Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը. «Մեր երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ: Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում»:

Անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորել է երկու երկրների միջև անվտանգությանն առնչվող ուղղությունների զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

Ջոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Արթուր Բաղդասարյանին փոխանցել վերջինիս պաշտոնակցի ջերմ ողջույնները: Ջոու Լին նաև նշել է. «Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»:

Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել