Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հոսպիտալացվելուց հետո, որն արդեն տևում է տարուց ավելի, Իրաքի ներքաղաքական կյանքը գնալով ավելի անկայուն է դառնում և կարող է առաջիկայում ամբողջությամբ կաթվածահար լինել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: 80-ամյա, ազգությամբ քուրդ պետական գործիչը` Թալաբանին, իր հեղինակության միջոցով, քիչ, թե շատ, կարողանում էր բալանսավորել Իրաքի տարբեր՝ էթնիկ և կրոնական միավորների շահերը, և քիչ, թե շատ, երկիրը պահել համեմատաբար կայուն վիճակում: Ասում եմ համեմատաբար, քանի որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից ի վեր, Իրաքը դարձել է բախումների թատերաբեմ՝ ներսում ապրող ազգերի և կրոնական տարբեր պատկանելություն ունեցող խմբերի համար: Ինչևէ, երկրում տիրող իրավիճակի մասին վերջերս խոսել է Իրաքի փոխվարչապետը և դրանում մեղադրել և՛ իշխող վարչակարգին, և՛ ամերիկացիներին:
Փոխվարչապետ, սուննիների ղեկավար Սալեհ ալ Մութլեքի խոսքերով՝ երկրում, մասնավորապես Անբար շրջանում տիրող քաոսի պատասխանատուն, Իրաքի շիա խմբավորման վարչակազմն է, որը մարգինալիզացրել է թե՛ սունիններին, թե՛ Սադամ Հուսեյանի Բաաթ կուսակցության նախկին անդամներին: Փոխվարչապետի խոսքերով, այսօր խնդիրը ցուցադրվում է որպես պայքար «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման, ինչպես նաև Ալքաիդա միջազգային ահաբեկչական ցանցի դեմ, բայց խնդիրը միանգամայն այլ է: Վերջինիս խոսքերով, ԱՄՆ-ն զենք է տրամադրում Իրաքի կառավարությանը, որ իրենք իբր պայքարեն ահաբեկիչների դեմ, բայց հասնելով Աքբար, բանակը ուղղում է իր ջանքերը սուննիների դեմ և սկսում է պայքարել ցուցարարների դեմ` հարձակվելով նրանց վրա, ոչնչացնելով այդ մարդկանց վրանները և մի մասին էլ ձերբակալելով, իսկ նման քաղաքականությունը սուննիական շրջանում առաջացնում է անհանգստություն զգացում՝ իրենց անվտանգության համար, սադրում պատասխան արձագանք:
Մութլեքի խոսքերով, Անբարում առկա են նաև ահաբեկիչներ, բայց ապստամբների մեծ մասը հասարակ ցուցարարներ են և նախկին բաաթիստականներ, նախկին բանակայիններ, ովքեր տարիներ շարունակ մնում են գործազուրկ, քանի որ նրանց ոչ մի կերպ չեն վերաինտեգրում ո՛չ հասարակության մեջ, ո՛չ էլ բանակում, իսկ նման պայմաններում այս մարդկանց այլ ելք չի մնում, քան պայքարել իշխանությունների դեմ: Սակայն սա դեռ հարցի մի մասն է: Ինչ վերաբերում է սովորական ցուցարարներին, ապա փոխվարչապետի խոսքերով նա դեռ անցած տարի մշտապես կոչ էր անում ներկայիս վարչապետ Մալիկիին չանտեսել այդ մարդկանց, քանի որ եթե ցուցարարները տեսնեն, որ խաղաղ ցույցերը ժողովրդավարության շրջանակներում արդյունք չեն տալիս, ապա նրանք կսկսեն դիմել այլ միջոցների՝ մասնավորապես դիմելով ծայրահեղականությանը (էքստրիմիզմ):
Այս շաբաթ Մութլեքը հանդիպել է մի քանի կոնգրեսականի և խնդրել, որ ԱՄՆ-ն զենք տալուց զատ, նաև փորձի խոսել Մալիկիի հետ և համոզել նրան երկխոսել Իրաքի սունինների հետ, որովհետև միայն զենք տրամադրելով, հարց չի լուծվի: Փոխվարչապետը խնդրել է ԱՄՆ պաշտոնյաներին օգտագործել իշխանության հանդեպ ունեցած իրենց լծակները և համոզել կառավարությանը՝ երկխոսել Անբարի աուննիական համայնքի հետ:
Ահա և այն քաոսը, որը տիրում է Իրաքում: Մենք այսօր առայժմ խնդիրը դիտարկեցինք կենտրոնական իշխանության և աուննիական հատվածի միջև առկա տարաձայնությունների և բարդությունների տեսանկյունից, չնայած այն բանի, որ կա նաև քրդական խնդիր: Այսօր քրդերը գտնվում են դե ֆակտո անկախ վիճակում և նույնիսկ պայմանագրեր են կնքում օտարերկրյա պետությունների հետ՝ առանց հաշվի առնելու Բաղդատի կարծիքը: Այդ համատեքստում նշենք, որ քրդերի շրջանային կառավարությունը ծրագիր է մշակում, ըստ որի, պատրաստվում է նավթ արտահանել հարևան Թուրքիայի Հանրապետություն՝ առանց Բաղդատի թույլտվության: Համաձայնեք, որ սա հավասարազոր է անկախության: Վերադառնալով, սակայն, սուննիական խնդրին՝ հարկ է նշել, որ եթե քրդերը, կազմելով երկրի բնակչության շուրջ 17%-ը, կարողացել են հասնել ինքնակառավարման, ապա երկրի բնակչության 27%-ը, լինելով սուննի արաբ և ճնշված շիաների մեծամասնությամբ (53%), դժվար թե չկարողանա հասնել որոշակի՝ իրենց համար ընդունելի արդյունքի, իսկ եթե ոչ, ապա երկրում բախումների շարունակականությունը կարելի է համարել ապահովված՝ իր բոլոր բացասական հետևանքներով: