1in.am-ը գրում է.
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Սևանա լճի խնդիրներից՝ նշեց, որ առաջին հերթին պետք է կարգավորել Սևանից ջրի բացթողնման հարցը: Այս տարվա հունվարի 30-ին Կառավարությունը հավանության է արժանացրել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր: Ըստ բանախոսի՝ դա բացասաբար է ազդելու լճի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակի վրա: Նա համոզված է, որ ԱԺ-ն կընդունի օրենքը, քանի որ Կառավարությունն ու Ջրային տնտեսության կոմիտեն նախագիծը մեկնաբանում են այն հանգամանքով, որ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջուրը չի բավականեցնում: «Իրականում այդպես չէ, ջուրը չի բավականացնում, որովհետև փորձում են ապօրինի զարգացնել ձկնային տնտեսությունը»,- նշեց բանախոսը:
Գագիկ Սուխուդյանն ասաց, որ եթե օրենքն ընդունվի, ապա առնվազն հինգ տարով պետք է մոռանալ Սևանա լճի մակարդակը բարձրացնելու մասին:
Նրա հավաստմամբ՝ Սևանի համար վտանգավոր է նաև իբր թե ձկնային պաշարները վերականգնելու համար լճում բիզնես նպատակով ձուկ բուծելը: «Հայկական բերքի աջակցման կենտրոնը» ձուկը ներառել է բերքի ցանկում և ցանկանում է Սևանա լճում պիլոտային ծրագիր փորձարկել, այնտեղ խոշոր ձկնային բիզնես սկսել: «Եթե այդ ծրագիրն իրականացվի, ապա նաև մեծ քանակությամբ կեր պետք է ջրի մեջ լցնել՝ տարբեր հավելումներով, որը կկեղտոտրի ջուրն ու կազդի նրա որոկի վրա»,- ասաց Գ.Սուխուդյանը:



