Սան Ֆրանցիսկոյում բնակվող դիզայներ Լուկա Սթյուարտը ավագ դպրոցում ճարտարապետության դասընթաց էր անցնում: Ուսուցիչը նրան հանձնարարել էր հասարակ իրեր պատրաստել՝ օգտագործելով թղթե ծրարներ: Լուկան տուն գնաց և անմիջապես գործի անցավ: Տարվելով հանձնարարությամբ՝ նա սկսեց մի բավականին բարդ նախագիծ. օգտագործելով դասարանում սովորած մեթոդներից մի քանիսը՝ նա ձեռնամուխ եղավ Boeing 777 ինքնաթիռի թղթե մոդելի պատրաստմանը: Այդ ժամանակ 2008 թվականն էր:
Դրանից 5 տարի անց Լուկան դեռևս շարունակում է կատարելագործել իր պատրաստած ինքնաթիռը: Նա ինտերնետից գտել է Air India 777-300ER ինքնաթիռի սխեմատիկ դիագրամը: Օգտվելով այդ դիագրամից՝ նա վերստեղծում է թվային պատկերները Adobe Illustrator-ում, ապա տպում այդ պատկերները թղթե ծրարների վրա: Նա ձգտում է, որ ամեն ինչ կատարյալ լինի: Հարցազրույցներից մեկում Լուկան ասել է, որ ինքն իրականում երկու ինքնաթիռ է ստեղծել: Դրանցից մեկը ներկայացված է այս նկարներում, իսկ մյուսը նա ցույց չի տալիս, քանի որ այն ձախողված փորձ է համարում:
Թղթե ինքնաթիռներ պատրաստող այս հրաշամանուկը հուսով է, որ իրեն կհաջողվի այս ամառ վերջապես ավարտին հասցնել նախագիծը: Նա հստակ չգիտի, թե ինչով է զբաղվելու դրանից հետո, սակայն հնարավոր է, որ մի փոքր դադար տալուց հետո 6-մետրանոց նոր ինքնաթիռ ստեղծի: Լուկան ասում է, որ ուրախ կլիներ, եթե իր աշխատանքը ցուցադրվեր որևէ թանգարանում:














