Civilnet.am-ը գրում է.

Սիվիլիթաս հիմնադրամը փետրվարի 13-ին «Երևան» հյուրանոցում քննարկում էր կազմակերպել «Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով: Հյուրերն էին Հայաստանի երեք նախկին արտգործնախարարները՝ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Վարդան Օսկանյանը: Քննարկումը վարում էր ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը (ամբողջական տեսագրությունը՝ այստեղ): Միջոցառմանը նախկին արտգործնախարարների ելույթների հիմնական շեշտադրումը Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն էր: Նախկին արտգործնախարարների ելույթներից հատվածներ ներկայացված են ստորև:

Վահան Փափազյան. Ես համաձայն չեմ այն դիտարկմանը, որ այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ, հիմա կրկնվում է, և նորից պետք է պայքարի ելնել անկախության համար: Անկախությունը կա, այնպես չէ, որ մենք կորցրել ենք և պետք է վերականգնենք: Բացի այդ, ինչպես հայտնի է, նույն գետը երկու անգամ չեն մտնում: Աշխարհաքաղաքական իմաստով էլ այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակ էր:

Խնդիրը ոչ թե նորից ազգովի ելնելն ու անկախության համար պայքար մղելն է, այլ օրվա իշխանության վարած քաղաքականությունը, որովհետև հասարակությունը չէ, որ քաղաքականություն է վարում, այն վարում է օրվա իշխանությունը:

Ինչո՞ւ այսպես ստացվեց: Բա ուրիշ ի՞նչ պետք է ստացվեր նման իշխանության պայմաններում: Խնդիրը միայն այն չէ, որ ոչ լեգիտիմ իշխանությունը հենարան է փնտրում դրսում, առաջին հերթին Ռուսաստանում…

Ի՞նչ պետք է անել: Կարծում եմ՝ քայլերի հաջորդականություն կա, որ մենք ձեզ հետ միասին, հայ հասարակությունը, հայաստանցի հասարակությունը՝ մասնավորապես, լրջորեն պետք է խորհենք: Ես չեմ կարծում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, անվերադառնալի է: Ընդհանրապես, քաղաքականության մեջ անվերադառնալի կամ ոչ շտկելի իրավիճակներ չեն լինում: Միշտ հնարավորություն կա ինչ-որ բան շտկել: Նաև պետք է խոստովանեմ, որ լավ չեմ պատկերացնում, թե Մաքսային միությունն իրենից ինչ է ներկայացնում: Ես վստահ չեմ, որ նույնիսկ մարդիկ, որ նախաձեռնել են Մաքսային միությունը, իրենք ամբողջությամբ պատկերացնում են, թե հետագա քայլերն ինչպիսին պետք է լինեն:

Շատ է խոսվում, որ սա առաջին հերթին տնտեսական համագործակցության հարթակ պետք է լինի: Ես խիստ կասկածում եմ: Ես կարծում եմ, որ Մաքսային միությունը առաջին հերթին քաղաքական համախմբման հարթակ է լինելու, եթե կայանա որպես այդպիսին…

Ալեքսանդր Արզումանյան. Հայաստանի անկախ պետականության ողջ պատմությունը Ռուսաստանից փախչելու փորձ է: Բոլոր 22 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձել են Հայաստանը դարձնել Ռուսաստանի իշխանությունից նվազ կախված։ Սա եղել է 88-ի շարժման հիմքում: Այդ առումով որևէ բան չի փոխվել: Այն ժամանակ տոտալիտար երկրից փախանք, անկախ պետականություն հռչակեցինք, կարողացանք աննախադեպ ռազմական հաղջողություններ արձանագրել…

Դիլեման եղել է հենց հանրաքվեի հարցի մեջ՝ «ուզո՞ւմ ենք մենք, որ Հայաստանը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»: Այդ հարցի պատասխանը մենք դեռ չենք կարողացել տալ՝ կառուցել ժողովրդավարական պետություն լեգիտիմ իշխանություններով, որը կկարողանա հասարակության հետ դիսկուրսի ընթացքում որոշել, թե որն է մեր ճանապարհը…

Վրաստանը հանուն եվրաինտեգրման գին է վճարել՝ հրաժարվելով իր երկու տարածքներից: Հարց է՝ մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել եվրոպական մեր նկրտումները բավարարելու համար…

Այսօր մենք զիջել ենք մեր ինքնիշխանությունը Ռուսաստանին:

Վարդան Օսկանյան. Մենք մեր նկատմամբ վստահության կորուստ ունենք: Թվում էր, թե ինչքան ժամանակ է անցնում, անկախությունն ամրագրվում է, այնքան ավելի ինքնավստահ պետք է զգանք մեզ: Բայց ճիշտ հակառակն է տեղի ունենում, հատկապես վերջին ժամանակահատվածում: Մենք մեր նկատմամբ վստահության պակաս ունենք. չենք վստահում կարծես մեր ուժերին: Երկրորդ՝ մենք մեզ վախեցնելու ինչ-որ գործընթաց ենք սկսել: Միգուցե դա կարելի է բացատրել նրանով, որ Վրաստանի օրինակը մեր աչքի առաջ է: Բայց չմոռանանք, որ Վրաստանը բոլորովին այլ ճանապարհով էր գնում՝ իր առաջ ՆԱՏՕ-ի, Եվրամիության անդամակցության խնդիրներ էր դրել: Նաև նրանք Հարավային Օսիայի հարցում սխալներ արեցին: Հետևանքը եղավ այն, ինչ եղավ:

Հիմա մենք օրինակ վերցնենք Վրաստա՞նը ու սկսենք մտածե՞լ, որ ուրեմն եթե մենք այս քայլերը չանենք, մենք Ղարաբաղ կկորցնենք, դա մեզ սխալ ճանապարհով կտանի: Ես պետք է ասեմ, որ սխալ ճանապարհով արդեն տարել է: Սեպտեմբերի 3-ը դրա վկայությունն է:

Սա բացարձակ կապ չունի ռուսամետ լինելու կամ չլինելու հետ: Սա հայամետության խնդիր է: Ես կարծում եմ, որ սեպտմեբերի 3-ին մենք կարող էինք բոլորովին այլ որոշում կայացնել և Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ պահել: Այդ հարաբերություններն իրենց բարձունքի վրա պետք է լինեին մինչև սեպտեմբերի 3-ը: Ու քանի որ բարձունքի վրա չէին, մենք մեզ կաշկանդված էինք զգում: Եվ կարծեք թե ուզում էինք անել մի այնպիսի քայլ, որ այդ հարաբերությունները դնեինք այն հարթության վրա, ինչ նախկինում եղել է՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ, Քոչարյանի ժամանակ: Իսկապես, հայ-ռուսական հարաբերություններն իրենց ռազմավարական գործընկերության հարթության վրա չէին մինչև սեպտեմբերի 3-ը: Եվ պատճառներից մեկը հենց դա էր:

Շատ բանով ճիշտ է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Բայց նաև արտաքին քաղաքականությունը շատ բան կանխորոշում է ներսում՝ երկրի զարգացման առումով, առևտրի հնարավորությունները մեծացնելու, ներդրումներ ներգրավելու առումներով: Մեկը մյուսին փոխլրացնում է: Սակայն, իհարկե, մեր երկրի ներքին իրավիճակը շատ բան է թելադրել արտաքին զարգացումների առումով: Մենք այսօր թույլ ենք զգում՝ տնտեսության վիճակը լավ չէ՝ աղքատություն, արտագաղթ, նաև ժողովրդավարության լուրջ խնդիրներ ունենք, օրինականության խնդիր ունենք։ Այս բոլորը՝ միասին վերցրած, իսկապես մեր արտաքին քաղաքականության, մեր մանևրելու հնարավորությունները էապես փոքրացնում են:

Ամենագլխավոր խոչընդոտը մեր քաղաքական համակարգում հակակշիռների բացակայությունն է: Այսօր մենք միակուսակցական համակարգ ենք: Եկեք դա արձանագրենք, մնացածը ձևականություն է…

Ասում ենք, որ ՀՀԿ-ն իշխանություն է, մյուսները ազատ են, կարող են գոյություն ունենալ, բայց երբեք չեն կարող իշխանություն ունենալ…

Հակակշռիների բացակայությունը խորհրդարանում և քաղաքական համակարգում ընդհանրապես բերում է նման հետևանքների: Ես շատ պարզ օրինակ բերեմ․ նախագահի դիրքերը Մոսկվայում շատ ավելի ուժեղ ու համարձակ կլինեին, եթե նա երկրի ներսում քաղաքական հակակշիռ ունենար։ Նույնիսկ եթե ենթադրում ենք, որ Ռուսաստանը ճնշել է,- թեև ես կարծում եմ, որ չի ճնշել,- նախագահը մանևրելու տեղ կունենար: Կարող էր այնտեղ մի բան խոստանալ, վերադառնար երկիր, և արդեն մենք կոնսենսուսի ճանապարհով, մեր շահերից ելնելով՝ խորհրդարանում ինչ-որ բան արգելափակեինք: Այսօր այդ հնարավորությունը չունենք, որովհետև միակուսակցական համակարգ է:

Իսկապես, ներսում մենք շատ բան ունեինք անելու, որպեսզի կարողանանք մեր արտաքին հնարավորությունները մեծացնել: Հետաքրքրական է, որ այդ հնարավորությունները նախկինում շատ ավելի լայն են եղել, և արդյունքներն ակնհայտ են:

Վերջապես, այսօր տարածաշրջանում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել: Սրա հետևանքները մենք անպայման զգալու ենք, հատկապես՝ հայ-վրացական հարաբերությունների առումով: Վրաստանը՝ Եվրոպա, մենք՝ Ռուսաստան, Ադրբեջանը փաստորեն՝ արանքում: Մեր երեքի միջև մեկ ընդհանրական բան էր մնացել՝ եվրոպական ինտեգրացիան, դա էլ հօդս ցնդեց, և այսօր Կովկասում բաժանարար գծերն այնքան են խորացել, որ չեմ կասկածում՝ իր բացասական հետևանքներն են ունենալու ապագայում:

Տաթևիկ Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել