվության բացակայությունը: Աղոթենք նրանց համար»:
Հռոմի կաթոլիկ եկեղեցին լինելով ամենազդեցիկ ավանդական եկեղեցիներից մեկը, խնդիրներ ունի ժամանակակից լիբերալ հասարակության հետ, հատկապես սեռական բարոյականության խնդիրներում` նույնասեռականներ, աբորտներ, պահպանակների օգտագործումը և այլն: Նոր Պապը, իհարկե, ևս ավանդական մոտեցումների կողմնակից է, սակայն նրա քարոզներում որոշակի նոր նրբերանգ է հայտնվել: Civilta Cattolicato ամսագրին տրված հարցազրույցում Ֆրանցիսկը ասում է. «Մենք չենք կարող պնդել մեր դիրքորոշման վրա այնպիսի հարցերում, ինչպիսին է աբորտը, նույնասեռական ամուսնությունները և պահպանիչ միջոցների օգտագործումը, դա պարզապես անհնար է: Եկեղեցու ուսմունքը այդ խնդիրների մասին միանգամայն պարզ է, և ես Եկեղեցու զավակն եմ, բայց անընդհատ խոսել այդ մասին, պարզապես անհրաժեշտություն չկա»11:
Մեկ ուրիշ հարցազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին նույնասեռական կողմնորոշում ունեցող քահանաների մասին, նա ասաց. «Ո՞վ եմ ես, որ դատեմ բարի կամք ունեցող նույնասեռական մարդուն, ով փնտրում է Աստծոն»: Նկատենք, որ մինչ այդ կաթոլիկ եկեղեցին այդպիսիներին համարում էր «խանգարվածներ» և նրանց արգելված էր սպասավորել: Ըստ Ֆրանցիսկի, այդպիսի մարդիկ չպետք է դառնան լուսանցքային, նրանց պետք է ընդունել «նրբանկատ, հարգանքով և կարեկցանքով», բայց նրանք պետք է պահպանեն կուսությունը և ձգտեն քրիստոնեական կատարելության12:
Պապ Ֆրանցիսկի գործունեությունն արդեն իսկ արդյունքներ է տվել, հարյուր հազարավոր մարդիկ վերադարձել են Եկեղեցու գիրկը: Նա հռչակվեց 2013 թ. տարվա մարդ և նրա ժողովրդականությունը ԶԼՄ-ներում և սոցցանցերում գերազանցում է բոլորին: Ոմանք, այստեղ վտանգ են տեսնում. մարդիկ հրապուրված են նրա կերպարով, և պակաս ուշադիր են նրա ուղերձներին: Պապի ժողովրդականության արտահայտություններից պետք է համարել այն փաստը, որ մաֆիան նախապատրաստում է մահափորձ նոր Պապի վրա13:
Բայց Ֆրանցիսկ Պապի գործունեությունը դժգոհություն է առաջացրել ինչպես պահպանողական կաթելիկների, այնպես էլ ուղղափառ արմատականների մոտ: Վատիկանի քաղաքականության մասնագետ Օլգա Չետվերիկովան ասում է. «Վերջինը, ինչ մնացել էր կաթոլիկ ուսմունքի մեջ, բարոյականությունն էր: Կար հստակ պատկերացում, որը թույլ չէր տալիս ընդունել ժամանակակից տոլերանտ արժեքային համակարգը: Հիմա հեղափոխական քայլեր են արվում այդ ամենը լղոզելու համար»14:
Սակայն պետք չէ Հռոմի նոր պապին դիտել որպես դրեզդենյան ճենապակե հրեշտակի: Պապի կենսագրության էջերում կա մի մեծ սև բիծ, որ կապված է Արգենտինական խունտայի տարիների հետ, որի հալածանքները 30 հազար մարդու կյանք է խլել, այդ թվում` կաթոլիկ եկեղեցու հարյուրավոր սպասավորների: Պապին մեղադրում են կրավորական կեցվածքի համար, որ նա հետևողականորեն չի պաշտպանել նույնիսկ կաթոլիկ եկեղեցու սպասավորներին15:
Ամփոփենք: Բոլոր ավանդական եկեցղեցիները խորը ճգնաժամի մեջ են, բայց ոչ այն պատճառով, որ հարյուր հազարավորները նրանցից երես են թեքում: Ըստ Պապ Ֆրանցիսկի ճգնաժամի արմատը հենց կապիտալիստական համակարգն է, որը ծնելով անհավասարություն, շահագործում, մարդկային էգոիզմը, քայքայում է քրիստոնեության բուն հիմքերը, փոխարինում է իսկական հավատը փողի կռապաշտությամբ: Փողի և Հիսուսի պատերազմը թեժանում է, և կարծես թե հաղթանակը նոր կռապաշտության կողմն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել