Tert.am-ը գրում է.
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2014թ-ի հունվարի 1-ից: Tert.am-ն այս համակարգի ներդրման դրական ու բացասական, ինչպես նաև միջազգային փորձին վերաբերող հարցերի շուրջ զրուցել է «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ հանդիսացող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Խաչատրյանի հետ, ով ասում է, որ երկարաժամկետ հատվածում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը դրական ազդեցություն կարող է ունենալ:
– Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ներդրումը, ի՞նչ կտա դա մեր հանրությանը:
– Սա նուրբ թեմա է, քանի որ վերաբերում է հասարակության տարբեր զանգվածներին: Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանում կան լուրջ ժողովրդագրական խնդիրներ, որոնք հանգեցնում են կենսաթոշակային ռեֆորմի անցկացման անհրաժեշտությանը: Մասնավորապես, առաջացել է հասարակության ծերացման խնդիր. 90-ական թվականների վերջից նվազել է ծնելիության մակարդակը, շարունակվում է համեմատաբար երիտասարդ քաղաքացիների արտագաղթը, ինչպես նաև աճել է կյանքի տևողությունը: Բացի այդ, ներկայիս քաղաքական իրավիճակը համեմատաբար կայուն է, և նման ռեֆորմի անցկացումը հնարավոր է դառնում: Նշենք նաև, որ իշխանությունների մոտ կա կենսաթոշակային ռեֆորմի իրականացման վճռականություն, որն ի դեպ, հետագայում կարող է բազմաթիվ պատճառներով բացակայել:
Կարծում եմ, որ համակարգի ներդրման համար ժամանակի հրամայականն ակնհայտ է, այլ հարց է, որ վերջինիս իրականացման գործընթացում առկա են բազմաթիվ թերություններ: Մասնավորապես, ակնհայտ է, որ հանրությանն ուղված իրազեկման միջոցներն ու մեթոդներն այդքան էլ արդյունավետ չեն եղել: Կարծում եմ, որ այս միջոցառումները պետք էր սկսել առնվազն մեկ տարի առաջ, միևնույն ժամանակ անհրաժեշտ էր ներկայացնել արտասահմանյան ֆոնդերի կառավարիչներին, այդ թվում նաև մեզ արդեն հայտնի երկու ընկերություններին, որոնք այդ ժամանակահատվածում կառավարելով կամավոր ֆոնդեր, կարող էին իրենց աշխատանքով վստահության մակարդակը մեր քաղաքացիների մոտ անհամեմատ բարձրացնել: Դրա փոխարեն, ռեֆորմի ուժի մեջ մտնելուց մեկ և կես ամիս առաջ մարդիկ հանկարծակի տեղեկանում են այդ կազմակերպությունների մասին: Բացի այդ, կարելի էր հստակ ժամանակացույց սահմանել առկա սահմանափակումների վերանայման վերաբերյալ, օրինակ` արդյոք տեսանելի ապագայում Հայաստանի շուկա մուտք գործելու են նոր խաղացողներ, արդյոք կներգրավվեն տեղական կազմակերպություններ, որոնք արդեն քաղաքացիների մոտ ունեն որոշակի վստահության պաշար, կգրանցվեն նոր ֆոնդերի տեսակներ և այլն: Այս ամենը կարող էր մարդկանց մոտ շատ ավելի ընկալելի սպասումներ ձևավորել, առկա անորոշության փոխարեն:
Եթե օրենսդրական այս փոփոխությունը երկարաժամկետ հատվածում դիտարկենք, ապա այն դրական ազդեցություն կարող է ունենալ, հատկապես պետական ֆինանսական պարտավորությունների կայունացման իմաստով: Բերենք Չիլիի օրինակը, որտեղ առաջինն է ներդրվել այս համակարգը, 80-ական թվակաների սկզբում սոցիալական ծախսերի վճարների պակասորդը կազմում էր ՀՆԱ-ի 20%-ը: Քսան տարի հետո այդ նույն ցուցանիշը կազմում էր ընդամենը 4%:
Բացի այդ, օրենքի ներդրումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև խնայողությունների վրա: Որոշ երկրներում, որտեղ իրականացվել են նման ռեֆորմներ, կենսաթոշակային ակտիվների ծավալը կազմում է ՀՆԱ-ի մոտ 50%-ը, իսկ ընդհանուր ֆինանսների ակտիվների ծավալում՝ ավելի քան 50%-ը: Այդ իմաստով ֆինանսական շուկայի զարգացման համար չափազանց կարևոր նշանակություն կարող է ունենալ այս բարեփոխումը՝ էապես ավելացնելով երկարաժամկետ խնայողությունների ծավալը տնտեսությունում:
Պետք է նշել նաև, որ կարճաժամկետ հատվածում այս բարեփոխումները կարող են բացասաբար ազդել, քանի որ մարդկանց տնօրինվող եկամուտները որոշակիորեն նվազում են:
– Ինչպիսի՞ն է առաջադեմ միջազգային փորձը, և ինչպիսի՞ խնդիրներ կարող են լինել համակարգի ներդրման արդյունքում:
– Արդեն նշեցինք, որ առաջինն այն ներդրվեց Չիլիում՝ 1981թ-ին, հետագայում՝ նաև Արգենտինայում, Բոլիվիայում, Կոլումբիայում, Էկվադորում, Պերուում և վերջում՝ Ուրուգվայում: Պետք է նշել, որ այս ռեֆորմներին հետևում էին զարգացած երկրները, քանի որ վերջիններս ունեն ծերացող հասարակության հետ կապված չափազանց մեծ ծավալի և շատերի կարծիքով նաև անկառավարելի կուտակված ֆինանսական պարտավորություններ:
Այս համակարգի ներդրումն ունի երկու հիմնական խնդիր: Առաջինը եկամտի փոխարինման ցածր դրույքաչափի խնդիրն է: Այսինքն՝ դա այն գումարն է, երբ մարդն անցնում է կենսաթոշակի և ստանում կենսաթոշակ, որը պետք է փոխարինի իր աշխատավարձին: Եթե վերցնենք Չիլիի օրինակը, ապա այդ ցուցանիշը այնտեղ վերջերս կազմում էր 40%, որը բավականին ցածր է զարգացած տնտեսությունների 55-60% մակարդակի համեմատ: Դա պայմանավորված է նրանով, որ ակտիվների կառավարիչներն այդ երկրներում կիրառում են կառավարման բարձր վճարներ, և պետական պարտատոմսերի եկամտաբերությունները շարունակական նվազման միտումներ են ցուցաբերում:
Որպեսզի փոխարինման դրույքաչափը բարձրացվի, որոշակի քայլեր ձեռնարկեցին այդ տնտեսություններում: Մասնավորապես՝ Լատինական Ամերիկայի երկրներում ի լրումն առկա ակտիվների կառավարիչների, որոնք արդեն գործունեություն էին իրականացնում, որոշ ժամանակ անց թույլ տվեցին նաև ներքին ակտիվերի կառավարիչներին մուտք գործել շուկա` որպեսզի խթանեն մրցակցությունը, և հետևաբար, կառավարման վճարները նվազեն:
Երկրորդը՝ չգրանցված աշխատողների խնդիրն է: Բարձր է ստվերային հատվածում ընդգրկված չգրանցված կամ ցածր աշխատավարձերով գրանցված աշխատողների քանակը: Որոշ երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 50-55%-ի միջակայքում: Գործատուների շրջանում առաջանում է լրացուցիչ խթան՝ աշխատողների չգրանցման հետ կապված, որովհետև դա իրենց համար լրացուցիչ ծախս կարող է հանդիսանալ: Այս երկու խնդիրների լուծման պարագայում, կարծում եմ բարեփոխումը կարող է արդարացված լինել:
Այս բարեփոխումներում կան և մի շարք բաց խնդիրներ, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն: Մասնավորապես, դրանցից ամենահաճախ նշվածը հատկացումների դրույքաչափի և ընդգրկողների տարիքային շեմի հարցերն են, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ այս բարեփոխման ուղենիշ է հանդիսացել Էստոնիան, որտեղ, ի դեպ, պարտադիր վճարումների համար քաղաքացիները վճարում են համախառն եկամտի 2%-ը, իսկ պետությունը վճարում է 4% (2009-2010թթ՝ ճգնաժամի տարիներին Էստոնիան չվճարեց նշյալ պարտադիր վճարները): Միևնույն ժամանակ որպես տարիքային թիրախ հանդիսացել են 1983թ-ից ծնված քաղաքացիները: Նշված խնդիրները սույն բարեփոխումների համար շատ էական են և կախված են բազմաթիվ գործոններից`երկրի դեմոգրաֆիական իրավիճակ, մակրոտնտեսական ցուցանիշներ, բարեփոխումների հրատապություն և այլն: Այս առումով կարծում եմ, որ բոլոր դեպքերի համար լուծում գոյություն չունի, և մեր համապատասխան մարմինները պետք է խորքային հետազոտություններ անեն, որ կարողանան ճիշտ գնահատականներ ստանալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



