Հնդիկ լուսանկարիչ Վինիթ Վոհրան մեծացել է արվեստագետների ընտանիքում: Նրա լուսանկարներից երևում է, որ նա դեռ մանկուց հաղորդակից եղել բարձր արվեստին: Ստորև ներկայացվող հարցազրույցում Վինիթը պատմում է իր անցած ուղու, իր հիմնադրած ամսագրի և իր ձգտումների մասին:
- Մի փոքր պատմեք Ձեր մասին:
- Ես ծնվել եմ Դելիում: Մանուկ ժամանակ իմ դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են իմ հայրը և իմ հորեղբայրը: Նրանք ինձ համար մշտապես ոգեշնչման աղբյուր են հանդիսացել: Նրանք ինձ այնպիսի բաներ են սովորեցրել, որ ես չէի կարող սովորել որևէ դպրոցում կամ քոլեջում: Նրանցից մեկը զբաղվում էր կիրառական արվեստով, իսկ մյուսը՝ քանդակագործությամբ: Այսպիսով, ես այդ երկու ոլորտներից էլ ինձ համար քաղել եմ ամենակարևոր դասերը: Ես ավարտել եմ Դելիի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը և մասնագիտացել եմ լուսանկարչության մեջ:
- Ի՞նչը Ձեզ ստիպեց տարվել լուսանկարչությամբ:
- Ընտանիքում շրջապատված լինելով արվեստագետներով՝ ես մշտապես հետաքրքրվել եմ, թե ինչպես է ստացվում, որ նրանք ամեն ինչ այլ կերպ են տեսնում ու ընկալում, ինչպես են նրանք մարդկային դեմքեր տեսնում կիսով չափ կերած խնձորների մեջ կամ ինչպես են բռնցքամարտ՝ ամպերի մեջ: Ես ցանկանում էի լուսանկարներումս անմահացնել այդպիսի յուրօրինակ պահերը: Ես այնպիսի պահերի ականատեսն էի դառնում, որոնք անասելի արագությամբ սահում-անցնում էին: Այդպիսի կարևորը պահերին ես փշաքաղվում էի: Ես աստիճանաբար սկսեցի սպասել այդպիսի պահերի: Ես մեծ բավականություն եմ ստանում, երբ սպասում եմ, որ ուր-որ է, որևէ բան է կատարվելու, և իմ սպասելիքներն արդարանում են:
- Իսկ ե՞րբ տարվեցիք փողոցային լուսանկարչությամբ:
- Իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ բնապատկերներ լուսանկարելով, հետագայում հետաքրքրվեցի նորաձևության շողշողուն աշխարհով, իսկ ավելի ուշ սկսեցի լուսանկարել վայրի կենդանատեսակներին: Այս ամենը տեղի ունեցավ ընդամենը երկու տարվա ընթացքում: Ես շարունակ ինքս ինձ ասում էի, որ սա այն չէ, ինչ ես եմ ուզում անել: Այսպիսով, մոտ ութ տարի առաջ ես սկսեցի զբոսնել փողոցներով ու լուսանկարել փողոցային տեսարաններ, և ես շարունակելու եմ զբաղվել լուսանկարչության այս տեսակով:
- Ի՞նչ եք ձգտում լուսանկարել և մոտիվացիայի ի՞նչ աղբյուր ունեք:
- Ես դեռևս որոնումների մեջ եմ: Դեռ չեմ նկարել իմ լավագույն լուսանկարը: Շատ եմ հավանում իմ լուսանկարներից մի քանիսը, սակայն լավագույն լուսանկարս դեռևս առջևում է: Հենց դա էլ մոտիվացնում է ինձ:
- Դուք APF ամսագրի հիմնադիրներից եք: Մի քանի խոսք այդ ամսագրի մասին:
- 2011 թ.-ին ես եղբորս՝ լուսանկարիչ Ռոհիտ Վոհրայի հետ հիմնադրեցի APF-ը: APF-ը դեռևս իր կազմավորման փուլում է: Ամսագրի նպատակն է այնպիսի հարթակ տրամադրել սկսնակ լուսանկարիչներին, նկարիչներին ու դիզայներներին, որտեղ նրանք կարող են ցուցադրել իրենց կոմերցիոն և ոչ կոմերցիոն աշխատանքները, հնարավորություններ ստեղծել նրանց համար և նոր դռներ բացել: Ամսագրի առաջին համարը հրատարակվել է 2013 թ.-ի հունվարի 1-ին:
- Կցանկանայիք որևէ բան ավելացնել հարցազրույցի ավարտին:
- Եղեք այնպիսին, ինչպիսին կաք և հավատացեք ձեր ուժերին:
























