168.am-ը գրում է.
Ամերիկյան The National Interest պարբերականում հրապարակվել է Թայբեյում (Թայվան) բնակվող լրագրող, Նոթթինգհեմյան համալսարանին կից Չինական ժամանակակից հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջ. Մայքլ Քոուլի «Ապագայի հինգ զենք, որոնք կարող են փոխել պատերազմների բնույթը» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Բավական խնդրահարույց է կանխատեսելը, թե ո´ր հինգ զինատեսակներն ապագայում առավել կազդեն մարտական գործողությունների վրա, քանի որ պատերազմների բնույթը մշտապես փոփոխվում է: Զենքի այն համակարգերը, որոնք ունակ են փոխելու երկու բանակի (ասենք` չինական ու ամերիկյան) խոշոր հակամարտության ելքը, անօգտակար կլինեն անհամաչափ սցենարների դեպքում, երբ զորքերը կպատերազմեն քաղաքային պայմաններում (օրինակ, իսրայելական բանակի ու Գազայի հատվածի պաղեստինցիների դիմակայությունում):
Եվս մեկ բարդ պահ է սպառազինության մշակման մեջ հեղափոխության հստակեցումը: Հարց է առաջանում, թե զենքի մշակման ժամանակ ինչի վրա պետք է դնել շեշտը. կործանարա՞ր գործունեության ու մարդկային մեծ թվով զոհերի, թե՞ ընդհակառակը` մարդկային նվազագույն կորուստներ պատճառելու վրա: Նկատի ունենալով տարբեր սցենարներով պատերազմների բնույթը` մենք ամեն դեպքում փորձեցինք կազմել սպառազինության այն հինգ համակարգերի ցանկը, որոնք հիմնականում գտնվում են մշակման փուլում և որոնք կարող են թեկուզև կարճ ժամանակով փոխել պատերազմի ընթացքը:
5. Hyper Stealth կամ Quantum Stealth Տեխնոլոգիաների օգտագործմամբ գիտնականները ստեղծում են «հարմարվողական քողարկում»: Խոսքը «անտեսանելի թիկնոցի» ստեղծման մասին է, որը յուրաքանչյուրին` լինի նա շարքային զինվոր, թե էլիտար հատուկջոկատային, հնարավորություն կտա աննկատ գործել թշնամական տարածքում: Դա նրանց կտա առնվազն ժամանակային պաշար` նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելու համար:
«Անտեսանելի թիկնոցը» հնարավորություն կտա նվազեցնել ռազմական գործողությունների ժամանակ կորուստների քանակը` միաժամանակ մեծացնելով հակառակորդին ճշգրիտ ու հանկարծակի հարվածներ հասցնելու, ինչպես նաև դիվերասիոն գործողություններ ու սպանություններ իրագործելու հնարավորությունը:
«Անտեսանելի թիկնոցը» նաև լուրջ ազդեցություն կունենա ռազմական գործողությունների ժամանակ այն դեպքում, եթե նա ընկնի ոչ պետական ուժերի ձեռքը, ինչպիսիք են պարտիզանական ջոկատներն ու ահաբեկչական խմբերը:
«Անտեսանելի թիկնոցի» մշակմամբ զբաղվում է կանադական մի ընկերություն: 4. Էլեկտրոմագնիսային հրանոթներ Էլեկտրոմագնիսային ռելսային հրանոթն օգտագործվում է մագնիսական դաշտը և ոչ թե պայթուցիկի լիցքն ու վառելիքը:
Այդ մագնիսական դաշտը արկը նետում է մեծ հեռավորության վրա` 7240-9000 կմ/ժամ արագությամբ: Փորձարկումը ցույց է տվել, որ այն ունակ է արկը նետել 100 ծովային մղոն հեռավորության վրա` օգտագործելով 32 մեգաջոուլ էներգիան: Էլեկտրոմագնիսային ռելսային հրանոթի կրակոցի արագության ու հեռահարության մեծացումը տալիս է մի շարք առավելություններ ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական մարտում:
Խոսքը հակառակորդին և´ գերճշգրիտ հարվածներ հասցնելու, և´ հակաօդային պաշտպանության մասին է: Այդ տեխնիկայի ևս մեկ առավելություն է այն, որ նա վերացնում է պայթունավտանգ ու դյուրավառ նյութեր պահելու անհրաժեշտությունը, որոնք անհրաժեշտ են կրակոցի ու սովորական արկերի արձակման ժամանակ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Գիտահետազոտական վարչությունն էլեկտրոմագնիսային ռելսային հրանոթ է մշակում 2005 թվականից:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հուսով են ժամանակի ընթացքում դրա կրակոցի հեռահարությունը հասցնել մինչև 200 ծովային մղոնի` 64 մեգաջոուլ էներգիայի օգտագործմամբ: Ծովայիններից հետ չմնալու համար ցամաքային զորքերը մշակում են էլեկտրոմագնիսային ռելսային հրանոթի սեփական տարբերակը: Լուրեր կան, որ սեփական տարբերակի վրա աշխատում է նաև Չինաստանը:
3. Տիեզերական զենք Թեև միջազգային հանրությունն ակտիվորեն հանդես է գալիս տիեզերական տիրույթում զենքի տեղակայման դեմ` առաջատար երկրները շարունակում են մշակել այնպիսի տեխնիկա, որը տիեզերքը կվերածի մարտադաշտի:
Այստեղ հնարավորությունները որքան անսահման, այնքան էլ անսովոր են: Խոսքը գնում է և´լուսնային բազավորման հրթիռային սարքերի, և´ աստորոիդներին որսալու ու դրանք Երկրի մակերևույթին առկա թիրախներին ուղղելու համակարգերի մասին: Դա մեծապես կազդի պատերազմի բնույթի վրա: Տարբերակներից մեկն առնչվում է ուղեծրում գործող սարքերում էլեկտրոմագնիսային ազդակի զենքի տեղակայմանը` միջուկային ու ոչ միջուկային տարբերակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



