Newsbook.am-ը գրում է.

Աշխարհում ոչ մի հանցագործություն չունի վաղեմության ժամկետ։ Ու անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանությունը և ով ընդդիմությունը, Մարտի 1-ը Հայաստանում դիմադրության օր է։

Անշուշտ, Մարտի 1-ը կայծակ չէր անամպ երկնքում, որովհետև այն հաջորդում էր Հոկտեմբերի 27-ին։ Օր, որ դեռ ունենալու է իր ահեղ դատաստանը և հենց դրա ուշացման պատճառով է, որ Հայաստանում Մարտի 1 եղավ։

Իշխանությունը սիրում է միջազգային տարբեր ատյաններում Հայոց Ցեղասպանության հետ կապված մեսիջ ուղարկել աշխարհին, թե չպատժված ոճիրը նոր ոճիր է ծնում։ Բայց ինչո՞ւ է նրան թվում, որ ամբողջ աշխարհի համար ընկալելի այս իմաստնությունը հենց այս 30 հազար քառակուսիի վրա չպիտի տարածվի։

Պիտի տարածվի և այն էլ օր առաջ։ Որովհետև Հոկտեմբերի 27-ը անպատժելիության և ցինիզմի այնպիսի մթնոլորտ տարածեց երկրում, որ Մարտի 1-ն ուղղակի, կոպիտ ասած, տեխնիկայի հարց էր։

Վատ է, իհարկե, որ գարնան առաջին օրը մենք պետք է ոճիրի հետապնդմամբ անցկացնենք։ Բայց մենք դատապարտված ենք այդպիսի գարնան առաջին օրվա, քանի որ հոկտեմբերի 28-ին փոխանակ մենք արգելափակեինք Հոկտեմբերի 27-ի շնչառությունը մեր երկրում, մենք բռնվեցինք վախով ու կասկածամտությամբ։ Եվ մենք, այո, բոլորս՝ պատասխանատու ենք Մարտի 1-ի 10 զոհերի համար։ Որովհետև այդ ջահել հոգիները կյանքը թողեցին հոկտեմբերի 28-ին ծայր առած մեր վախերի պատճառով։  

Ու հիմա նրանք թափառում են մեր քաղաքի երկնքում, զննում գալիք Մարտի 1-ի մեր պատկերը։

Անշուշտ, հրաշալի է, որ Հայաստանում դեռևս կան այն քաղաքական ու քաղաքացիական միավորները, ովքեր կռիվ ունեն վախի ու ստրկամտության դեմ և ոչ մի գնով չեն հաշտվի, որ իրենց բաժին երկիրը դառնա առանձին զոռբաների համար անշարժ գույք, արոտավայր։

Այնպես որ, Մարտի 1-ը ոչ միայն հիշատակի ու ցասումի, այլ հենց ողջախոհության օր է։ Եվ այդ օրը հրապարակում պետք է կանգնեն երկրի ողջախոհները։

Մարինա Բաղդագյուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել