«Տարին մեկ անգամ պետք է հետազոտվել, իսկ աչքի խնդիրներ ունեցող մարդիկ` լինեն հսկողության տակ»Panorama.am-ը գրում է.

Այսօր տեսողության վերականգնումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Լազերային կորեկցիան գրեթե չունի հակացուցումներ, արդյունքն էլ նկատելի է միանգամից: Այդուհանդերձ, մասնագետից փորձեցինք պարզել, թե որքանո՞վ է արդյունավետ կատարել տեսողության լազերային կորեկցիա:

Panorama.am-ը զրուցել է Հայաստանում առաջատար ակնավիրաբույժ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար Արտաշես Զիլֆյանի հետ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում տեսողության լազերային կորեկցիան, և ե՞րբ է այն ներդվել Հայաստանում:

-Տեսողական լազերային կորեկցիան մի վիրահատություն է, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում վերականգնել տեսողությունը կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում: Այսինքն` գրեթե բարդություն չունեցող վիրահատություն է:

Ավելի քան 30 տարի աշխարհում կատարվում է լազերային կորեկցիա և այն մեծ տարածում ունի, բացի այդ` բժշկության մեջ այն համարվում է ամենաշատ կատարվող վիրահատություններից մեկը, քանի որ դրանից հետո մարդն այլևս ակնոցի կարիք չի ունենում: Ամբողջ աշխարհում տարեկան կատարվում է 2-3 մլն տեսողության լազերային կորեկցիա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն այնքան էլ տարածված չէ, քանի որ մարդիկ դրա մասին այդքան էլ տեղեկացված չեն, թեև 10 տարուց ավելի է Հայաստանում կատարվում է լազերային կորեկցիա:

Նշեմ նաև, որ արդեն երկու տարի է թե «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, թե այլ կենտրոններում այդ վիրահատությունն իրականացվում է Lasik եղանակով:

-Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ այս մեթոդի կիրառման դեպքում։

-Lasik մեթոդի կիրառման ժամանակ, որպես կանոն, որևէ լուրջ բարդություն չի լինում. հիվանդը շատ արագ ապաքինվում է և հաջորդ օրն իսկ կարող է անցնել իր առօրյա կյանքին: Ինչ վերաբերում է բարդություններին, ապա դրանք կարող են կազմել ընդհանուր վիրահատությունների 1 տոկոսը միայն:

-Այսինքն` Հայաստանում վիրահատությունն իրականացվում է այն նույն սարքավորումներով, տեխնոլոգիաներով, ինչպիսին զարգացած երկրներո՞ւմ:

-Այո, Հայաստանում կիրառվում են այն նույն տեխնոլոգիաները, ինչ ամբողջ աշխարհում: Սակայն արդեն մի քանի տարի է գոյություն ունի նոր սարքավորում, որը հնարավորություն է տալիս կատարել լազերային կորեկցիա` առանց դանակի կիրառմամբ: Ունենալով ակնաբուժական բոլոր առկա լազերները՝ մեր կենտրոնը լազերային տեխնիկայի կիրառմամբ ակնաբուժության մեջ հանդիսանում է առաջատար: Մեկ ամիս առաջ կենտրոնում ներդրվել է Հայաստանում առաջին FEMTOSECOND Laser -ը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ բարդությունների լազերային կոեկցիա կատարել: Femto Lasik մեթոդի կիրառման ժամանակ որևէ բարդություն չի հանդիպում, իսկ այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս անցնել առօրյա կյանքին ընդամենը 2 ժամ անց։ Ի տարբերություն Lasik վիրահատության, ֆեմտոսեկունդային վիրահատության ժամանակ չի կիրառվում որևէ կտրող գործիք:

-Ո՞ր տարիքից է կարելի կիրառել լազերային կորեկցիան:

-Վիրահատությունը կարելի է կատարել 18 տարեկանից սկսած: Նույնիսկ մեծահասակներին կարելի է վիրահատել, եթե նա չի ցանկանում ակնոց կրել: Օրինակ` վիրահատել եմ 65 տարեկան մի տղամարդու, ով չէր ցանկանում ակնոց կրել: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա այն ցուցված է այն դեպքում, երբ աչքերի տեսողության մեջ կա մեծ տարբերություն: Նման դեպքերում հնարավոր չէ ակնոց կրել: Այդ դեպքում վիրահատությունը ցուցված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել