1in.am-ը գրում է.
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԱԻՆ փրկարար ծառայության աշխատանքից՝ նշեց, որ աշխատակիցների առջև մի խնդիր է դրված՝ ստեղծել բարի ժպիտով ծառայություն և ամենադժվար պահին լինել մարդկանց կողքին:
Նա տեղեկացրեց, որ հայ-ռուսական համագործակցության արդյունքում այս տարի Ռուսաստանի կողմից Հայաստան են ներկրվելու 12 մլն դոլարի սարքավորումներ, մեքենաներ և այլ անհրաժեշտ իրեր, որոնց շնորհիվ մեր փրկարարները կկարողանան նաև արձագանքել հարևանների կանչերին:
Շվեյցարիայի կողմից ևս ստեղծվում են փրկարարական ջոկատներ Սյունիքում, Շիրակում և Երևանում:
Անդրադառնալով ՀՀ սեյսմիկ իրավիճակին՝ բանախոսն ասաց, որ սեյսմիկ իրավիճակը գտնվում է նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում, լուրջ միջոցներ են ներդրվում Գառնիի խզվածքի վրա դիտակայանը ավարտին հասցնելու համար, որը ցույց կտա երկրի շարժը երկրաշարժից առաջ. «Հայաստանի 150 սեյսմիկ կայանների մեծ մասը մաշված են, ճապոնացիների, ամերիկացիների, ռուսների հետ համագործակցության արդյունքում դրանք ևս կթարմացվեն, կառուցվում են նոր դիտակետեր»:
Ինչ վերաբերում է երկրաշարժի ռիսկին, Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ մեր հանրապետության շուրջ գրանցված երկրաշարժերը մեզ համար վտանգավոր չեն. «Երկրաշարժերը պտտվում են մեր հանրապետության շուրջ, բայց մեզ համար որևէ խուճապի առիթ չկա»:
Նա հավելեց նաև, որ նախարարությունում այժմ աշխատում են ԱԻՆ առաջին օգնության մասին օրենքի ընդունման ուղղությամբ:
Նշենք, որ 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, արտակարգ իրավիճակներից զոհերի թիվը 11 տոկոսով աճել է, աճել է նաև դեպքերի թիվը՝ նախորդ տարվա համեմատ՝ 4.6 տոկոսով: Դրանց պատճառները հիմնականում սոցիալ-կենցաղային են:



